Արամ Սիմոնյանը սուտ է ասում, բայց նախարարը ամեն դեպքում ասել է

Արամ Սիմոնյանը սուտ է ասում, բայց նախարարը ամեն դեպքում ասել է

ԵՊՀ 100-ամյակի միջոցառումները կազմակերպելու համար կառավարական հանձնաժողով ստեղծելու մասին ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումը, ըստ ռեկտորի, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մերժել է։ Նա իր մերժումը հիմնավորել է նրանով, որ պարզապես չի ցանկանում ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ աշխատել․ «Երբ որ ես ասացի, որ բազմաթիվ անգամներ դիմել եմ, նաև գրավոր, դեռևս անցած տարի, կառավարական հանձնաժողով պետք է կազմվի, որովհետև սովորաբար մեկ տարի առաջ է կառավարական հանձնաժողովը սկսում գործել նման դեպքերում։

Նախարարն ինձ ասաց, որ նոր ռեկտոր պիտի լինի, որի հետ կաշխատեն, ինձ հետ չեն ցանկանում աշխատել, և դրա համար այդ կառավարական հանձնաժողովը չի կազմվում։ Անձամբ Արայիկ Հարությունյանն ինձ նման բան է ասել։ Ինձ ասաց, որ հորդորում է ինձ հրաժարական տալ»։ Արայիկ Հարությունյանն էլ իր ուղիղ եթերով ասաց, որ հանձնաժողով ստեղծելու է, սակայն ռեկտորին այնուամենայնիվ «հորդորել» է հրաժարական տալ․ «Չեմ հասկանում, թե ինչու էր Արամ Սիմոնյանը այդ մեծ տոնի օրը խուճապահար նիստ հրավիրում, որովհետև այն խոսակցությունը, որին նա հղում էր անում, տեղի էր ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ, և եթե դրա հետ կապված մտահոգություններ ուներ, պետք է անմիջապես գիտխորհրդին այդ մասին տեղյակ պահել։ Արամ Սիմոնյանը ստում է, որ 100-ամյակի միջոցառումները մենք խափանում ենք և 100-ամյակի միջոցառումներ չեն լինելու։

Շաբաթներ առաջ նույն Սիմոնյանի հետ հանդիպելուց հետո ես գնացել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, և նրա հետ միասին քննարկել ենք, որ շատ մեծ շուքով նշելու ենք ԵՊՀ 100-ամյակի միջոցառումները, և ես վարչապետից նման հանձնարարական ստացել եմ։ Ինչ-որ բաներ հանձնաժողովի հետ կապված մենք ունենք մտածած, հանձնաժողովը չի ստեղծվել միայն մեկ պատճառով, որ ես գլխավորում եմ նաև Թումանյանի 150-ամյակի և Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովները, և զուտ տեխնիկական պատճռներով այդ հանձնաժողովը ստեղծված չէ։ Այսինքն՝ Սիմոնյանի այն պնդումը, թե իր անձի հետ է կապված չստեղծումը, սուտ է և կեղծիք է։

Ես կարծում եմ, որ Սիմոնյանը այս ամիսներին շատ լայն հնարավորություն էր ստացել արժանապատիվ գործելու, որովհետև ինքնակառավարման այնպիսի լայն հնարավորություններ, որոնք այս իշխանության օրոք են ստացել, երբևէ չեն ունեցել։ Նա կարող էր իրեն բավականին արժանապատիվ պահել և նման կեղծիքի չգնալ։ Ինչ-որ արժանապատվության նշույլներ տեսա, բայց այն կեղծիքը, որ նա արեց գիտխորհրդի նիստի ժամանակ, վերջանականապես ցույց տվեց, թե ինչպիսի ղեկավար է նա եղել, է և ուզում է լինել»։

«Մենք Արամ Սիմոնյանի հետ ունեցել ենք զրույց, և այդ զրույցի վերջում ես իմ մտահոգությունն եմ հայտնել և հորդորել նաև, որ չեմ պատկերացնում իր մասնակցությունը 100-ամյակին։ Որովհետև, ըստ էության, բոլոր այն խախտումները, նեգատիվը, որ կա համալսարանում, ուսանողների, դասախոսների սահմանափակումներ, բուհի ինքնավարությունը պլինտուզի մակարդակի իջեցնել»։