Տնտեսագիտականում Ռուբեն Հայրապետյանին գրկաբաց չեն ընդունել

Տնտեսագիտականում Ռուբեն Հայրապետյանին գրկաբաց չեն ընդունել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում երեկ նշանակված Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանի դեմ տեւական ժամանակ խուլ դժգոհություն է եղել։ ՀՊՏՀ կառավարման ամբիոնի 23 աշխատակիցների եւ ամբիոնի վարիչ նշանակված Հայրապետյանի հարաբերությունները լարված են եղել, եւ ներսում պատերազմական վիճակ է եղել։

Մենք հետաքրքրվեցինք՝ բուհի ռեկտորի ԺՊ-ն եւ ԿԳ նախարարի ԺՊ-ն արդյոք ընկերնե՞ր են, Հայրապետյանն ասաց, որ ծանոթացել են 3 շաբաթ առաջ, ու նկատեց՝ եթե 3 շաբաթվա ընկերությունն ընկերություն է, ուրեմն համարեք, որ ընկերներ ենք։ Ինչ վերաբերում է բուհի երկարամյա կարկառուն եւ հանրապետական ռեկտոր Կորյուն Աթոյանի հրաժարականին, ապա սրա հետեւում, ըստ մեր աղբյուրի, նրա կեղծ  դոկտորական ատենախոսության մասին մամուլի հրապարակումներն են։

Ըստ այդ հրապարակումների, Աթոյանը ժամանակին ներկայացրել է, որ իր դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 1996 թվականին, Մոսկվայում, ՌԴ շինարարության նախարարության էկոնոմիկայի, շինարարության կառավարման կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում։ Տվյալ բուհը, սակայն, պարզվում է, գրեթե անհայտ մի հաստատություն է, որի մասնագիտական Д. 033.13.01 խորհուրդը 2006 թվականից այլեւս գոյություն չունի, լուծարվել է որոշակի խախտումների համար:1997-1998 թթ. Հայաստանում գործող կարգի համաձայն, Կորյուն Աթոյանի տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի ատենախոսության ՌԴ վկայագիրը պետք է համապատասխանեցվեր ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ-ի) վկայագրին, եւ նա ճանաչվեր տնտեսագիտության դոկտոր։ Եվ դրա համար պետք է ներկայացվեին որոշ փաստաթղթեր։

Մինչդեռ Աթոյանը թեկնածուի գիտական աստիճանի վկայագիրը եւ դրա պատճենը, ՀՀ-ում գիտական աստիճանի վկայագրերի համապատասխանեցման կարգի խախտմամբ, չի ներկայացրել ԲՈՀ: Չի ներկայացրել նաեւ ատենախոսությունը, ներկայացրել է միայն ատենախոսության սեղմագիրը։ Սա բուհի այլեւս նախկին ռեկտորին վերագրվող մեքենայությունների մի փոքր հատվածն է։ Ի դեպ, առանց դոկտորի գիտական աստիճանի Կորյուն Աթոյանն ուղղակի չէր կարող դառնալ բուհի ռեկտոր եւ տարիներ շարունակ պաշտոնավարել։ Ինչպես նշեց մեր զրուցակից դասախոսը՝ հնարավոր է Աթոյանի նկատմամբ գործ հարուցվեր, վերջինս, կանխելու համար այդ զարգացումները, դիմում է գրել, հեռացել։