Ճանապարհային քարտեզն էլ վերջնական տեսքի բերեցինք

Ճանապարհային քարտեզն էլ վերջնական տեսքի բերեցինք
Արման Եղոյան

2017թ․ նոյեմբերին կնքվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը 2018թ․ ապրիլի 11-ին միաձայն վավերացվեց Ազգային ժողովի կողմից։ 
Մինչ օրս այդ համաձայնագիրը վավերացրել է 10 երկիր՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Մեծ Բրիտանիան, Դանիան, Ռումինիան, Մալթան։ Դեռեւս 18 երկիր էլ պետք է վավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ 
ԱԺ Եվրոպական ինտեգրման եւ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մյուս երկրների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացն ընթացքի մեջ է։

Հարցին, թե ինչ ժամանակացույց է սահմանվել համաձայնագիրը վավերացնելու համար, Արման Եղոյանը պատասխանեց․ «Տարբեր երկրներում տարբեր է, կախված է տվյալ երկրի խորհրդարանի ծանրաբեռնվածությունից։ Ժամկետներ ասել չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ վավերացման գործընթացի համար չկա որեւէ քաղաքական խոչընդոտ։ Վերջերս համաձայնագիրը մտել է Շվեդիայի խորհրդարան։ Ես կապի մեջ եմ մյուս երկրների դեսպանների հետ եւ, ըստ էության, իրենց կողմից չկա քաղաքական խոչընդոտ։ Խնդիրը իրենց երկրների խորհրդարանների օրակարգում է»։

Մեր դիտարկմանը, թե Հայաստանի իշխանություններն ավելի շատ որպես առաջնահերթություն դրել են վիզաների ազատականացման հարցը, չկա՞ն այլ առաջնահերթ խնդիրներ, Արման Եղոյանն արձագանքեց․ «Եթե կարդաք համաձայնագիրը, կտեսնեք, թե որքան առաջնահերթ խնդիրներ կան այնտեղ, ճանապարհային քարտեզով էլ սահմանվում է ժամանակացույց, թե երբ պետք է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով սահմանված բարեփոխումները տեղի ունենան։ Ի դեպ, հենց երեկ մենք միջգերատեսչական հանձնաժողովում վերջնական տեսքի բերեցինք ճանապարհային քարտեզը՝ դրույթների 80 տոկոսի կիրարկման ուղղությամբ։ Այնպես որ՝ եթե կետ առ կետ եթե նայեք համաձայնագիրը, կտեսնեք, որ շատ առաջնահերթ խնդիրներ կան՝ իրենց վերջնաժամկետներով»։