Եթե որևէ դատավոր ծառայում է որևէ մեկին, ապա դատական համակարգում անելիք չունի

Եթե որևէ դատավոր ծառայում է որևէ մեկին, ապա դատական համակարգում անելիք չունի

ՀՀ նոր իշխանությունները որոշել են Բարձրագույն դատական խորհուրդը վերջնականապես կազմաքանդել, հին կազմը վերացնել եւ այն նորովի հավաքել: Այս գործընթացը սկսվեց դատարանները շրջափակելու ակցիայից, երբ հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, ապա՝ խորհրդի մի քանի անդամներ, եւ ասում են՝ դեռ էլի հրաժարականներ են սպասվում: Հարությունյանի հրաժարականից հետո բացվեց դատավորների լեզուն, նրանք ժողով արեցին ու ամբողջ կուժն ու կուլան ջարդեցին ԲԴԽ-ի գլխին։ Դատարանների դռներն արգելափակելու եւ աշխատանքը խափանելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այս կոչին ԲԴԽ-ից չկարողացան հստակ գնահատական տալ՝ Գագիկ Հարությունյանը նախընտրեց վախվորած, խուսափողական, անատամ մի հայտարարություն տարածել, ապա զենքերը վայր դրեց ու հեռացավ: Նույն վիճակում հիմա նաեւ Դատական դեպարտամենտի նախագահ Կարեն Փոլադյանն է, ում հետ զրուցել ենք այս թեմայով: Փոլադյանն էլ է «հներից» մնացած կադր, ու նա էլ հստակ չի ասում՝ օրինակա՞ն էր դատարաններն արգելափակելու հրահանգը, թե՞ ոչ. վարչապետի գործերն անքննելի են: Երեւի հույս ունի պահպանել պաշտոնը:

«Ասել, որ դատական համակարգում ամեն բան նորմալ է, եւ որեւէ խնդիր չկա, իմ կողմից կլինի անլուրջ։ Այո, կան դատական համակարգում խնդիրներ, որոնց լուծման հետեւից Բարձրագույն դատական խորհուրդը հետեւողականորեն գնում է։ Այդ իսկ պատճառով մշակել է արդարադատության համակարգի բարելավման արդյունավետության համալիր հայեցակարգը, մշակել է երկարաժամկետ եւ կարճաժամկետ գործողությունների ռազմավարական ուղղություններ եւ ամենօրյա գործողությամբ գնում է այդ խնդիրները լուծելու ճանապարհով»,- դեկլարատիվ հայտարարություն արեց Կարեն Փոլադյանը։

- Այդ դեպքում ինչո՞ւ հրաժարական տվեց Գագիկ Հարությունյանը։ Ի՞նքն էր այդ խնդիրների պատճառը։

- Ես կարծում եմ, որ այս պահին հրաժարական ներկայացրած ԲԴԽ-ի նախագահը եւ խորհրդի անդամներն իրենց հրաժարականի դիմումներում պատճառները հանգամանորեն նշել են։

- Դուք մեր դատական համակարգը վեթթինգի ենթարկելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

- Ես, որ անկեղծ լինեմ, պետք է ամբողջությամբ հասկանալ՝ ինչ ընդհանրություններ ունեն պլանավորած վեթթինգը եւ դատական համակարգի մտածած վեթթինգը։ Ես կարծում եմ՝ եթե մարդը չունի անհանգստանալու բան, վեթթինգ ասվածն իր համար ամենօրյա գործընթաց պետք է լինի։ Եվ կարծում եմ՝ ինչ էլ լինի, պետք է լինի բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում։

- ԶԼՄ-ները հրապարակում են դատավորների ունեցվածքի հայտարարագրերը՝ ցույց տալով, թե որքան հարուստ են մեր դատավորները, եւ կասկած կա, որ նրանք օրինական ճանապարհով չեն հարստացել։ Արդյոք չպե՞տք է պարզաբանվի, որ հասկանանք՝ որտեղից այդ դատավորներին միլիոնավոր դոլարների ունեցվածք։

- Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր դատավոր իր հայտարարագրում ներառված ամբողջ ունեցվածքի մասին ունի հստակ պատկերացում եւ կարող է մատնանշել այն աղբյուրները, թե որտեղից են այդ միջոցները գոյացել։

- Վարչապետը վստահ է, որ գործող դատական համակարգը մինչ օրս դեռ ծառայում է նախորդ իշխանություններին, եւ նշում է օրինակներ, ինչպես Քոչարյանի դատավարությունն է։

- Թույլ տվեք չմեկնաբանել վարչապետի խոսքերը, բայց ուզում եմ համոզմունք հայտնել, որ ԲԴԽ-ն ամենօրյա հետեւողական եւ պարբերական քայլերով գնում է այն ճանապարհով, որպեսզի ապահովի դատավորների լիարժեք անկախությունը։

- Այսօր կա՞ն դատավորներ, որոնք անկախ չեն եւ ծառայում են կա՛մ ներկա, կա՛մ նախկին իշխանություններին։

- Ես այդպիսի կարծիք հայտնել չեմ կարող եւ չունեմ որեւէ տեղեկատվություն, որ որեւէ դատավոր ծառայում է որեւէ մեկին։ Իմ կարծիքով՝ եթե որեւէ դատավոր ծառայում է որեւէ մեկին, ապա դատական համակարգում անելիք չունի։

- Պարոն Փոլադյան, վարչապետի հրահանգով քաղաքացիները դատարանների, այդ թվում՝ նաեւ ԲԴԽ-ի դռներն արգելափակեցին։ Դա, Ձեր կարծիքով, իրավակա՞ն գործընթաց էր, թե՞ քաղաքական։

- Այդ հարցին պատասխանելիս կլինեմ բացառապես սուբյեկտիվ, որովհետեւ հարցերի վերաբերյալ ես ունեմ իմ տեսակետը, եւ սա որեւէ մեկի պաշտոնական դիրքորոշումը չէ։ Մենք պետք է հասնենք նրան, որ մեր կատարած գործողությունները լինեն նպատակային եւ ինչ-որ արդյունքի հասցնեն։ Բարձրագույն դատական խորհրդի շենքն արգելափակելը․․․ այդ օրը մենք հանդիպել ենք մի խումբ քաղաքացիների, եւ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ մարդիկ չգիտեին՝ ուր են եկել եւ ինչի համար։ Նույն հաջողությամբ հարցրի՝ դուք ինձ ճանաչո՞ւմ եք, ասացին՝ ոչ, ասում եմ՝ դուք տեղեկացվա՞ծ եք իմ գործունեությունից, ասացին՝ ոչ, ինչո՞ւ եք եկել, ասացին՝ մեզ ասել են՝ եկեք փակեք, եկել փակել ենք։

- Օրենք խախտե՞լ են դրանով։

- Բերեք էդ հարցին մեկնաբանություն չտամ։ 

- Բայց Ձեր ազատ տեղաշարժման իրավունքն են խախտել, հավաքների ազատության մասին օրենքն են խախտել, խափանել են դատարանների աշխատանքը, դա օրենքի խախտո՞ւմ է, թե՞ ոչ։ 

- Ես, ամեն դեպքում, տեղեկություն ունեմ մամուլից, որ որոշ դատավորների կողմից կան ներկայացված հաղորդումներ իրավասու մարմիններին, այդ պատճառով բերեք այս պահին ձեռնպահ մնամ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ ունեցած տեղեկություններով՝ որոշակի քննություն ընթանում է։

- Ասում են՝ ոստիկանությունն այդ օրը պատշաճ չի իրականացրել իր գործառույթները։

- Կներեք, բայց ես իրավասու չեմ ոստիկանության գործունեությանը գնահատական տամ։

- Ինչո՞ւ է ԲԴԽ-ն խուսափում հստակ, առարկայական գնահատականներ հնչեցնելուց։ Կաշկանդվա՞ծ է վարչապետի հայտարարությունները մեկնաբանելու եւ գնահատելու հարցում, թե՞ համարում է, որ օրինական էր այդ ամենը։

- ԲԴԽ-ն այդ կապակցությամբ իր հաղորդագրությունը տարածել է։ Ես ինձ իրավունք չեմ վերապահի մեկնաբանել ԲԴԽ որեւէ որոշում կամ հայտարարություն։