Այդ մեկ անձը ես չեմ եւ ոչ էլ դու՝ «Հրապարակ»-ի հարգելի ընթերցող

Այդ մեկ անձը ես չեմ եւ ոչ էլ դու՝ «Հրապարակ»-ի հարգելի ընթերցող

ԱԳ պաշտոնը զբաղեցնող Արոյի տեղակալն ասում է, որ իր անմիջական ղեկավարի ղեկավարը դեռևս չի որոշել՝ ՀՀ-ն մասնակցում է, թե ոչ Բաքվում կայանալիք COP-29-ին: Չէ, հենց այնպես չի ասում, այլ՝ «մենք չենք որոշել» ձևակերպմամբ: Բայց դե մենք գիտենք, չէ՞, որ այդ «մենք»-ի տակ թաքնված է ընդամենը մեկ անձ: Եվ այդ մեկ անձը ես չեմ: Եվ ոչ էլ դու՝ «Հրապարակ»-ի հարգելի ընթերցող: Դե, բնականաբար, ո՛չ էլ Արոն է և կամ նրա տեղակալը: Այդ մեկ անձը «մեծարգո վարչապետն» է, ով որոշել է հասարակության վրա թանկ ծախել իր որոշումը: Ու այդ պատճառով էլ ուշացնում է դրա հրապարակայնացումը:

Չէ, ոնց որ թե սխալ ուղիով է ընթանում նյութի շարադրումը: Նախ այն պատճառով, որ «մեծարգո վարչապետն» իր որոշումը թանկ ծախելու իրավունք կունենար, եթե իր հրամանատարությամբ հայկական բանակները հաղթեին Արցախյան վերջին պատերազմում: Այնինչ, տեղի է ունեցել դրա հակառակը: Նա, որպես ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար, թշնամուց կրել է խայտառակ պարտություն: Երկրորդ, քանի որ նախատեսված էր COP-29-ը սկսել նոյեմբերի 11-ին, իսկ այս հոդվածը գրվում է հենց նույն օրը, ապա «մեծարգոն» իր որոշումն արդեն պետք է կայացրած լիներ: Եվ ոչ միայն կայացրած, այլ հայտնած թե՛ հայ հասարակությանը և թե՛ «անհամբեր» նրան Բաքվում սպասող՝ երբեմնի «կիրթ ու կառուցողական» գործընկերոջը:  

Բայց ինչպես տեսնում ենք, նման որոշում դեռևս չկա, իսկ Բաքու մեկնելու փոխարեն վերջինս հերթական բարոյափիլիսոփայական ճառն է ասում և այս անգամ՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Փաստորեն, տեղական ինքնակառավարման համակարգի վերաբերյալ ճառ ասելն ավելի կարևոր է, քան աշխարհի կիսամեծամեծների հետ հերթական անգամ հանդիպելու հնարավորությունն օգտագործելը: Ես, իհարկե, կողջունեի նրա այդ քայլը, եթե նա դա աներ ազգային արժանապատվության զգացումից դրդված: Հատկապես այն բանից հետո, երբ Բաքվի բռնապետը հերթական անգամ ստորացրել է նրան՝ որպես պետության ղեկավար: Ու նրան միջոցով էլ մեզ՝ բոլոր հայաստանցիներին:  
Հիշեցնեմ, որ մեկ-երկու օր առաջ բռնապետը հերթական անգամ բարբաջել է, որ Հայաստանը սպառազինություն ունենալու իրավունք չունի: Եվ ՀՀ ղեկավարությունը պետք է ականջալուր լինի իր խոսքերին և հրաժարվի զենք ձեռք բերելու քաղաքականությունից, քանի դեռ ուշ չէ: Ինչպես տեսնում ենք, սա Բաքվից հնչած հերթական սպառնալիքն է, որ մնացել ու մնալու է անպատասխան: Բաքուն Մոսկվա չէ, որ Ալենն ու մնացածները շտապեն արձագանքել: Բաքվին արձագանքելը վտանգավոր է, խիստ վտանգավոր: Եվ պարզ է, որ դա Նիկոլն ու իր շրջապատը գիտակցում են: 

Իսկ Բագրատ Սրբազանն, օրինակ, վարչապետի աթոռից կառչած անձին «հայրաբար» կոչ էր անում ընդունել Բաքվի հրավերն ու ու վերադառնալ մեր գերիների հետ: Իսկ Սրբազանի վերադաս, Ամենայն հայոց կաթողիկոսն էլ գերիների վերադարձի նպատակով առաջարկել էր կազմակերպել համաքրիստոնեական աղոթք: Դե, Սրբազանն ու Ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր անձինք են, նրանց հասնում է հորդորել և կամ աղոթել, և նրանք դա են անում: Չնայած մենք գիտենք, որ ո՛չ Նիկոլն է ականջալուր լինելու Սրբազանի հորդորին և ո՛չ էլ արևելքից բռնապետը՝ համաքրիստոնեական աղոթքին: Բայց քանի որ չունենք նորմալ իշխանություն՝ ունենք այն, ինչ ունենք: