4 նախարարությունների միացումից ես չգիտեմ ինչ «երեխա» կծնվի

4 նախարարությունների միացումից ես չգիտեմ ինչ «երեխա» կծնվի

Նոր կառավարությունում նախատեսվում է կառուցվածքային մի շարք փոփոխություններ իրականացնել։ Ընդհանուր առմամբ՝ նախատեսված է 17 նախարարություններից թողնել 12-ը։ Մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարության հետ։ 

«Հուսամ ամեն ինչ ճիշտ է մտածված, հեռատեսորեն եւ հեռահար ու գիտեն, թե ինչ է ստացվելու,-ասաց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը,-ես միայն ասեմ, որ 25 հազար պատմամշակութային հուշարձաններ մշակույթի նախարարության համակարգման տիրույթում են։ Եթե այդ 4 նախարարությունները պետք է միանան, եւ մշակույթի նախարարությանը պետք է վերապահվի թեկուզ ոչ մեծ, բայց վարչության կարգավիճակ, տա Աստված հանկարծ չպարզվի, որ ինչ- որ բան սխալ է հաշվարկված։ Բայցեւայնպես ես կասկածներ ունեմ ու ինչ-որ տեղ կհասկանայի եթե 2 նախարարություն իրար միացվեր, բայց 4 նախարարությունների միացումից ես չգիտեմ ինչ «երեխա» կծնվի»։ 

Խոդիկյանը չի կարող մեկնաբանել՝ խնդիրը նախարարությունների ուռճացված հաստիքների մե՞ջ է, թե՞ այլ խնդիր կա։ Ասում է՝ այդ քննարկումներին չի մասնակցել եւ չի կարող ասել ինչ են նկատի ունեցել․ «Իմ վերաբերմունքը «ուռաների» տրամաբանությունից չէ։ Մշակույթի նախարարությունն այսօր երեւացող միջոցառումներն են, բայց մշակույթի նախարարության հիմնական, լուրջ, չերեւացող աշխատանքը այն ամբողջ մշակութային ժառանգությունն է՝ նյութական եւ ոչ նյութական, որի մասին շատերը նույնիսկ գաղափար չունեն։ Դա արվեստի եւ գրականության արխիվներն են, գրադարաններն ու թանգարանները։ Այդ ամենը ինչպե՞ս պետք է համակարգվի փոքրիկ կամ մեծ վարչությամբ եւ այդ ի՞նչ սուպեր նախարար պետք է լինի, որովհետեւ ցանկացած մարդ, նույնիսկ այնպիսի մեկը, որ շատ լավ գիտի ոլորտը, երբ գալիս է, հնաբնակներն ասում են, որ կես տարուց մի տարի գոնե ժամանակ է պետք, որպեսզի վերջնականապես հասկանա, թե ինչ տիրույթում է ինքը հայտնվել։ Այդ 4 միությունների համակարգող նախարարին ես ցանկանում եմ գերմարդկային ունակություններ, որ կարողանա այդ ամենը համակարգել։ 

Արդեն անուններ են շրջանառվում, թե մշակույթի նախարարության ոլորտը ովքեր են համակարգելու, շրջանառվող անունների մեջ է նաեւ իր անունը․ «Ոչ միայն շրջանառվում է, այլ նաեւ շրջաններից են զանգահարում շնորհավորում, բայց ես բոլորին հորդորում եմ հանգիստ եւ հումորով վերաբերվել այդ ամենին»։ Առաջարկ, եղե՞լ է՝ «Ոչ»։