Ինձ զարմացրեց դահուկավազքի կենտրոնի՝ գերեզմանատան մոտ գտնվելը. ռուս զբոսաշրջիկ

Ինձ զարմացրեց դահուկավազքի կենտրոնի՝ գերեզմանատան մոտ գտնվելը. ռուս զբոսաշրջիկ

Երեկվանից Աշոցքի նորաբաց դահուկային կենտրոնում ընթանում է դահուկային սիրողական մրցաշար : Արդեն երկու օր է՝ այնտեղ է գտնվում ազգությամբ ռուս Անյուտան:

«Սկզբում Ծաղկաձորում էի, մի քանի օր այնտեղ մնալուց հետո տեղափոխվեցի այստեղ եւ կարծում եմ դահուկավազքի կենտրոնը բավականին լավն է, այս պահին չփորձեմ համեմատություն անել Ծաղկաձորի հետ, քանի որ Ծաղկաձորն իմ ամենասիրելի վայրն է, բնության առումով անկրնկնելի, եւ պատրաստվում եմ կրկին վերադառնալ այնտեղ»,-մեզ հետ զրույցում ասաց Անյուտան՝ ընդգծելով, որ այնուամենանիվ մի քանի դիտարկում ունի. «Եթե անկեղծ, այստեղ ինձ զարմացրեց դահուկավազքի կենտրոնի՝ գերեզմանատան մոտ գտնվելը: Ցանկալի կլիներ, որ գերեզմանատունը տեսողական դաշտից հեռու գտնվեր, քանի որ զբոսաշրջիկների համար ճնշող տեսարան է»,-նկատեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով. «Չնայած վստահ եմ, որ կազմակերպիչներն ամեն ինչ հաշվի են առել, իսկ սկզբի համար ամեն ինչ նորմալ է: Ձյունը առատ է, օդը մաքուր: Նկատել եմ, որ այստեղ կարելի է գյուղական տուրիզմը զարգացնել, ոչ այնքան հեռվում երևում են նաև գյուղական տները, ինչն էլ իր հերթին է գրավիչ»:

Նշենք, որ Հունվարի 26-ին հանդիսավորությամբ բացվեց Աշոցքի դահուկային կենտրոնը, որը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող 10 ներկայացուցչական ծրագրերից առաջինն է։ Ծրագիրն ուղղված է համայնքներում բացօթյա միջոցառումների ու առողջ ապրելակեպի զարգացմանը և զբոսաշրջիկներին Հայաստանի համեմատաբար քիչ հայտնի վայրեր ուղղորդելուն։

Աշոցքի դահուկային կենտրոնը հիմնադրվել է «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներոմ, որը զբաղվում է վերջերս հզորացված 52 համայնքների հզորացմամբ։ Շիրակցիներն ակնկալում են, որ Աշոցքը շուտով ձեռնոց է նետելու Ծաղկաձորին՝ դառնալով զբոսաշրջության եւ ձմեռային մարզաձևերի առաջնային կենտրոններից մեկը : Աշոցքը հավակնում է դառնալ դահուկավազքի միջազգային կենտրոն, քանի որ բոլոր պայմաններն ստեղծված են հանգիստ եւ մարզումներ անցկացնելու համար: Կազմակերպիչներն անգամ գիշերակացի հարցն են լուծել՝ ստեղծելով հարմարավետ սենյակներ, որտեղ ձմեռային մարզաձևերի սիրահարները կարող են մնալ եւ ժամանակ անցկացնել: Իրականում Աշոցքն իր լեռնային բարձր դիրքի եւ շուրջ  6 ամիս ձգվող ձմռան  շնորհիվ ունի բոլոր հնարավորությունները Հանրապետության առաջատար ձմեռային զբոսաշրջության կենտրոններից մեկը դառնալու, որին այժմ կարող է նպաստել  նաև դահուկավազքի կենտրոնը՝ երկու կիլոմետր երկարությամբ  մարզուղիով:

Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի