Ո՞ւմ է ձեռնտու Հոկտեմբերի 27-ի գործին կրկին դիպչելը

Ո՞ւմ է ձեռնտու Հոկտեմբերի 27-ի գործին կրկին դիպչելը

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է  Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է հիմա պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նամակ հղում անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
 

 - Պարոն Շիրխանյանը ևս երկարատև անազատության մեջ է գտնվել. երևի իրավունք ունի անազատության մեջ գտնվողին գրելու: Իսկ իր փոխարեն ես պատասխանել չեմ փորձի, թեև շատ բան պարզ է ինձ համար, մանավանդ որ մասնակիցն եմ եղել ՊՆ-ում հետհոկտեմբերքսանյոթյա չարչրկված հավաքին և հայտարարության տեքստն էլ ինքս եմ գրել, որը մեկ թե երկու օր անց «ղզիկացված» և ամորձատված հրապարակվեց:

 - Որքանո՞վ է տեղին, երբ նամակում Վահան Շիրխանյանը հիշատակում է Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Վահրամ Խորխոռունու, Լեոնարդ Պետրոսյանի խոսքերը, երբ նրանք ողջ չեն։
 

  - Պարկեշտ չէի համարի պարոն Շիրխանյանի փոխարեն խոսել, առավել ևս՝ դատել նրա վարքը:

  - Ինչպիսի՞ն պետք է լինի իրավապահ մարմինների արձագանքը Վահան Շիրխանյանի նամակին։

  - Եթե պարոն Շիրխանյանի այս նամակում ավելի տեղեկույթ կա, քան նրա նախաքննական ցուցմունքներում, ապա իրավապահ մարմինների՝ օրենքով նախատեսված պարտավորությունն է, որ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացեն: Պարզապես այլ խնդիր է, թե ում է ձեռնտու այժմ կրկին այդ գործին դիպչելը: Անձամբ վստահ եմ, որ այդ գործը կարող է բացահայտվել բացառապես այն ժամանակ, երբ մենք իրոք անկախ երկիր կդառնանք: