Վարչապետն ու նրա թիմը խեղաթյուրված պատկերացում ունեն ազատ մամուլ ասվածի մասին

Վարչապետն ու նրա թիմը խեղաթյուրված պատկերացում ունեն ազատ մամուլ ասվածի մասին
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ շփման խորամանկ ճանապարհ է գտել։ Նա որոշել է այլեւս ոտքի վրա ճեպազրույցներ չտալ եւ չպատասխանել լրագրողների հարցերին, այլ մի քանի ամիսը մեկ մեծ ասուլիս հրավիրել ու պատասխանել, ասենք, մի 50-60 լրագրողի հարցի՝ դա համարելով թափանցիկության ու մամուլի ազատության գրավական։ Այդ տասնյակ լրագրողների ճնշող մեծամասնությունը, սովորաբար, ինչպես հին Հայաստանում, տալիս է «մեծարգո պարոն վարչապետին» հարմար, նրա քաղաքական պլաններին համահունչ հարցեր, որոնցով ավելի շատ վարչապետը հնարավորություն է ունենում ինքնարտահայտվելու, իրեն ցանկալի թեմաների շուրջ բացատրություններ տալու, ինչ-որ մեսիջներ հղելու։

Լրագրողների մի մասն էլ գալիս է վարչապետին քծնելու եւ հարցերով նրա դերն ու նշանակությունը կարեւորելու, նրա կերպարը մեծարելու համար։ Եվ շատ փոքր մասն է, որ իրական հարցեր է առաջադրում վարչապետին, քանզի բախվում է մամուլի խոսնակի սաստող հայացքին՝ «միայն մեկ հարց, ոչ ավելի»։ Իսկ վերջին ասուլիսից հետո մեր սիրելի վարչապետը որոշել է խորամանկ քայլի դիմել ու այլեւս չշփվել լրագրողների հետ ոտքի վրա, միջոցառումների ժամանակ։ Արդեն որերորդ դեպքն է՝ նրան մոտենում ենք, որ մի քանի հարցի պատասխանի, բայց վարչապետն առաջ ասում էր՝ ասուլիս եմ տալու, կգաք բոլոր հարցերին կպատասխանեմ, իսկ ասուլիսից հետո էլ հայտարարում է, թե ոտքի վրա այլեւս ճեպազրույց չեմ տալու, նորից ասուլիս կլինի՝ կտաք ձեր հարցերը։ Իսկ նոր ասուլիսը կարող է լինել մի քանի ամիս անց։

Այդ ընթացքում բազմաթիվ մանր ու մեծ հարցեր են կուտակվում, որոնք չեն կարող լրագրողները պահել ամիսներով, ինչ է թե վարչապետը 6 ամիս անց մի նոր ասուլիս կհրավիրի։ Օրվա ակտուալ թեմաներ կան, որոնք ցանկալի է, որ նա պատասխանի նաեւ ոտքի վրա՝ կարճ ճեպազրույցների ընթացքում, երբ որեւէ միջոցառման ժամանակ հանդիպում է լրագրողներին, ինչը նա անում էր մինչեւ վերջերս, ու շատ լավ էլ ստացվում էր նրա մոտ։ Հիմա որոշել է փոխել տակտիկան՝ այդպիսվ ապահովագրելով իրեն ամենօրյա պրոբլեմատիկ հարցերից։ Էլ չենք ասում, որ ասուլիսների ժամանակ լրագրողները մի քանի հարցի հնարավորություն չեն ունենում եւ չեն կարողանում վարչապետին հակադարձել, ուրիշ հարցեր ուղղել, եթե պատասխանը չբավարարի։ Իսկ ճեպազրույցների ժամանակ կարող են լրագրողները մի քանի հարց հնչեցնել՝ այդպիսով լիարժեք սպառելով թեման։ Կարճ ասած՝ սա շատ վատ ավանդույթ է, որը որոշել է ստեղծել Նիկոլ Փաշինյանը։ Կարեն Կարապետյանն էլ էր վերջում սկսել այդ տակտիկան որդեգրել։

Մյուս խնդիրը, որը եւս դեմ է վարչապետի հայտարարած մամուլի ազատության ու թափանցիկության խնդիրներին, կառավարության մյուս անդամների վարքագիծն է։ Վերջին անգամ դժվար է հիշել, թե երբ են լրագրողների հարցերին նորմալ կանգնել պատասխանել փոխվարչապետներ Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը։ Օրինակ՝ նախօրեին խորհրդարանում քանիցս փորձեցինք մոտենալ Ավինյանին ու մի քանի հարց ուղղել, բայց նա համառորեն հրաժարվեց։ Իսկ Գրիգորյանն առհասարակ աշխատում է լրագրողների աչքին չերեւալ։ Մյուս նախարարներն էլ, օրինակ՝ Արտակ Զեյնալյանը, հարցերին պատասխանում են այնքանով, որքանով։ «Ես արդեն պատասխանեցի Ձեր հարցին, ավելացնելու բան չունեմ, ասացի այն, ինչ ասացի»,- որոշ նախարարներից նման ամբարտավան պատասխաններ ենք մենք լսում։ Իսկ պատգամավորների մասին խոսելն իսկ ավելորդ է։ Իշխանական պատգամավորների մի խավ կա, որ այնպիսի թշնամությամբ ու ոխակալ հայացքով է նայում «ոչ իշխանական» լրագրողներին, որ ավելորդ է անգամ նրանց մոտենալը, նրանք «միշտ զբաղված են եւ շտապում են»։ Իսկ շտապում են հիմնականում բուֆետ՝ ընկերովի սեղանի շուրջ ծխելու-սրճելու։ Ոմանք էլ նախընտրում են լրագրողների հետ հանդիպել, առանձին զրուցել, որ կա՛մ նրանց սիրտը շահեն, կա՛մ նրանց դասեր տան, թե ինչպես լինել «օբյեկտիվ» եւ իրենց չքլնգել։ Հուսանք՝ կհասկանան, որ նման պահվածքն անիմաստ է․ մամուլը միշտ եւ բոլոր երկրներում նույն գործառույթներն ունի, եւ եթե անգամ որոշ լրագրողների կարելի է հատ-հատ «չեզոքացնել», բայց մամուլն ամբողջության մեջ ոչնչացնել եւ քննադատությունը վերացնել չի հաջողվելու։ Եվ եթե այսօր լրագրողներին չեն սպառնում, նրանց հանդեպ բռնություն չեն գործադրում, չեն բռնում ու սպանում, դա դեռ չի նշանակում, թե Հայաստանում լրագրողներն ազատ են ու անկաշկանդ իրենց գործառույթն իրականացնելու հարցում։