«Նոր» Հայաստանը` 2008-ի վրեժի քաղաքականության թատերաբեմ

«Նոր» Հայաստանը` 2008-ի վրեժի քաղաքականության թատերաբեմ

Նիկոլ Փաշինյանը 2018-ի ամռանը հրապարակավ իր հերթական «փուչիկ» հայտարարությունն արեց, թե «Մարտի մեկի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»: Հասարակությունը բուռն ոգեւորությամբ արձագանքեց այդ հայտարարությանը: Քանի որ մարտի մեկն իրենից ներկայացնում է հանցագործությունների մի ամբողջ փոխկապակցված շղթա, ապա Փաշինյանի հայտարարությունից կարելի էր հետեւություն անել, որ արդեն պարզվել է, թե 2008թ․ նախագահական ընտրություններում ձայների ինչ առավելությամբ էր հաղթել Լեւոն Տեր-Պետրոսյանը, ովքեր են եղել ընտրակեղծարարները, որոնց գործած հանցագործությունը ստիպել էր ընդդիմությանը դիմել շուրջօրյա հանրահավաքների, եւ հայտարարել, որ ընտրություններում հաղթել է Տեր-Պետրոսյանը, իսկ «մոնղոլ-թաթարները» կեղծել են արդյունքները:

Նշանակում է նաեւ, որ մեկ առ մեկ հայտնի են տասը զոհերին սպանողների անունները, հայտնի են, թե ովքեր են այդ օրը խանութներ թալանել, մեքենաներ այրել, ով էր այն կինը, որ սադրիչ հայտարարություն էր արել, թե Ազատության հրապարակում ոստիկանները երեխա են սպանել, ինչու ցույցի առաջնորդներն ամբոխին թողեցին միայնակ ու անկառավարելի, այդ ինչից էին հրճվանք ապրում օրվա գլխավոր դերակատարներ Ալիկ Արզումանյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ զրուցում էին հեռախոսով, նաեւ՝ թե ով է հրաման տվել զորքը բերել մայրաքաղաք, ովքեր են եղել հրաման կատարողները եւ այլն։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել: Սրանց պատասխաններն ունենալու դեպքում միայն կարելի է գլուխ գովել, թե Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված է: Մինչդեռ, պարզվում է, «բացահայտում» ասելով՝ Փաշինյանը նկատի ունի միայն Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, իսկ այդ հարցում նրան օգնության է գալիս Սիլվա Համբարձումյանը, որն ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ մի հայտարարություն է արել եւ հիմա էլ հերքում է այն, թե ինքն անձամբ չէ Քոչարյանին կաշառք տվել: 

Մարտի 1-ն ամբողջությամբ չի կարող բացահայտվել, քանի դեռ երկրում գործում է զանգովի արդարադատությունը, իսկ երկիրը ղեկավարում են այդ օրերի իրադարձությունների բարիկադների տարբեր կողմերում գտնվող շահագրգիռ անձինք: Այն կարող են բացահայտել միջազգային իրավաբաններն ու քննիչները, որոնք կարող են իրականացնել գործի անկողմնակալ քննություն: Իսկ մինչ դրան հասնելը իշխանության եկող ուժերը «բացահայտում են», որ ԱԱԾ-ի արխիվից նյութեր են անհետացել: Գուցե այդ նյութերը հենց մարտի 1-ին առնչվող նյութե՞րն են: 

Փաշինյանը, առհասարակ, իշխանության գալով, ոչ մի լուրջ ու կարեւոր գործ չի արել եւ իր անգործությունը «սվաղում» է անցյալի հետ կռիվ տալու «կարեւոր» գործով: Թե՛ տնտեսությունից, թե՛ արտաքին հարաբերություններից, թե՛, առհասարակ, երկրի զարգացման հետ ցանկացած հարցից խոսելիս, որտեղ ինքը պատասխան չունի, սկսում է հիշել ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին, որը, ի դեպ, ազատության մեջ է, եւ կռվում է նրանց ստվերի հետ: Այսօր արդեն թվում է, թե նա իշխանության է եկել միայն 2008-ի իր անձնական վրեժը լուծելու նպատակով: Իսկ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու դատավարությունը, վերջին օրերի իրադարձությունները, երբ դատարանի բակը դարձել էր «սեւերի» ու «սպիտակների» կռվադաշտ, երբ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դեմ իշխանականները կոչ են անում ամբոխին հավաքվել դատարանի առջեւ՝ շարունակելու հեղափոխությունը: Խափանման միջոց կալանք փոխելը դեռ արդարացում չէ, իսկ նախաքննությունն արդեն ավարտված է, ինչո՞ւ դատավորի որոշումն այսպես փոթորկեց իշխանականներին, վերջիններս էլ հասարակությանը… 

Թվում է, թե պատմության անիվը շրջվել, եկել-հասել է 2008 թ․, պարզապես դերակատարների տեղերն են փոխված, ընդդիմադիր Փաշինյանն արդեն ասֆալտին փռող դուխով վարչապետ է, ոչ թե ընդհատակ անցած ընդդիմադիր գործիչ, իսկ այն ժամանակվա նախագահ Քոչարյանը դարձել է դուխով ընդդիմադիր, եւ ընդհատակ անցնելու գաղափարն անգամ նրա համար վիրավորական է. «Իրանք ո՞վ են, որ ես իրանցից փախչեմ»: Քոչարյանը շարունակում է նախկինի պես իրեն վեր դասել օրենքից. «Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, ու նստած լսելու ես»: 2008-ի դերակատարներից առերեւույթ չի երեւում միայն Տեր-Պետրոսյանը, որը, կարծես թե, նախկինի նման իրադարձությունների գլխավոր սցենարիստն է, բայց գործում է կուլիսների ետեւից: 

Իշխանափոխությունից հետո Փաշինյանը հայտարարեց, թե նոր Հայաստանում լինելու են սեր, համերաշխություն, հանդուրժողականություն: Բայց մեկ տարի այնքան բաժանեց սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, նորերի ու նախկինների միջեւ, որ այսօր օդում միայն զգացվում է ատելության ու չարության, վրեժի շնչառությունը. ամբոխը շրջափակում է ու շշեր նետում Քոչարյանի՝ ոչ մի հանցանքի մեջ չմեղադրվող որդու մեքենայի ետեւից, ի դեպ՝ շիշն արդեն համարվում է զենք, եւ այդ գործով դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Հանրայնացվում է գործը քննող դատավորի տան հասցեն… Փողոցի խուժանը հարձակվում է թոռների հետ զբոսնող դաշնակցականի վրա…  Դպրոցահասակ երեխաները, որ չեն էլ տեսել կամ ճանաչում Քոչարյանին, «Քոչարյա՛ն, մարդասպան» պաստառներով կանգնած են դատարանի առջեւ: 

Այս մթնոլորտը շատ նման է 2008-ին Ազատության հրապարակի մթնոլորտին, երբ ատելություն էր քարոզվում «մոնղոլ-թաթարական» կլանի դեմ: 10 տարի անց եւ մեկ տարուց ավելի այդ ատելությունը շարունակում է քարոզել 2008-ի կարեւոր դերակատարներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը: Այսօր, երբ Հայաստանը կանգնած է լուրջ ներքին ու արտաքին մարտահրավերների առաջ, հասարակությունը լարված հետեւում է դատարանի առջեւ երկու նախկին հակադիր ճամբարների կռվին: Սա ոչ այնքան հնի ու նորի պայքարն է, որքան երկու հների՝  2008-ի տեր-պետրոսյանական եւ «մոնղոլ-թաթարական» ճամբարների կռիվ: Սա Մարտի 1-ի ամբողջությամբ բացահայտում չէ, այսպիսի բացահայտումը հիասթափեցնելու ու կրկնակի ցավ է պատճառելու առաջին հերթին մարտի 1-ի զոհերի հարազատներին… սա մեկ անձի վրեժի քաղաքականություն է: Այդ իրավիճակն ավելի պայթյունավտանգ ու անթույլատրելի է, քան 2008-ի փետրվարին էր… Իսկ մենք Սիրիայի կամ Աֆղանստանի վերածելու հայրենիք չունենք: 

ՀԳ․ Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով հասարակությանը կոչ արեց մայիսի 20-ին, ժամը 20։30-ին փակել բոլոր դատարանների մուտքերը: Մի կողմ թողնենք երեւույթի հակասահմանադրական կողմը եւ եւս մեկ անգամ արձանագրենք, որ սա նույնպես մարտիմեկյան վրեժի շարունակությունն է: Մեկ տարի է, ինչ Փաշինյանը երկրի վարչապետ է, իսկ այդ ընթացքում միշտ էլ եղել են դատական համակարգը փոխելու նրան ուղղված կոչեր, խորհուրդներ, դժգոհություններ, բայց Փաշինյանն այդ մասին հիշեց միայն այն ժամանակ, երբ դատարանը փոխեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: Ասել է թե՝ մինչեւ դատարանը մարտիմեկյան թեմայով «չցավեցրեց» Փաշինյանին եւ նրա կամքին հակառակ որոշում չկայացրեց, Փաշինյանը չհիշեց, որ մեր դատական համակարգը լավը չէ: