«Հրապարակ». Գորիսում թեժ մարտեր են`Պապիկյանը պայքարում է նոր դիրքեր նվաճելու համար

«Հրապարակ». Գորիսում թեժ մարտեր են`Պապիկյանը պայքարում է նոր դիրքեր նվաճելու համար

Մենք արդեն գրել ենք, որ «Քաղպայմանագրի» լիդերների շրջանում թեժ մարտեր են ընթանում՝ իշխող կուսակցության ապագա վարչության եւ խորհրդի կազմում հնարավորինս շատ յուրայիններ ունենալու, այդպիսով իրենց ազդեցությունը մեծացնելու, որոշումների կայացման ժամանակ դերակատարում ունենալու նպատակով: Գրել էինք նաեւ, որ այդ հարցում առաջամարտիկը պաշտպանության նախարար, ՔՊ վարչության գործող նախագահ Սուրեն Պապիկյանն է, ով ամենուր փորձում է իր մարդկանց մտցնել ՔՊ ղեկավար մարմիններ, դարձնել ՔՊ տարածքային խորհուրդների նախագահներ, ինչը նշանակում է վերահսկել տվյալ մարզի, համայնքի, տարածքի կուսակցականներին:

Տեղեկացանք, որ Պապիկյանի գործոնով պայմանավորված՝ տեւական ժամանակ ձգձգվում է Գորիսում ՔՊ տարածքային խորհրդի ձեւավորման հարցը: Դեռեւս անցած ամիս Կապանում տարածքային խորհրդի ձեւավորումից հետո կուսակցությունում որոշել էին, որ մեկ շաբաթ, առավելագույնը տասն օր հետո պետք է նաեւ Գորիսում ՔՊ խորհուրդ ընտրեն, սակայն շաբաթներ են անցել, իսկ Գորիսում այդպես էլ ընտրությունը չի կայանում: Քանզի Սյունիքում հայրենի սահմաններն անառիկ պահելու փոխարեն Պապիկյանը խնդիր է դրել իր ազդեցության տակ վերցնել Գորիսի տարածքային կուսակցական կառույցը, իսկ դա առաջացրել է տեղի կուսակիցների վրդովմունքը: 

Բանն այն է, որ Գորիսում ՔՊ-ական մեծամասնությունը պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի կողմնակիցներն են: Մեզ ասացին, որ չնայած Խաչատրյանն անձամբ ցանկություն չունի ղեկավարել կուսակցական մարմինը, քանի որ կարծում է, որ իր նախկին լինելու փաստը կարող է շահարկումների առիթ դառնալ, սակայն չի էլ պատրաստվում մի կողմ քաշվել եւ Գորիսում էստաֆետը հանձնել ուրիշներին: Ուստի տարածքային ղեկավարի թեկնածուի փնտրտուքի մեջ է եւ իր դրածոյի միջոցով է ցանկանում պահպանել դիրքերը:  
Իսկ նախարար Պապիկյանը դեմ է Արմեն Խաչատրյանին, նա Գորիսում իր թեկնածուն ունի եւ արդեն տեւական ժամանակ է՝ Սյունիքի նախկին մարզպետ, այժմ իր խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի միջոցով այդ թեկնածուի լոբբինգով է զբաղված: Թեկնածուն Սյունիքի նախկին փոխմարզպետ Կարո Ավանեսյանն է` Մելիքսեթ Պողոսյանի կամակատարը, ով հեռացավ Պողոսյանի հրաժարականից հետո, քանի որ անցնում էր մի քրեական գործով:

Հիշեցնենք․ Կարո Ավանեսյանին դեռեւս այս տարվա հունիսին մեղադրանք է առաջադրվել։ Նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, զբաղեցնելով Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր 2021 թ․ գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման տարում 183 եւ ավելի օր անձի հետ համատեղ բնակվելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալը»:
Ավանեսյանը փոխմարզպետի պաշտոնից ազատվել է ապրիլի 22-ին, վարչապետի որոշմամբ: Մենք դեռ ազատվելուց առաջ էինք գրել, որ նրա վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, սակայն փոխմարզպետը «փրփրաբերան» հերքում էր՝ թերեւս հույս ունենալով, որ ընկերը՝ նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, կջրի այդ գործը։ Ի դեպ, գործն էլ առանձնապես լուրջ հանցակազմ չի պարունակում եւ հարուցվել է քաղաքական կամ նման մեկ այլ միտումով:

Ինչեւէ, չի բացառվում, որ Գորիսում կրկնվի Կապանի սխեման, որտեղ նույնպես երկու մրցակից թեւեր կային, որոնց պայքարի արդյունքում տարածքային խորհրդի նախագահ դարձավ բոլորովին երրորդ թեկնածուն՝ փոխմարզպետը: Իսկ թե երբ տեղի կունենա Գորիսի խորհրդի ընտրությունը, դեռ օրը որոշված չէ, սակայն ժամանակ չկա: Ըստ կուսակցության կանոնադրության, համագումարից մեկ ամիս առաջ արդեն պետք է սկսվի վարչության անդամների նախընտրական քարոզարշավը, այսինքն՝ մինչեւ այդ ժամկետը պետք է խորհուրդները ձեւավորված լինեն, իսկ համագումարը նշանակված է սեպտեմբերի 18-ին: