ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝  տարածաշրջանում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝  տարածաշրջանում

ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր հրավիրած ճեպազրույցում նախ հիշեց, որ լրացել է  մայիսի 12-ին լրացավ ՀՀ-ի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ կնքված հրադադարի համաձայնագրի 25-ամյակը։ Եվ այդ առթիվ Զոհրաբ Մնացականյանը հոդված էր հրապարակել համաձայնագրի կնքման, նրա կառուցողականության եւ շոշափելի արդյունքների մասին։ 

Աննա Նաղդալյանը նշեց, որ մայիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը։ Այս ընթացքում տեղի է ունեցել նաեւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությունը, որին կհաջորդի հունիսի 4-ին արտգործնախարարի այցը Նիկոսիա։ Կարեւոր է նաեւ հունիսի 27-28-ին հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը։

Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ հաշված ժամեր անց Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու են գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցմանը, նոր գլխավոր քարտուղարի նշանակմանը վերաբերող հարցեր։ 
Իսկ ահա մայիսի վերջին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, համանախագահներն էլ, ի դեպ, առաջարկել են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Նախատեսված է, որ համանախագահները լինելու են Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում։ 

Հունիսին էլ Բրյուսելում նախատեսված է ՀՀ-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը, որը վարելու են Զոհրաբ Մնացականյանն ու Ֆեդերիկո Մոգերինին։