ՀՀ մրցակցային մարմինը 2018-ն ամփոփում է մրցակցության ոլորտում ունեցած լուրջ ձեռքբերումներով

ՀՀ մրցակցային մարմինը 2018-ն ամփոփում է մրցակցության ոլորտում ունեցած լուրջ ձեռքբերումներով

Մրցակցության արդյունքում մի քանի անգամ նվազել են գերիշխող տնտեսվարողների մասնաբաժինները 

2018 թվականի ընթացքում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն՝ պարզելու, թե նոր տնտեսվարողների մուտքով պայմանավորված՝ ինչպիսի մրցակցային վիճակ է մի շարք սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում: Այսպես, եթե 2014 թվականին կարագի շուկայում գործել են թվով 24 տնտեսվարողներ, ապա  հետագա տարիներին ներմուծողներն ավելացել են՝ ընթացիկ տարում դառնալով 57: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նշված ժամանակահատվածում նվազել է՝ 74%-ից դառնալով 49%: Ալյուրի շուկայում 2014-ի 30 տնտեսվարողի փոխարեն 2018-ին գործում են արդեն 149-ը, խոշորների  մասնաբաժինն այս դեպքում եւս նվազել է՝ 38%-ից դառնալով 5%, ինչը նշանակում է, որ ալյուրի շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան: Իրավիճակը նույնն է սոցիալական կարեւորության գրեթե բոլոր ապրանքային շուկաներում:  Շաքարավազի մասով 4 տարվա կտրվածքով ներմուծողների թիվը 36-ից դարձել է 62, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 94-ից 78%-ի: Բանան ներմուծող 9 տնտեսվարողի փոխարեն այսօր ներկրմամբ է զբաղվում 21-ը, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է՝ 92%-ից հասնելով 56%-ի: 

1 տարվա ընթացքում ՏՄՊՊՀ-ն իրականացրել է թվով ավելի քան 113 ոլորտային ուսումնասիրություն

Ընթացիկ տարում Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է նաեւ ոլորտային 113 ուսումնասիրություն՝ մրցակցային հնարավոր խնդիրների բացահայտման նպատակով: Ուսումնասիրությունների գերակշիռ մասն իրականացվել է առեւտրի եւ ծառայությունների, սոցիալական ապահովության, հանքարդյունաբերության, ինչպես նաեւ արտադրության, առողջապահության,  գյուղատնտեսության եւ հեռահաղորդակցության ոլորտներում: Կատարված աշխատանքի արդյունքում բացահայտվել, ինչպես նաեւ շատ դեպքերում կանխարգելվել են մի շարք մրցակցային խնդիրներ:

ՏՄՊՊՀ-ն ընթացիկ տարում իրականացրել է ակտիվ աշխատանքներ՝ ԵԱՏՄ տարածքում հայ արտադրողների շահերի պաշտպանության ուղղությամբ

Հայկական երկու խոշոր ընկերություններ՝ «Դուստր Մարիաննան» եւ «Գրանդ Տոբակոն», իրենց արտադրանքը ռուսական շուկայում իրացնելիս հանդիպել էին մուտքի խոչընդոտների, ինչի արդյունքում սահմանափակվել էր նրանց մուտքը ՌԴ շուկա: Հաշվի առնելով, որ խնդիրն առաջացել է ՌԴ-ում, ՀՀ մրցակցային մարմինը գործընկերների հետ համագործակցության արդյունքում հասավ խնդրի լիարժեք լուծմանը: 

2018-ին բացահայտված ավելի քան 202 խնդրահարույց դեպքեր ուղարկվել են պետական այլ գերատեսչություններին

Հանձնաժողովի կողմից կատարված հարյուրավոր ուսումնասիրությունները փաստում են, որ ոչ բոլոր մրցակցային խնդիրներն են գտնվում ՀՀ մրցակցային մարմնի կարգավորման դաշտում: Բազմաթիվ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է այլ պետական մարմինների հետ ակտիվ համագործակցությունը, քանի որ շատ դեպքերում Հանձնաժողովը պայքարում է ոչ թե մրցակցային տվյալ խնդրի պատճառի, այլ հետեւանքի դեմ, իսկ առաջացման պատճառները գտնվում են այլ պետական մարմինների կարգավորման դաշտում: Այսպես, ընթացիկ տարում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են ավելի քան 202 խնդրահարույց գործեր, որոնցից 140-ը՝ պետական գնումների ոլորտում: Բոլոր դեպքերն ուղարկվել են համապատասխան պետական կառույցներին, որոշ դեպքերում դրանց մասին տեղեկացվել է նաեւ իրավապահ մարմիններին: Նշենք, որ թեեւ նախկին տարիների համեմատ պետական գնումների ոլորտում խախտումները նվազել են, սակայն դեռեւս շարունակում են արդիական մնալ մրցակցության տեսանկյունից խնդրահարույց դեպքեր:

2018 թ.-ին մեր երկիրը մրցակցության ոլորտում աննախադեպ առաջընթաց է արձանագրել  

Համաշխարհային տնտեսական ֆորումի այս տարվա գնահատականներով,  Հայաստանը մրցակցության ոլորտում իր դիրքերը բարելավել է 9 կետով եւ ներկայումս աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 28-ի փոխարեն: Նշենք, որ մեր երկիրն առաջատարն է ԵԱՏՄ անդամ երկրներում. Ռուսաստանը զբաղեցնում է 63-րդ, Ղազախստանը՝ 84-րդ, Ղրղզստանը՝ 102-րդ տեղը: Գերազանցում ենք նաեւ տարածաշրջանի, ԱՊՀ անդամ եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների։ Օրինակ․ Վրաստանը գտնվում է 80-րդ, Լիտվան՝ 87-րդ, Լատվիան՝ 58-րդ, Սլովակիան՝ 82-րդ, Հունգարիան՝ 99-րդ, Մոլդովան՝ 119-րդ, Ռումինիան՝ 94-րդ, Ուկրաինան՝ 110-րդ, իսկ Թուրքիան՝ 86-րդ հորիզոնականում։ Այս ֆորումի զեկույցը հանդիսանում է մրցունակության գնահատման միջազգային ճանաչում ունեցող առաջատար աղբյուրը եւ հիմք է հանդիսանում տարբեր միջազգային հարթակներում՝ տվյալ երկրի ընդհանուր զարգացման ցուցանիշը եւ առաջընթացը գնահատելու առումով: