«Իրենք իրենց համար են կրակել, թող չկրակեին»․ Վահագն Հարությունյանին դեռ բախտը ժպտում է

«Իրենք իրենց համար են կրակել, թող չկրակեին»․ Վահագն Հարությունյանին դեռ բախտը ժպտում է

Մարտի 1-ին օգտագործված «շուրջ 1000» պարկուճների կեղծմանն առնչություն ունենալու համար մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին այս պահի դրությամբ դեռ բախտը ժպտում է։ Երեկ վերաքննիչ դատարանը վերացրեց նրան կալանավորելու որոշումը։ Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը մեզ հայտնեց, որ դեռ չի ծանոթացել դատարանի որոշմանը։ «Ես մոտ 40 էջ ծավալով բողոք եմ գրել։ Թե այդ 40 էջերում թվարկածս հիմքերից որն է դատարանը հիմնավոր համարել, չեմ կարող ասել»,- պատասխանեց նա։ Չհայտնեց նաեւ որոշումը բեկանող դատավորի անունը։ «Անձն այս որոշման մեջ ոչ մի նշանակություն չունի»։

Սակայն դատավորի անունը պարզելը դժվար չէր՝ Սերգեյ Մարաբյան, որը վերաքննիչ քրեական դատարան է տեղափոխվել անմիջապես հեղափոխությունից առաջ՝ Սերժ Սարգսյանի մարտի 15-ի հրամանով։ Տեղեկանքի կարգով․ սա այն դատավորն էր, որը դատում էր «Սասնա ծռերից» Պավլիկ Մանուկյանին՝ դատավոր Արտյուշա Գաբրիելյանին «ցռան մոզի» անվանելու համար։ Այդ դատավարությունն այդպես էլ ավարտին չհասավ։ ՀՔԾ-ն հայտնում է՝ հիմքեր ունի պնդելու, որ Վահագն Հարությունյանն է կազմակերպել պարկուճների կեղծումը։ Ոստիկաններին տարել կրակել են տվել Արարատի մարզում եւ հավաքելով պարկուճները՝ բերել փոխարինել են մարտի 1-ին կրակվածների հետ։ Կեղծիքին, ըստ ՀՔԾ-ի, մասնակցել են այլ քննիչներ եւ ոստիկանության դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնի փորձագետներից։

Դատարանի որոշումը՝ առանձնապես ծանր հանցագործության՝ ապացույցների կեղծումը կազմակերպելու մեջ մեղադրվող պաշտոնյայի կալանքը վերացնելու, կալանքից ազատելու մասին, անսպասելի էր, բայց առավոտվանից այլ հարց է ակտուալ։ Ինչպես հայտնի է, Հարությունյանը ՌԴ քաղաքացի չէ, եւ նրա արտահանձնումը, ի տարբերություն պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեպքի, ՌԴ սահմանադրությամբ արգելված չէ։ Հայտարարելով հետախուզում, ունենալով կալանքի որոշում՝ ի՞նչ են ձեռնարկել մեր իրավապահները Հարությունյանին Ռուսաստանից Հայաստան բերելու համար, ՌԴ իշխանություններին արդյոք ներկայացրե՞լ են նրան արտահանձնելու պահանջ։

Մեր այս հարցին ՀՔԾ-ից հետեւյալը պատասխանեցին․ «Նման պահանջ ներկայացվում է, երբ որ անձը հայտնաբերվում է։ Իսկ Վահագն Հարությունյանը դեռ չի հայտնաբերվել»։

Պատասխանից հետեւում է, որ ՀՔԾ-ն չգիտի Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը։ Մինչդեռ երեկ armdaily.am-ին սկայպով հեռարձակված ծավալուն հարցազրույցում Վահագն Հարությունյանը պարզաբանեց, որ քննիչներին հայտնի է եղել իր գտնվելու վայրը։ Հայաստանից մեկնելու պահին նա ունեցել է վկայի կարգավիճակ, ինչի վերաբերյալ երկու անգամ ծանուցում է ստացել։ Վկան կարող էր մեկնել երկրից։ Իսկ Մոսկվայից ինքը զանգահարել է քննիչներին, հայտնել իր գտնվելու վայրն ու կոնտակտային տվյալները։ «ՀՔԾ-ն գնացել է կեղծիքների, մեզանից թաքցրեցին, որ որոշում է կայացված ինձ որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ»,- ասում է Հարությունյանը։

Հետախուզման որոշումը եւս ապօրինի է նա համարում․ «Դրա համար երկու հիմք է նախատեսվում՝ մեղադրյալը պետք է խուսափի կամ թաքնվի քննությունից, իսկ երբ որ զանգում ես քննիչին ու ասում ես քո հեռախոսահամարն ու գտնվելու վայրը, հետեւապես, չես թաքնվում»։ Իր՝ որպես մեղադրյալ ներգրավվելու մասին նա տեղեկացել է մամուլից։ Հարությունյանի խոսքից հետեւում է, որ, նախ՝ ՀՔԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել՝ խախտելով Քրեական դատավարության օրենսգիրքը, եւ երկրորդ՝ տեղյակ է եղել ե՛ւ նրա գտնվելու վայրի մասին, ե՛ւ հնարավորություն է ունեցել նրան զանգահարել ու կանչել։

Լավագույն դեպքում կարելի է ենթադրել, որ ռուսական կողմի հետ հարաբերություններում մեր իրավապահները մեծ զգուշավորություն են ցուցաբերել, իսկ վատագույն դեպքում՝ որ կատարում են այն, ինչ թելադրում են ՌԴ-ից։ Իսկ ՌԴ իրավապահ մարմինները պետական ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ ոչ միայն հարկադրանքի միջոցներ չեն կիրառել, ինչի պարտավորությունը ստանձնել են միջպետական պայմանագրերով, այլեւ գոնե թաղայինի մակարդակով բացատրություն չեն վերցրել։ Հայաստանն էլ սրա վերաբերյալ ոչ մի բողոք ռուսական կողմին չի ներկայացրել։ Իր նկատմամբ հետախուզում հայտարարելը Վահագն Հարությունյանը համարում է անձնական վրեժխնդրություն։

Պարկուճների կեղծումը կազմակերպելու վերաբերյալ մեղադրանքի մասին նա ասում է․ «Մեղադրանքում վերացական ձեւակերպումներ չեն կարող լինել։ Շուրջ 1000 պարկուճ են նշում։ Ինչի՞ց վերցրին, որ այդքան է եղել։ Նրանք մոռանում են, որ հայտնաբերված պարկուճների մեջ չկա, թե ինչ զենքից են դրանք կրակվել»։ Նաեւ պնդել է, որ կապ չունի Արարատում հնչած ոստիկանների կրակոցների հետ․ «Իրենք իրենց համար կրակել են, թող չկրակեին, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ»։ Վահագն Հարությունյանը վստահություն է հայտնել, որ իր նկատմամբ հետապնդման նոր փուլ է սկսվելու, «որովհետեւ հասկացել են, որ այս մեղադրանքը կյանք չունի»։

Սա այն քննիչն էր, որը մարտի 1-2-ի դեպքերից անմիջապես հետո զանգվածային անկարգության մասնակիցների դեմ քրեական հետապնդումներ էր իրականացնում։ Այն քննիչը, որն այնուհետեւ թոզ փչելով հանրության աչքին՝ ցույց էր տալիս, թե ամեն ինչ անում է Մարտի 1-ը բացահայտելու համար, սակայն չբացահայտեց։ Սա այն քննիչն էր, որ 2011 թվականին հայտարարեց, որ մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառումը եղել է օրինական։ «Ես կուզեմ, որ նա իր հարցազրույցները տար Հատուկ քննչական ծառայությունում, ոչ թե անհայտ վայրերից, համացանցի միջոցով։ Թող գա, այդ բոլորը ներկայացնի վարույթն իրականացնող մարմնին»,- ասում է մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։