Հայաստանում արդեն իրականացվե՞լ է անցումային արդարադատություն

 Հայաստանում արդեն իրականացվե՞լ է անցումային արդարադատություն

Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ հայտարարեց, որ Հայաստանում պետք է անցումային արդարադատության ինստիտուտ ներդրվի, ու բոլորին գցեց անորոշության մեջ։ Ում հետ խոսում ես, ասում են, թե մարդիկ լավ չեն պատկերացնում՝ ինչ բան է անցումային արդարադատությունը, բայց մի քիչ խորանում ես՝ հասկանում ես, որ իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ բան է դա։ Ավելին, ամեն մեկը մի բան է ասում եւ իրար հակասող կամ առնվազն ոչ փոխլրացնող բաներ։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի երեկվա մեկնաբանություններից էլ չհասկացանք, թե ինչ է անցումային արդարադատությունը, ինչ է մեղավորության կանխավարկածը, որ «հայտնագործել» է իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, եւ ինչ հավանական օգուտ կամ վնաս կարող է տալ դա մեզ։

Ավելին, նա անցումային արդարադատության վերաբերյալ այնպիսի պատասխան տվեց՝ դա կապելով համաներման ակտերի հետ, որոնք շատ փոքր, սուբյեկտիվ դրսեւորում են, որ առնվազն տարակուսանք է առաջացնում արդարադատության նախարարի՝ անցումային արդարադատության վերաբերյալ ունեցած պատկերացումների մասով։ «Համաներման երկու ակտ է ընդունված եղել, այս երկու ակտը կարելի է դիտարկել անցումային արդարադատության համատեքստում։ Անցումային արդարադատության նախապատվությունը թողնված է նաեւ․․․ հիմա ուսումնասիրություններ են իրականացվում արդարադատության նախարարության կողմից անցումային արդարադատության կոնցեպցիայի վերաբերյալ»․ ահա Զեյնալյանի պատասխանը այս ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցին։ Ստացվում է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո արդեն իրականացվել է անցումային արդարադատություն։

Ինչ վերաբերում է մեղավորության կանխավարկածի ինստիտուտին, Զեյնալյանն ասաց․ «Մեղավորության կանխավարկածով առաջնորդվելը պատկերավոր, ոչ մասնագիտական մասսաների համար ասված արտահայտություն է, ոչ թե եզրույթ, Հայաստանում գործում է անմեղության կանխավարկածը։ Իհարկե, անմեղության կանխավարկածը բացարձակ սկզբունք չէ, այդ թվում՝ նաեւ հաստատված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ Որոշակի պայմաններ ապահովելուց հետո պետական մարմինները, երբ որ ապահովում են այդ որոշակի պայմանները, ապա հակառակն ապացուցելու բեռն անցնում է անձին, որը մեղադրվում է։ Այդպիսի ինստիտուտ կա, եւ դրանք, բնականաբար, ուսումնասիրվում են»։

Հիմա, եթե անցումային արդարադատության եւ մեղավորության կանխավարկածի հարցը որեւէ նախագծի տեսքով դրվի քննարկման, արդարադատության նախարարության դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի։ «Ես բացատրեցի, որ որոշակի պայմաններ ապահովելու դեպքում ապացուցման բեռն անցնում է մեղադրյալին, եւ մեղադրյալը պիտի հակառակն ապացուցի՝ որոշակի նախապայմանների առկայությամբ։ Սա արդար դատաքննության իրավունքի բովանդակության բաղկացուցիչ մասն է»։ Մի վերջին փորձով Արտակ Զեյնալյանին խնդրեցինք ավելի պարզ ներկայացնել՝ մեղավորության կանխավարկածի մասով միջազգային ինչպիսի՞ պրակտիկա կա, ուսումնասիրվե՞լ է այդ պրակտիկան, թե՞ ոչ, իր գնահատականն ինչպիսի՞ն է, եւ, վերջապես, պե՞տք է մեզ նման ինստիտուտի ներդրումը, թե՞ ոչ։ Բայց ապարդյուն։

«Ես հիմա չեմ կարող տեղում իրականացնել ուսումնասիրություն եւ փորձագիտական եզրակացություն ներկայացնել։ Այդպիսի դրեւորումներ կան, բացատրեցի ձեզ։ Եթե դուք իրականացնեք հետաքննություն, ուսումնասիրություն, ՄԻԵԴ վճիռներով այդպիսի իրավական դիրքորոշում կա»,- ասաց նա։ Հիմա դա դրակա՞ն երեւույթ է, թե՞ ոչ։ «Պետք է ուսումնասիրենք, գնահատենք եւ որոշում կայացնենք, ես դեռեւս չեմ կարող կայացնել մի որոշում, որի ուսումնասիրության հիմքերը դեռեւս պատրաստ չեն»,- անդրդվելի մնաց պարոն Զեյնալյանը։