Քաղաքապետարանի ՀՈԱԿ-ը դառնալու է «Յունիգրաֆ-2»

Քաղաքապետարանի ՀՈԱԿ-ը դառնալու է «Յունիգրաֆ-2»

«Հրապարակին» մի խումբ կենդանասերներ պատմել էին քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում տիրող վիճակի մասին։ Որ չունեն կամ չեն ունեցել կշեռք, ինչի հետեւանքով շներին «աչքաչափով» են ստերջացումից առաջ թմրամիջոց ներարկել, որ ինչ-որ ժամանակ սառնարան չեն ունեցել, ինչի հետեւանքով պատվաստանյութերը կարող էին շարքից դուրս գալ, որ ՀՈԱԿ-ում անմարդկային եւ էթիկապես անընդունելի վերաբերմունք է։ Երբեմն նաեւ՝ դաժան։ «Երկու հատ ձագ, գդալով «տվարոգ-սմետան» եմ տվել, Գուգոն տարավ սպանեց․ բնակիչն արտասվում է» նյութում զրուցել էինք նաեւ ՀՈԱԿ-ի փոխտնօրենի ու տնօրենի հետ, ովքեր ամենայն պատասխանատվությամբ հայտարարել էին, թե սուտ է ամենը՝ սառնարան 3 օր չեն ունեցել, կշեռք ունեն, պատվաստանյութերի պահպանման պայմանները նորմալ ապահովում են եւ այսպես շարունակ։ Հոդվածը կարդացել եւ ահավոր վրդովվել էր ապրիլի 1-ից Հայաստան տեղափոխված մի կենդանասեր, որը, որպես կամավոր, աշխատելիս է եղել այդ կազմակերպության հետ։ «Հրապարակի» հարցազրույցը կենտրոնին աջակցելու համար ԱՄՆ-ից Հայաստան եկած Հրանտ Դավոյանի հետ։

- Հրանտ, ինչո՞ւ եկաք Հայաստան։

- Տասնհինգ տարի ապրել եմ ԱՄՆ-ում, ապրիլի 1-ից եկել եմ այստեղ, որպեսզի զբաղվեմ կենդանիների պաշտպանությամբ։ Որ իմ լուման ներդնենք, որ կարողանանք ինչ-որ մի փոփոխություն անենք։ Ես եղել եմ քաղաքապետարանում նախագծի մենեջեր, սկզբում՝ որպես կամավոր։

- Ասացին, որ դուրս եք եկել աշխատանքից։

- Այո, որովհետեւ չկարողացա տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ, եւ չեն թողնում որեւէ փոփոխություն անել։

- Եվ ի՞նչ է կատարվում։

- Կատարվում է այն, որ կենդանիների նկատմամբ էթիկական ստանդարտները ոտնահարվում են, չեն պաշտպանվում։ Ես կասեմ, որ դա նաեւ դաժան վերաբերմունք է։ Իրենք հոդվածում նշել էին, թե վակցինացիաները պահել են սառնարանում․ սառնարանում չեն պահել իմ՝ կլինիկայում եղածս 2 շաբաթվա ընթացքում։ Կարդացի, որ ասում են՝ 3 օր չի եղել, այլ ֆիրմայից եկել, սառնարանային արկղերով տարել են։ Դա ճիշտ չէ, դա ապատեղեկատվություն է։  Սուտ են խոսում, ես նկարն ունեմ, երբ դեղը սառույցի ամաններով տանում էին տուն, բերում էին։ Բայց այդ սառույցի ամանն էլ ողջ օրն իր ջերմաստիճանը չէր պահում։

- Բայց ՀՈԱԿ-ի տնօրենն ասաց, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ թող բռնեն փողոցում թափառող որեւէ շուն, որն իրենց կենտրոնում է եղել, եւ ստուգեն՝ արյան մեջ կատաղության դեմ վակցինա կա՞, թե՞ ոչ։  Ասաց՝ 1 տարի պետք է ցույց տա։ նաեւ՝ եթե դեղը փչացած լինի, պատվաստանյութի վակցինացիա ցույց չի տա։

- Դա աբսուրդ է, անասնաբուժական նման բան չկա։ Դու կարող ես շանը վակցինացիա անես, մեկ ամիս հետո ինքը կարա ցույց տա, որ նորմալ ա ամեն ինչ։ Իսկ մի ամսվա ընթացքում ցույց տա, որ ունի հիվանդություն, որովհետեւ վակցինացիան ազդում է այդ թեստի ընթացքում։

- Այսինքն՝ կարող է եւ չլինե՞լ արյան մեջ։

- Կարող է եւ չլինի։

- Կշեռքի հետ կապված հայտարարեցին, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են՝ ունեն։

- Ոչ, ես ունեմ նաեւ լուսանկարներ, որ կշեռք չի եղել, 3 շաբաթ հետո բերեցին։ Ու էդ բերած կշեռքն էլ նորից չէր աշխատում։ Իրենք սկսել են գործել մարտից, իրենց մոտ գնացել եմ մայիսի 12-ից, այնտեղ կշեռք չի եղել։

- Ասե՞լ եք՝ ինչո՞ւ չկա։

- Ասում են՝ սպասում ենք տենդերին՝ ֆինանսների հետ կապված։ Իրենք ասում են, որ միջազգային ստանդարտների ՀՈԱԿ են ստեղծել, բայց միջազգային ստանդարտով կենտրոնում չեն կարող բարձր ջերմաստիճանով շանը բերել (շոգին մեքենայում փակված են եղել, մինչեւ բոլորին հավաքել -երել են կլինիկա) եւ նարկոզի տակ դնել առանց հովացման սիստեմ միացնելու։ Ասում են՝ ավելորդ գումար է։

- Այսինքն՝ իրականում կենտրոնում կենդանիներին տանջո՞ւմ են։

- Այո։ Նարկոզի տակ եղած շանը կարտոֆիլի պարկի նման բերում-դնում են վանդակի մեջ։ Ես իրենց ասացի, որ գալիս եմ, որ կենդանիների հետ վարվելու ստանդարտները պահպանվեն։

- Իսկ երբ ասում էին, որ տենդերին ենք սպասում, Դուք չէի՞ք ասում, որ մի արեք, մինչեւ լինի։

- Ասել եմ՝ եթե դուք պատրաստ չեք, չեք կարա անեք։ Իրենք ասում էին, որ իրենք միշտ ըտենց արել են, նորմալ անում են։ Ու նորմալ ա։ Պրատակոլներ չկան, ոչ մի։ Դեղերի հետ կապված, բժիշկների․․․

 - Իրենք ամեն շան համար ինչ-որ վարձատրություն ստանո՞ւմ են։ 

- Իմ իմանալով՝ իրենք ստացել են 170 միլիոն դրամ (ամբողջ ծրագրի համար)՝ ծրագիրը սկսելու համար։ 

- Իսկ իրենց աշխատավարձե՞րը։

- Շուն բռնողներինը՝ 120 հազար, գումարած՝ ամեն շուն բռնելու համար առանձին վճարվում են։

- Այսինքն՝ իրենք շահագրգռված կարող են լինել անընդհատ շուն բերելու։

- Այո։ Ու բերում են ընենց շներ․․․ ձագեր, երբ չի կարելի անել, ձագերը ստերջացման ենթակա չեն։

- Մեզ զանգահարել էր մի կին եւ արտասվելով պատմում էր, որ բակում 9 ձագ է պահելիս եղել, Գուրգեն անունով շուն հավաքողը եկել 2-ին տարել է, թեեւ ինքն ասել է, որ ձագ են՝ «Գուգո, մի տար»։

- Այո։ Մի բան էլ տեսա եւ զարմացա, որ չունեն ինֆեկցիոն կարանտինի սենյակ։ Խնդրում էի, ասում էի՝ կարանտինի սենյակ հատկացրեք։ Ու եղավ դեպք, երբ տեսա, որ ինտերիտով 2 ձագ կա, ու զարմացա, որ հիվանդ ձագերը պահվում են բոլոր շների հետ։ Ու երբ ասացի, հանեցին էդ շներին, վանդակով դրեցին դուրսը՝ արեւի տակ։ Հիվանդ շներին՝ դուրսը՝ զիբիլի պես։ Ու ոչ մեկին չէին հետաքրքրում էդ շները։ Զանգել եմ անասնաբուժական կենտրոն ու իմ ֆինանսական միջոցներով տարել եմ էդ երկու ձագին բուժել։ Մինչեւ հիմա իմ տանն են ու որդեգրվելու են Ամերիկա։

- Իսկ Դուք դա սադիստական վերաբերմո՞ւնք եք համարում, թե՞ չիմացություն։

- Ես դա համարում եմ տգիտոթյուն ու հիմարություն։ Բայց ամենավատն այն է, որ չեն էլ ուզում սովորել։ Սկզբից ասում էի, որ պետք է ունենալ կարանտինի սենյակ, որովհետեւ հիվանդ շներ շատ կլինեն։

- Իսկ վիրահատությունների որա՞կը։

- Կարող է՝ մեկի արածը որակով է, մեկինը՝ ոչ, բայց… ընդհանուր վերաբերմունքը։ Ես շատ զարմացա, որ շանը բաց թողնելուց իրեն պետք է ցավազրկող սրսկեն «Մելոքսիկամ», որն ամենալավ իրավիճակում կարող է ընդամենը 12 ժամ ցավազրկի։ Իրենք սրսկում են մի օր առաջ՝ վիրահատությունից հետո, եւ վիրահատված շանը առանց ցավազրկողի բաց են թողնում ու ասում են՝ 48 ժամ է պահում «Մելոքսիկամը»։

- Դուք կարո՞ղ եք ասել՝ որ այդ պետական փողերը մսխվում են՝ այդ ծրագիրը նորմալ չկատարելով։

- Այո, մսխում են, եւ մասնագետներ չեն։ Ես զարմանում եմ՝ ո՞նց է պարոն քաղաքապետը նման նշանակումներ անում, որ ոչ մասնագետը եկել է ու փորձում է ինչ-որ մի բան անի։ Դա դառնալու է «Յունիգրաֆ 2»։