Իրանա-ադրբեջանական սկանդալ

Մարտի 9-ին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը Թեհրան է այցելել: Նրան ընդունել է Իրանի նախագահ Ռուհանին: Ինչպես գրում է ադրբեջանական մամուլը, այդ կապակցությամբ ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի անգլերեն տարբերակը հաղորդագրություն է տարածել, որտեղ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշված է որպես Իրանում Ադրբեջանի նորանշանակ դեսպան, որն իր հավատարմագիրն է հանձնել Իրանի նախագահին:
Թե ինչու՞ է իրանական կողմը նման վերաբերմունք ցուցաբերել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի նկատմամբ՝ մնում է միայն ենթադրել: Բայց ուշագրավ է, որ Մամեդյարովի իրանական չհաջողված այցից հետո Ադրբեջանը տեղեկություն է տարածել Իրանի հետ սահմանին մարտի 10-ի գիշերը տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին: Ըստ այդմ, «Հորադիզ» սահմանապահ ուղեկալի զինծառայողների կողմից հավաստանշվել է զինված խումբ, որը փորձել է հատել սահմանը եւ մուտք գործել Ադրբեջանի տարածք:
Նախազգուշական քայլերից հետո ադրբեջանցի սահմանապահներն ստիպված են եղել կրակ բացել, սկսել է փոխհրաձգություն, ինչի հետեւանքով երկու ադրբջանցի սահմանապահ ստացել է հրազենային վիրավորում: Նրանցից մեկը հոսպիտալ տեղափոխվելիս մահացել է: Զինված միջադեպի վայր է ուղեւորվել Ադրբեջանի սահմանապահ ծառայության տնօրեն Էլդար Գուլիեւ: Նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով զոհված եւ վիրավորված ադրբեջանցի սահմանապահներն արժանացել են մարտական ծառայության մեջ աչքի ընկնելու համար երրորդ աստիճանի մեդալի:
Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում ադրբեջանական կողմի տարածած սույն տեղեկատվությունը, դժվար է ասել: Միայն աչքի է զարնում, որ իրանա-ադրբեջանական սահմանին զինված միջադեպի մասին հաղորդագրությունը ժամանակային առումով համընկնում է Ադրբեջանի արտգործնախարարի Թեհրան կատարած այցին, որի վերաբերյալ ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի անգլերեն տարբերակով մաոտւցված մեկնաբանությունը Բաքվում որակել են «խիստ վիրավորական» :
Հատկանշական է նաեւ, որ սահմանային միջադեպն արձանագրվել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծին հարող հատվածում, մի բան, որ կարող է վկայել նշված գոտում լարվածություն հրահրելու՝ Ադրբեջանի մտադրության մասին:
Կարծիքներ