«Թավշյա» հետապնդում՝ Խոզին ընդառաջ
Նախկիններին հետապնդումը հեղափոխությունների ստվերն է, եւ հայկականն այս իմաստով բացառություն չեղավ։ Ճիշտ է, ի տարբերություն հետխորհրդային երկրների, մեր հետապնդումներն էլ անարյուն են, թավշյա՝ բռնում ենք, ուրախանում ենք, աղմկահարույց հայտարարություններ ենք անում, հետո նորից բաց ենք թողնում: Եվ որքան ավելի մեծ է տվյալ մեղադրյալի ունեցվածքը եւ նրան պատժելու հանրային պահանջարկը, այնքան ավելի մեծ է գրավի չափը:
Հեղափոխությունից հետո մեղքի գինը թռիչքային աճ արձանագրեց
Դատարանները սկսեցին աննախադեպ բարձր գրավի չափեր կիրառել «էլիտար» մեղադրյալների համար: 2018 թվականի վերջին գրավով բաց թողնված դատապարտյալը մեծահարուստ գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանն էր: Նրան կալանքից ազատելու որոշումը դեկտեմբերի 28-ին ընդունեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը՝ սահմանելով գրավի բարձր չափ՝ 30 մլն դրամ: Մոտավորապես այդքան՝ 29 մլն դրամ էր ուզել դատարանը հունիսին «Սասնա ծռերին» կալանքից ազատելու համար: Գումարի մեծ մասը վճարեց Հիմնադիր խորհրդարանը: Ստացվում է, որ Մայրապետյանի արարքը՝ կաշառք ստանալուն օժանդակելը, 16 անգամ ավելի ծանր հանցանք է: Իսկ ամենամեծ գրավի չափը նշանակեց վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Սարգսյանին ազատելու համար՝ մեկ մլրդ դրամ, որը վճարելու համար նույնիսկ Վաչագան Սարգսյանից մի քանի ամիս պահանջվեց: Աննախադեպ է նաեւ հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել Սերժի Վաչոյին՝ ապօրինի հարստացում, որով Հայաստանում դեռ ոչ ոք չի դատապարտվել:
Թավշյա հետապնդումները չեն հագեցնում վրեժի կարոտը
Ո՛չ գրավի բարձր չափերը, ո՛չ հնչեղ մեղադրանքները չեն հագեցնում արյան ծարավը, ատելությունը չի մարում: Փաշինյանի հորինած «բարի» անունը՝ սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն, պարզապես ծիծաղելի է։ Արյան հասարակական պահանջը ձմեռային այս սեզոնին Հայաստանում կրկին ակտուալ է։ Դեկտեմբերի 21-ին ամբողջ Արմավիրը ոտքի կանգնեց՝ իմանալով, որ Էջմիածնի երբեմնի ահուսարսափ գեներալին բաց են թողել, եւ որ նա գալիս է տուն։ Փաստորեն, Մանվելին անգամ հայրենի հողը չի ընդունում: Մարդկանց համար էական չեն Մանվել Գրիգորյանի մեղադրանքները՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերել կամ պահելը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելը: Նրանցից ամեն մեկն իր դատն ունի գեներալի հետ, իր տհաճ հուշերը, եւ զինվորից պահած տուշոնկան ընդամենը ատելության միասնական սիմվոլ է: Գլխավոր դատախազը մի կերպ կարողացավ տուն ուղարկել մանվելատյացներին՝ հայտնելով, որ կալանքից ազատման վերաբերյալ վերաքննիչ բողոքը մուտքագրված է: Վերաքննիչ դատարանն այն վարույթ կընդունի տոներից հետո։
Քոչարյանն ամենաշատ բռնված-բաց թողնված մեղադրյալն է
Անտիհերոսների 4 հիմնական խումբ է ուրվագծվում քրեական հետապնդման քարտեզում՝ Սերժ Սարգսյան եւ ընտանիք, Ռոբերտ Քոչարյան եւ ընտանիք, բանակի վերնախավ, կոռուպցիոների համբավ ունեցողներ։ Տարվա թիվ մեկ հետապնդվողը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր: Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրանքն այնքան էլ հեշտ չէ հիմնավորել: Զգալով դա՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ երկար խոսեց Քոչարյանի ունեցվածքի կուտակման սխեմայի մասին, նույնիսկ խոստացավ, որ կհրապարակի այդ սխեման: Անցավ մի քանի ամիս, բայց ԱԱԾ-ն ոչ մի սխեմա էլ չի հրապարակել: Դե, իսկ երկրորդ նախագահը մոբիլիզացրել է ուժերը՝ հեռուստատեսություն է գնել, լրատվամիջոցներն է ակտիվացրել, որոնք նախկինում ստեղծել էր, փաստաբանների մի մեծ բանակ է պահում, որոնք չեն լռում ու ամեն կերպ հիմնավորում են, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ին բանակը ցուցարարների դեմ հանելու հետ կապ չունի։ Չկա նրա ստորագրությամբ հրաման, իսկ նա, ով կարող էր վկայություն տալ՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որը հուլիսի 3-ին ՀՔԾ-ի կողմից ներգրավվել է որպես մեղադրյալ Մարտի 1-ի գործով, Ռուսաստանում է, եւ հազիվ թե ռուսները նրան հանձնեն։
«Հինգերորդ» հեռուստաալիքն ակտիվորեն վերադարձնում է Հայաստանը Քոչարյանի ժամանակաշրջան՝ ցուցադրելով նրա նախագահ եղած ժամանակի կադրերն ու ելույթները: Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ տարին փակեց դեկտեմբերի 26-ի ասուլիսով, որի ժամանակ հայտարարեց, որ երկրորդ նախագահի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը ներկայացված է դատարան: Ռոբերտ Քոչարյանը նաեւ ամենաշատ բռնված եւ բաց թողնված մեղադրյալն է այս տարի: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրան կալանավորելու որոշում ընդունեց, օգոստոսի 13-ին վերաքննիչը վերացրեց այն, նոյեմբերի 15-ին վճռաբեկը բեկանեց այս նոր որոշումը, գործը գնաց վերաքննիչ՝ նոր քննության, ու դեկտեմբերի 7-ին երկրորդ նախագահին կրկին կալանավորեցին: Երրորդ նախագահի նկատմամբ, եւ դա նկատել է նաեւ հանրությունը, նոր իշխանությունն ավելի լոյալ է տրամադրված, ինչը չի կարելի ասել նրա հարազատների մասին:
Գթասրտությունը Նիկոլի թվին կորչում է
Թավշյա հետապնդումների ալիքի տակ մնացին Ալեքսանդր եւ Լեւոն Սարգսյանները, իսկ ամենահիշվող մեղադրյալը, իհարկե, Գոնսալեսն էր՝ Սաշիկի որդի Նարեկ Սարգսյանը: Նա մինչ այդ էլ Երեւանում բարի համբավ չուներ: Պատմում էին թմրանյութերի նկատմամբ նրա սիրո մասին, նա բազմաթիվ «ռազբորկաների» ու ավտովթարների հերոս է եղել, շատերին է դժբախտություն բերել: Միեւնույն է, հունիսի 25-ի ԱԱԾ խուզարկության արդյունքներն Արամի փողոցի նրա բնակարանում տպավորիչ էին ու անսպասելի՝ ատրճանակներ, կոկաին, մեթամֆետամին, փամփուշտներ, Մարտիրոս Սարյանի գծանկարներ, եվրոներ, դոլարներ, զարդեր: Նարեկ Սարգսյանը փախավ, ապա հայտնաբերվեց Շվեյցարիայում՝ Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անվան տակ: Այլայլված դեմքով, վախեցած աչքերով նրա լուսանկարը տարածվեց հայկական կայքերով, հեգնանքի ալիք բարձրացրեց Ֆեյսբուքում: Շվեյցարիայի իշխանությունները նախապատրաստում են նրա արտահանձնումը հայ իրավապահներին:
Գոնսալեսը մեզ համար պետական հանցագործության մեջ մեղադրվողից կարեվոր էր
Ի տարբերություն Գոնսալեսի, մեկ այլ մեղադրյալի՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին, որին կասկածում են ապացույցների կեղծումը կազմակերպելու մեջ, ՌԴ իրավապահները չեն շտապում ո՛չ հայտնաբերել, ո՛չ էլ արտահանձնել: Իսկ մեր իրավապահները նման պահանջ ռուսների առաջ չեն էլ դրել: Վահագն Հարությունյանը երկար հարցազրույցներ է տալիս Մոսկվայից եւ միտք չունի վերադառնալ Հայաստան, նույն բացատրությունները ներկայացնել ՀՔԾ-ին: Տարեվերջին, Ամանորից երեք օր առաջ, սույն Մարմինը լրացրեց Հարությունյանի մեղադրանքի ծավալը՝ նոր հոդվածներ ավելացնելով դրան՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (Քրօր․ 308 հ․, մաս 2) եւ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ (309-րդ հոդվածի 2-րդ մաս)։
ՀՔԾ խոսնակը «Հրապարակին» հայտնեց, որ դրանք նույնպես վերաբերում են մարտի 1-ի քրեական գործին: Տարվա էկզոտիկան լրացնում են անմոռանալի նախկին պաշտոնյաները՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը՝ իր 14 մլն կաշառքով, մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանը՝ Ծաղկաձորի իր «Գոլդեն Փելես» հյուրանոցով, որը նա որոշել է նվիրել պետությանը՝ որպես փրկագին, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ իր տարեվերջյան ժպիտով, որին մեղադրում են կաշառք ստանալու, փողերի լվացման մեջ, ինչպես նաեւ Մարտի 1-ով՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար, բայց որին այս տարի չկալանավորեցին, Արթուր Աղաբեկյանը՝ իր «Մարտիկ» հիմնադրամով: Ավելի հեշտ է հիշել նրանց, ում դեռ չեն հասցրել մեղադրանքներ առաջադրել՝ Աղվան Հովսեփյան, ՊԵԿ-ի Գագո, Լիսկա, Վլադիմիր Գասպարյան: Բայց առջեւում նոր զարգացումներ են, նոր տեսարաններ, որոնք դիտելով՝ հացի եւ այլ կարեւոր հարցերի մասին Խոզի տարում գուցեեւ մոռանանք: Ինչպես ասել է Փաշինյանը՝ բոլորը պատասխան են տալու։
Կարծիքներ