Մի հատ էլ դեղին քարտ` Ստյոպա Սաֆարյանին

Մի հատ էլ դեղին քարտ` Ստյոպա Սաֆարյանին

Սաֆարյան Ստյոպային որտեղ բռնել եմ, շրջափակելու եմ ու գլխին եղած էն մի երկու մազն էլ պոկեմ: Կատակ չեմ անում: Չգիտեմ` դատախազությունում, ՀՔԾ-ում, ԱԱԾ-ում, ՔՊ-ում, ԻՔ-ում և նմանատիպ այլ «իրավապահ» մարմիններում իմ դեմ ինչ ենթադրյալ գործ կհարուցեն այդ կապակցությամբ, բայց, միևնույն է, Ստյոպա Սաֆարյանին «հասնում ա»:

Այ Ստյոպա, այ իմ երեկվա բարեկամ ու ընկեր, այդ ի՞նչ է պատահել, որ «պոչդ խուզել»` խառնվել ես Նիկոլի բերած էս կլոունադային: Էս ի՞նչ վիճակ է, գո՞հ ես այս վիճակից, որ մի հատ էլ «փնովում ես» Դաշնակցության հանրահավաքը, թե իբր մարդ չկար: Դե ասա` հորս արև մարդ չկար… Չէ, մի խնդա, Ստյոպա … էն ի՞նչ լուսանկար էիր դրել պատիդ ամենաերևացող տեղում, որ Նիկոլից բացի մենք էլ տեսնենք: Ո՞ր թվի նկար էր, ո՞ւմ հանրահավաքն էր, ո՞վ էր նկարել:

Մի հարց տամ, Ստյոպա ջան: Ճի՞շտ է, որ որոշել ես կրկին քաղաքական գործիչ դառնալ: Եսիմ, գնում ԲԴԽ-ի դեմ ցույց ես անում, պահանջում ես Գագիկ Հարությունյանի հրաժարականը, դուխով վատ-վատ խոսքեր ես ասում այդ վաստակաշատ մարդուն: Բա սազո՞ւմ է քեզ` Աշոտյանի շկոլում դաս տված, քաղվերլուծաբանական դպրոց հիմնադրած մարդուդ:

Երանի բավարարվեիր այդքանով: Ուշիուշով լսել ես բոլոր ելույթները և օդում որսացել լեզվի ամենաչնչին սայթաքումն անգամ` «Ա՛ա՛ա՛խ, սխալվեց…»: Ֆեյսբուքում ձայնարկություններ արձակելու համար շատ խելք պետք չէ, Ստյոպա ջան, բայց այս պահին ինձ այլ հարց է հետաքրքրում: Հիմա ես ինչպե՞ս բացատրեմ ձեր (նկատի ունեմ բոլոր տեսակի «քաղաքական չմահավանների) մեծ հետաքրքրությունը ՀՅԴ այդ «խիստ սակավամարդ» հանրահավաքի հանդեպ: Երկու աչք ունեք, երկուսն էլ հարևանից եք փոխ առել ու հետևում եք: Խե՞ր լինի… Չի բացառվում, չէ՞, որ հրահանգ է իջել` ամեն գնով նսեմացնել հանրահավաքը` ասեք` մարդ չկար, բարձրախոսը խռխռում էր, դարն ապրած երգեր էին միացրել, հանրապետականներն էին եկել, Քոչարյանը, հնարավոր է, այնտեղ էր և այսպիսի բաներ: Բայց նույնիսկ այդ դեպքում մեզ շարունակում է հետաքրքրել` ինչո՞ւ էիք այդպես կլանվել այդ հանրահավաքով:

Հետաքրքրության պատճառներն, անշուշտ, շատ են և հասկանալի, իսկ ամենաառաջին պատճառն էլ այն է, որ մարդկանց մեջ հարցեր են առաջացել երկրում ստեղծված այս անորոշ իրավիճակի հետ կապված: Մեր հասարակության առնվազն գիտակից հատվածն ի վերջո հասկանալու էր, չէ՞, որ հեղափոխություն արած ժողովրդին իշխանություններն, արդեն մեկ տարի է, երեք մատի դասական կոմպոզիցիա են ցույց տալիս` ձևացնելով թե զբաղված են կոռուպցիայի դեմ պայքարով, օլիգարխներին ասֆալտին փռելով, նախկինների փողերը հետ բերելով, Մարտի 1-ը բացահայտելով, Ալիևի հետ վերելակ նստելով, Ռուսաստանին ադապտացնելով, Անգելա Մերկելին «խուտուտ տալով» և այլն: Լավ կերել լցվել են, իսկ ի՞նչ են արել ժողովրդի համար:

Հա, ճոխ «Քաղաքացու օր» են նշել` 124 միլիոն դրամի, բայց դա էլ վերածեցին խորոված փարթիի, ավելի ստույգ` «Նիկոլ ջան, դու «փռթի», մենք թուքներս կուլ տանք» նախնադարյան էկզոտիկ շոուի: Խանութներում սարսափելի թանկացումներ են, ապրանքներն էլ են հայտնվել էյֆորիայի մեջ, կոմունալները վճարելուց հետո մարդիկ բանկերից չռված աչքերով են դուրս գալիս: Վաղը հացին «փափա» է ասելու խեղճ ժողովուրդը: Սրանք դեռ ամենափոքր հարցերն են:

Իսկ ինչպե՞ս պատահեց, որ հայերը բաժանվեցին «սևի» և «սպիտակի», հեղափոխականի ու հակահեղափոխականի, արցախցու և հայաստանցու, դատավորի ու ոչ դատավորի, ո՞ւր կորավ գիտելիքը դպրոցից, ո՞ւր կորան աշխատատեղերը, ինչո՞ւ տեղ չեն հասնում ներդրումները, ինչո՞ւ չեն բարձրանում աշխատավարձերը, որոնք, չգիտես ինչ սկզբունքով, երկրաչափական էյֆորիկ աճ են տալիս իշխանավորների գրպաններում միայն:
Դե ձեռ առ, Ստյոպա, երկրիս մտավորական, քաղգործիչ, քաղվերլուծաբան, քաղչգիտեմ ինչ: