Բժշկական քոլեջի միավորումը դժգոհության է առաջացրել ուսանողության շրջանում

Բժշկական քոլեջի միավորումը դժգոհության է առաջացրել ուսանողության շրջանում

Հրազդան քաղաքում ուսումնական հաստատությունները խոշորացնելու և ուսումնական գործընթացը ժամանակակից նյութատեխնիկական բազայով հագեցնելու նպատակով «Հրազդանի պետական բժշկական քոլեջ»-ը միացվեց «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին: «Հրազդանի պետական բժշկական քոլեջ»-ի իրավահաջորդը կլինի «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը։
Ուսումնական հաստատությունները միացումը դժգոհություն է առաջացրել «Հրազդանի պետական բժշկական քոլեջ»-ի  կոլեկտիվի եւ ուսանողության շրջանում:  
Քոլեջի տնօրեն Գրիգոր Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդրի հետ կապված նախարարին նամակ են գրել,  3 ամիս է պատասխան չեն ստացել: «Կոլեկտիվը ուզում է նախարարի հետ հանդիպել, որ նախարարը  անձամբ կոլետիվին բացատրի, թե ինչպես է քլեջը վերակազմակերպվում, ֆակուլտետ է լինո՞ւմ,  թե՞ առանձին բաժին:  Մենք «Կրթություն» թերթից ենք իմացել  կառավարության որոշման մասին:  Ճիշտ է, մենք  նյութատեխնիկական բազայով հագեցած չենք, բայց  լավ դասախոսական անձնակազմ ունենք:  Օպտիմալացման դեպքում դասախոսական անձնակազմը  կզրկվի աշխատանքից»,-ասաց Այվազյանը: 

 «Մեր  խնդրանքն  ու պահանջը այն է, որ մեր քոլեջը չօպտիմալացնեն, չմիանա Կոտայքի տարածաշրջանային քոլեջին, քանի որ մենք կզրկվենք բժշկական դիպլոմից եւ աշխատանք ունենալուց: Եթե միացնեն,ապա ուսանողության  50%-ը իրենց գործերը հետ կվերցնի: Պետք է հաշվի առնեն նաեւ ուսանողների ֆինանսական վիճակը: Էսօր շատ ուսանողներ չեն կարողանում գնալ Երեւան սովորելու: Մենք պայմանագիր ենք կնքել բժշկական քոլեջի հետ եւ ուզում ենք ունենալ համապատասխան դիպլոմ»,- դժգոհում էին ուսանողները:
Բժշկական քոլեջի կոլեկտիվը,  ուսանողներն ու ծնողները հանդիպեցին  ԱԺ պատգամավոր  Սասուն Միքայելյանի հետ: Քննարկեցին հարցը: Սասուն Միքայելյանը խոստացավ հարցը քննարկել կրթության գիտության նախարարի հետ եւ  առաջարկեց ստեղծել հանձնաժողով,  որոնց  միջոցով քննարկեն հետագա քայլերը:

Նշենք, որ «Հրազդանի պետական բժշկական քոլեջ»-ն ունի 106 սովորող։ Վերջինս իր ուսումնական գործունեությունը իրականացնում էր «Հրազդանի N 2 հիմնական դպրոց»-ին ամրացված ուսումնական մասնաշենքի ձախակողմյան տարածքում՝ անհատույց օգտագործման իրավունքով: Սակայն ուսումնական տարածքի փոքր լինելու պատճառով խաթարվում է բնականոն ուսումնական գործընթացը:
Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում կառուցման կամ ամրացման ենթակա դպրոցների ցանկում ընդգրկված է նաև «Հրազդանի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը և իրականացվող ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով այս դպրոցի շենքը ենթակա չէ պահպանման՝ պայմանավորված կոնստրուկտիվ լուծումներով: Քանդման է ենթակա նաև Հրազդանի պետական բժշկական քոլեջին հատկացված տարածքը: