Հախվերդյանն իր գարշելի մտքերով որոշ մարդկանց սրտերն է փչացնում

Հախվերդյանն իր գարշելի մտքերով որոշ մարդկանց սրտերն է փչացնում

Դատական իշխանության մասին իր երեկվա ելույթի երկրորդ հատվածը Նիկոլ Փաշինյանը հատկացրեց Արցախ-Հայաստան հարաբերություններին։ Փաշինյանը սենսացիոն հայտարարություն արեց․ «Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը, այն է՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով:

Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար․․․ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այս իմաստով դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն եւ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող ՀՀ վարչապետ, պատերազմական իրավիճակներում ԶՈՒ գերագույն հրամանատար՝ ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները՝ այս դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար»։

Նիկոլ Փաշինյանն անուններ չտվեց, բայց ակնհայտ է, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին էր։ Նա անուղղակի նախազգուշացրեց Սերժ Սարգսյանին՝ «հասունացել է ժամանակը 2016թ․ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»: Ապա Փաշինյանն Արցախի ժողովրդին կոչ արեց աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Մյուս բոլոր ուժերը, նրա կարծիքով, մեկ նպատակ ունեն՝ «Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերն սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»: 

Այս ելույթին անմիջապես հաջորդեց նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը՝ աջակցել «ժողովրդի վստահությունը վայելող կառավարությանը» եւ նրա կողմից իրականացվող բարեփոխումներին։ Փոխարենը քաղաքական մյուս ուժերը երեկ տեւական ժամանակ ընդհատակ անցան, նրանց հետ ո՛չ կապ հաստատել էր լինում, ո՛չ զրուցել։ 

Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը չգիտի «դավադիր պատերազմ հրահրելու» ջատագով ուժերի մասին, նման ինֆորմացիայի չի տիրապետում, չի տեսել, չի լսել․ «Մենք նիստ ենք անում ֆրակցիայի, ավելին չեմ կարող խոսել»։ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի կուսակից Արզիկ Մխիթարյանը չէր լսել Փաշինյանի ելույթը։ Փոխարենը ուշագրավ մեկնաբանություններ արեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ պնդելով, որ Փաշինյանի ելույթն ուղղված է «ռուբենհախվերդյանական տեսակի» դեմ։ Հիշեցնենք, երգահանն ամիսներ առաջ արցախցիների մասին ասել էր. «Վաբշե մաքրվեք ստեղից, վեկալեք, գնացեք ձեր մշակույթով, ձեր մուղամներով, ձեր նամազներով։ Հազիվ Երեւանը մի քիչ մաքրվել, քաղաք էր դարձել, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց»։

Սա բուռն քննարկումների առիթ տվեց։ Բաբայանը Փաշինյանի ելույթի «խորքերում» ընկալել է միասնականության շեշտադրում․ «Մենք էլ ենք անընդհատ ասել, որ վտանգավորը ոչ այնքան հակառակորդն է, այլ հայությունը երկպառակող հայտարարությունները, մարդիկ։ Իհարկե, քիչ են, բայց կան, օրինակ, Ռուբեն Հախվերդյանը՝ իր զզվելի գաղափարներով։ Ինչ չի պառակտում հայությունը, ինչի մասին ասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, պառակտում է, նրա նման «ամոթներ» կան, եւ հասարակությունն ու պետությունը, այո, պետք է նրանց նկատմամբ քայլեր ձեռնարկեն։ Հասարակությունն իր վերաբերմունքը պետք է հայտնի հախվերդյանատիպ բոլոր գարշելի անձնավորությունների նկատմամբ, պետությունն էլ պատասխանատվության կանչի, ազատ, թափանցիկ դատավարության ընթացքում կրեն իրենց պատիժը, քանզի դա բերում է մեր պետականության թուլացմանը»։

- Պարոն Բաբայան, Փաշինյանը խոսում էր նաեւ նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժերի, դավադիր պատերազմի, տարածքներ հանձնելու մասին։ Որո՞նք են այդ ուժերը։

- Բոլոր ուժերը, անհատները՝ լինեն Արցախում, Հայաստանում, թե սփյուռքում, ովքեր ունեն նման գաղափարներ, պետք է մերժվեն։

- Փաշինյանն ուրիշ բան էր ասում նաեւ։

- Ես խոսում եմ ազգային միասնականության խնդրի մասին, մնացածը քաղաքական խնդիրներ են։ Եթե ժողովրդավար հասարակություն է, կան տարբեր հոսանքներ, բայց նման դիրքորոշումը, հախվերդյանատիպ տպավորությունները ժողովրդավարությանը չեն վերաբերում։

- Այնուամենայնիվ, գիտե՞ք քաղաքական ուժերի, որոնք պատերազմ են ծրագրում, տարածքներ են ուզում հանձնել։ Ի վերջո, Հախվերդյանը ո՛չ պատերազմ կարող է հրահրել, ո՛չ տարածքներ հանձնել։

- Սխալվում եք Դուք, Հախվերդյանն իր գարշելի մտքերով ու պառակտիչ դիրքորոշումներով կարող է, չէ՞, որոշ մարդկանց սրտերը փչացնել, հոգիները կեղտոտել, եւ այդ մարդիկ վաղը չեն գնա պայքարելու։ 

- Ու հիմա ի՞նչ, մարդիկ ուզում են տարա՞ծք հանձնել։

- Կեղտոտում է, չէ՞, ստեղ է կեղտոտում։ Մարդիկ, ովքեր Արցախում են, նայում են, ասում՝ էս ապուշն ի՞նչ է ասում, թուրքն ինքն ա, որ մեզ ըտենց ա անվանում, գիտե՜ք ինչպիսի արձագանք է ունեցել դա, չեք պատկերացնում, ես սա ընդամենը մեկ օրինակ բերեցի, ու պետությունը պետք է պատժի նրանց։ Իսկ տարածքներ հանձնելուն անդրադառնալով կարող եմ ասել հետեւյալը, որ Փաշինյանը որեւէ տարածք չի հանձնելու, դա էր, չէ՞, նշանակում իր հայտարարությունը։ Մենք միշտ ենք ասել, որ տարածքների խնդիր չկա, ունենք սահմանները որոշելու խնդիր, որը չի կարող միակողմանի որոշել, ի օգուտ Ադրբեջանի, վերադարձ չի լինելու նախկին սահմաններին, սա պաշտոնական Ստեփանակերտը միշտ է ասել։

- Չէ, ինքը մեղադրում էր Արցախի ուժերին, կասկածներ ունի, որ այնտեղ ուզում են տարածք հանձնել, պատասխանատվությունը գցել իր վրա։

- Մենք ասել ենք, չէ՞, որ մեր բոլոր պարտությունները երկպառակությունների արդյունք են, հիմա եթե կան այդպիսի ուժեր, ո՛չ կարելի է բացառել, ո՛չ կարելի է հաստատել, բայց որ կան որոշ մարդիկ՝ հախվերդյանատիպ, արդեն պատրաստ են ամեն ինչ տալ, Ղարաբաղն էլ՝ հետը։ Ի՞նչ է սա, Ղարաբաղը հանձնել չի՞, հանձնել ա, սա խորը հարց է, եւ պետք է համապարփակ մոտենալ։

- Կարծիք կա, որ այդ հայտարարությունը Սերժ Սարգսյանի, Քոչարյանի՝ Արցախի իշխանությունների հետ կապով է պայմանավորված։

- Այսինքն՝ գործող իշխանությունները պետք է տարա՞ծք հանձնեն․ աբսուրդ է։
Եվ հետո՝ ինքը նշե՞լ է կոնկրետ պետական գործչի, ուժի անուն, մենք խոսում ենք գաղափարի մասին, կարծում եմ, ճիշտ է՝ պետք է վերջ դնել երկպառակություններին։

- Փաշինյանն ասաց, որ ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու ԱԺ-ում։

- Ես այստեղ վատ բան չեմ տեսնում, թող ավելի համապարփակ ձեւով ուսումնասիրեն, համոզված եմ, որ դա կտա ընդհանուր պատկեր, որ մարդիկ տեսնեն՝ ի վերջո ինչ տեղի ունեցավ ապրիլին։