Եթե պետությունը դատի տա հեղինակին, ես կանգնելու եմ հեղինակի կողքին

Եթե պետությունը դատի տա հեղինակին, ես կանգնելու եմ հեղինակի կողքին

Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել տարբեր ոլորտներում, արդյո՞ք վերացել են մենաշնորհները, բիզնեսի համար ստեղծվե՞լ են ավելի բարենպաստ պայմաններ։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ պետական քաղաքականությունը կրել է փոքր-ինչ փոփոխություն։ 

«Պետպատվեր-պետական աջակցությունը հիմնականում դուրս են մղվել։ Բայց կան երեւույթներ, որոնք պահպանվել են։ Օրինակ՝ պետությունը գիրք է ֆինանսավորում կամ հեղինակին վճարում է։ Իսկ վաղը այդ հեղինակը լավ գիրք կներկայացնի, թե վատ՝ պետությունը եթե դատի տա հեղինակին, ես կանգնելու եմ հեղինակի կողքին։ Բարի եղի՛ր, մի՛ գայթակղիր եւ հեղինակից մի՛ պահանջիր պրոդյուսերական կամ մենեջերական աշխատանք։ Իշխանությունը էապես փոխել է գրքի նկատմամբ վերաբերմունքը։ Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը 10-12 տարի առաջ իր թերթի էջերում հայ գրականությունն էր խրախուսում, գովազդում։ Եվ հիմա ակնհայտ է, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա կողքին կանգնած մարդիկ որքան դրական են վերաբերում գրքին»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը։ 

Միաժամանակ նա հիշեցնում է՝ մշակույթի նախարարությունը կամ որեւէ այլ նախարարություն չպետք է մտնի բիզնեսի մեջ։  

Արմեն Մարտիրոսյանը նշում է․ «Բիզնեսը պետք է լինի ազատ եւ չկաշկանդվի պետության կողմից տրված գումարներով։ Երբ մշակույթի նախարարությունը ֆինանսավորում է մեր հրատարակչության գրքերից մեկը, իսկ մյուսները չի ֆինանսավորում, այդ գիրքը շուկայում ունենում է էապես մեծ առավելություն մյուսների նկատմամբ, ինչը խաթարում է մրցակցությունը։ Իսկ որպեսզի ապրանքների եւ ծառայությունների որակը բարձրանա՝ մրցակցությունն անհրաժեշտ է օդ ու ջրի պես»։

Մշակույթի եւ կրթության եւ գիտության նախարարությունների առաքելությունը, ըստ Արմեն Մարտիրոսյանի, այն է, որ այդ ասպարեզ բերի նոր մարդկանց, չընթերցողին դարձնի ընթերցող, թատրոն չգնացողին դարձնի հանդիսատես, համերգ չգնացողին դարձնի ունկնդիր, կինոդահլիճ չայցելողին դարձնի կինոսիրող։ Իսկ դա նշանակում է նոր գրքերի, նոր թատրոնների, փառատոնների ծնունդ, որոնք պետությունից կոպեկ չեն ստանա։ 
«Անտարես»-ի տնօրենն առաջարկում է, որ պետությունն իջեցնի հարկերը, այդ ժամանակ էլ բոլոր գրքերը կստանան հարկային արտոնություն։ 

«Չի լինի այնպես, որ Պողոս Պողոսյանի գիրքը ստացել է արտոնություն, իսկ Պետրոս Պետրոսյանինը՝ ոչ։ Չպետք է լինի այնպես, որ պետությունը որեւէ հրատարկչի կամ գրողի սիրի, մյուսին՝ չսիրի։ Այսօր մանկական գիրքը ավելացված արժեքի հարկից ազատելու համար պետք է նամակ գրես կրթության եւ գիտության նախարարությանը, հետո գնաս կրթության ազգային ինստիտուտ, այնտեղ էլ մարդիկ, բան ու գործ թողած, պետք է նստեն ու նայեն՝ այդ գրքերը մանկակա՞ն են, թե՞ ոչ։ Մեր ընկերության օրինակով ասում եմ, որ սուբյեկտիվիզմը հասել է գագաթնակետին։ Երեք բաժին մերժում է գրքերը, որ դրանք մանկական են, երբ գիտեն, որ հաջորդ փուլում կարող ենք դատարան գնալ, եւս մեկ մասնագետ է նայում, որն ասում է, որ դա մանկական գիրք է, կարեւոր նշանակություն ունի»,- նշում  է Արմեն Մարտիրոսյանը։ 

«Անտարես»-ի տնօրենը բերում է ԱՄՆ-ի օրինակը։ 

«ԱՄՆ-ում որպեսզի իմանան, թե 15 տարի անց իրենց քանի քառ․ մետր բանտային տարածք է անհրաժեշտ, հաշվում են, թե այդ պահին 8-11 տարեկան քանի չընթերցող աշակերտ ունեն։ Սա ուղիղ համեմատական է ապագայում բանտային տարածքներ կառուցելուն։ Բայց չէ՞ որ աշակերտը մեծանալով եւ հանցագործ դառնալով՝ միայն բանտային տարածք չի խլում հասարակությունից։ Նա մինչեւ այդ պետք է ջարդի, փշրի, գողանա, սպանի, որի համար հասարակությունը վճարում է»,- հիշեցնում է Արմեն Մարտիրոսյանը։ 
Ըստ նրա՝ չորս տարվա ընթացքում երկուսուկես անգամ գրքի վաճառքի աճ է գրանցվել։

«Եթե գրքից տարեկան միջինը վաճառվում էր 40 օրինակ , ապա այսօր վաճառվում է  100, եւ մինչեւ այդ թիվը չհասնի 500-ի, տպագրական ծախսերը չեն վերականգնվի, մինչեւ չհասնի 3000-5000-ի, թարգմանական ծախսերը չեն վերականգնվի։ Չպետք է համեմատենք սովետական շրջանի հետ, երբ ութ կամ տասն անուն գիրք էր հրատարակվում՝ 50 հազար տպաքանակով։ Այսօր տարբեր հրատարակչություններ մինչեւ 200 նոր անվանում ունեցող գրքեր են հրատարակում, եւ Հայաստանի հրատարակիչները կարողացել են հասնել այդ արդյունքներին»,- նշեց մեր զրուցակիցը։