Ս․ Միքայելյանը, իրեն դնելով Մանվելի տեղը, ավելի վատ ձևով փորձում է միջամտել

Ս․ Միքայելյանը, իրեն դնելով Մանվելի տեղը, ավելի վատ ձևով փորձում է միջամտել

Քիչ հետո «Երկրապահ» կամավորականների միության շենքում տեղի են ունենալու Թեքվանդոյի հայկական ասոցիացիայի համաժողով և ղեկավար կազմի ընտրություն, որը մի խումբ մարզիչներ, մարզիկներ, չեմպիոններ, ծնողներ փորձելու են խոչընդոտել․  գնալու են ԵԿՄ գրասենյակ՝ հաղորդում տալու այն մասին, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հովանավորում է Մանվել Գրիգորյանի հետնորդ հանցագործների, որոնց նկատմամբ փողերի յուրացման փաստի առթիվ այս պահին էլ քրեական գործ է հարուցված։ 

Այս մասին Hraparak.am-ին հայտնած Թեքվանդոյի հայկական ասոցիացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել։

Ըստ նրա՝ նախկինում 10-15 տարի շարունակ ֆեդերացիայի պատվավոր ղեկավարը եղել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը, հետո՝ որդին։ 

«Եվ այդ տարիներին տեսանք, որ խնամին՝ գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը, և ընկերը՝ Վարդան Ղարամյանը, որը միաժամանակ և՛ երկրորդ մարզիչն է, և՛ ֆինանսական տնօրենը, և՛ փոխնախագահը, որն այսօր անօրինական կերպով իր մոտ է պահում կազմակերպության կնիքը։ 
Հիմա էս մարդիկ մտերմացան Սասուն Միքայելյանի հետ, և նա էլ՝ իմանալով, որ անօրինական գործունեություն են ծավալել»։ Վրեժ Խաչիկյանն ասում է նաև, որ սա առավել քան տարօրինակ է, քանի որ անցած տարի ծնողների տված հաղորդման հիման վրա, որ Վարդան Ղարամյանը կազմակերպության գումարներն է յուրացրել, Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։

Գործը, ի դեպ, փակված չէ, և անձամբ Խաչիկյանը՝ որպես վկա, բացատրություն է տվել։
«Ծնողները հաղորդել են, որ Գևորգ Դանիելյանն ու Վարդան Ղարամյանը երեխաներից փողեր են վերցրել՝ նույն փողերը նաև պետությունից ստանալով։ 4 հոգի ցուցմունք են տվել, ծնողները և ես»։ 
Տարօրինակ է, որ մարզական ֆեդերացիայի համաժողովը տեղի է ունենում ԵԿՄ շենքում։ Վրեժ Խաչիկյանն ավելացրեց, որ Թեքվանդոյի ասոցիացիան, ճիշտ է, չունի սեփական շենք, բայց միշտ նման միջոցառումների համար այլ տարածքներ են վարձում։ Եվ, փաստորեն, հավաքը ԵԿՄ-ում անցկացնելը ևս մեկ վկայություն է, որ Սասուն Միքայելյանը խոչընդոտում է ասոցիացիայի գործերին և հովանավորում հանցագործներին։ Դեռ նախորդ տարի դեմ եղածները հանդիպել են նրա հետ, բացատրել, որ Ղարամյանն ու Դանիելյանը կեղծ թղթեր են ներկայացրել, իսկ երբ Խաչիկյանը փորձել է այդ կեղծ փաստաթղթերը վերցնել՝ ոստիկանությունում հաղորդում ներկայացնելու համար, Սասուն Միքայելյանն անձամբ խոչընդոտել է, թույլ չի տվել վերցնել։ Չի թողել անգամ, որ նկարեն։ «Այսինքն՝ ինքը լավատեղյակ է, որ կեղծ թղթերի, կեղծ արձանագրության հիման վրա ուզում են համաժողով ներկայացնել, որովհետև նման թուղթ երբևէ չի ստորագրվել։ Հիմա, էդ իմանալով հանդերձ, էսօր համաժողով են հրավիրել՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, որպեսզի Հայաստանի թեքվանդոյի ֆեդերացիայի ղեկավար կազմ ընտրեն։ Եվ նույն մարդիկ՝ Մանվել Գրիգորյանի խնամին ու ընկերը, իրենք են կազմակերպիչները։ Սասուն Միքայելյանն էլ իրեն դրել է Մանվել Գրիգորյանի տեղը, ավելի վատ ձևով փորձում է միջամտել հասարակական կազմակերպության գործունեությանը՝ ԵԿՄ շենքում, կեղծ թղթերի հիման վրա, անօրինական ձևով ուզում ա համաժողով հրավիրի»։

Հարցին, թե, փաստորեն, գնում են համաժողովի աշխատանքները խանգարելո՞ւ համար, ֆեդերացիայի նախագահն ասաց․ «Այո, գնում ենք ևս մեկ անգամ բարձրաձայնելու, որ թղթերը կեղծ են, նման բան չի կարող տեղի ունենալ»։

Վրեժ Խաչիկյանը նշեց, որ ԵԿՄ թեկնածուն ոմն Դավիթ է (ազգանունը չէր հիշում), իսկ բողոքավոր հատվածը կողմ է, որ լինի ՌԴ-ից ինչ-որ գործարար։ Անձամբ Խաչիկյանը կսատարի այն մարդուն, որը պատրաստ է ներդրում անել ասոցիացիայում։

Վրեժ Խաչիկյանն ասաց, որ Սասուն Միքայելյանը նաև փորձում է ճնշումներ գործադրել մարզիչների վրա։

«Բայց նրանք ճնշվող տղաներ չեն, պայքարող տեսակ են, ու էսօր մենք դա ապացուցելու ենք»,- խոստանում է Խաչիկյանը։