ԲԴԽ-ի շենքում ապագա դատավորներն էին երազանք պահում, իսկ շենքից դուրս՝ քաղաքացիները

ԲԴԽ-ի շենքում ապագա դատավորներն էին երազանք պահում, իսկ շենքից դուրս՝ քաղաքացիները

Երեկ Բարձրագույն դատական խորհրդի շենքում ապագա դատավորները քննություն էին տալիս՝ հարցազրույցի փուլն էր, իսկ շենքի բակում ցուցարարներ էին, որոնք փակել էին մուտքը եւ պահանջում էին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը։ Ի թիվս այլ հարցերի, դատավորի թեկնածուներին ԲԴԽ անդամները հարցնում էին, թե ինչպես կվարվեն, եթե իրենց անհրաժեշտ լինի դուրս գալ շենքից, իսկ մուտքն արգելափակված լինի։ Թեկնածուները պատասխանում էին՝ կսպասեն մինչեւ իրավիճակը հանդարտվի, մարդիկ հեռանան, նոր դուրս կգան։ Եվ ոչ մեկը չասաց, թե կփորձեր խոսել քաղաքացիների հետ։ Երեկ հարցազրույցի փուլն էին անցնում քաղաքացիական մասնագիտացման 6 եւ քրեական մասնագիտացման 7 դատավորի թեկնածուներ։ Որոշ հարցեր «Ոսկե ձկնիկի» հեքիաթից էին՝ ԲԴԽ անդամները թեկնածուներին նրանց երազանքների մասին էին հարցնում՝ խնդրում էին նշել 3 ցանկություն։ Անի Դանիելյանը, օրինակ, որը Դատական դեպարտամենտում, մի քանի տարբեր դատարաններում է աշխատել եւ ուզում է քրեականի դատավոր դառնալ, «կոմունիստական» պատասխան տվեց՝ խաղաղություն ամբողջ աշխարհում, սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ Հայաստանում, առողջ հասարակություն։

ԲԴԽ անդամները ճշտեցին՝ անձամբ իր համար ինչ կցանկանար։ Պարզվեց, այդ 3 ցանկությունները հենց անձամբ իր համար են, որովհետեւ թույլ կտան, որ ինքն ու իր հարազատներն ապրեն ու ստեղծագործեն առողջ մթնոլորտում։ Իդեալական պատասխաններ էին տալիս նաեւ մյուս թեկնածուները։ Ավելի տարօրինակ հարցեր էլ կային։ Օրինակ, եթե մեքենայով գնաք եւ ճանապարհին սիրուն աղջիկ տեսնեք ու հաշմանդամ, ո՞ւմ կնախընտրեք տուն տանել։ Քաղաքացիական բաժնի թեկնածու Մառլեն Սմբատյանին հարցրին, թե ինչ թերություններ ունի, եւ նա, ի թիվս այլ թերությունների, նշեց, որ ուշ է քնում։ ԲԴԽ անդամները հայցվորներին 42 արժեքներից կազմված ցանկ էին տվել եւ առաջարկում էին դրանցից ընտրել հինգը՝ ասենք, առաջադիմություն, եկամուտ, արդարամտություն եւ այլն։ Պատասխաններում, բնականաբար, «արդարամտությունն» առաջին տեղում էր։ Բոլոր թեկնածուներն անխտիր արդարամտության զգացումը նախընտրում էին սեփական շահից եւ վստահեցնում, որ իրենց աշխատանքում առաջնորդվել են հենց դրանով։ «Ինչպե՞ս կվարվեիք, եթե հայտնվեիք պոնտացի Պյուղատոսի դերում»,- հարցրին թիվ 3 կայազորի զինդատախազի տեղակալ Բորիս Բախշիյանին, որը նույնպես ցանկանում է դատավոր դառնալ, եւ նա պատասխանեց․ «Ամեն անձի չէի դատի»։ Դրսում աղաղակում էին ցուցարարները, եւ նրանց կոչերը՝ «Պորտաբույծներ, հեռացեք», «Գագիկ՝ հանցագործ», ներսում լսելի էին, բայց Գագիկ Հարությունյանն ու մյուսներն այնպիսի կեցվածք ունեին, ասես ոչինչ էլ չի կատարվում։ 

Ամենաարտառոց հարցերը տալիս էր ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը։ Նա թեկնածուներին խնդրում էր պատմել մի պատմություն, եւ երբ նրանք հարցնում էին, թե ինչի վերաբերյալ, խորիմաստ ժպտում էր։ Ինչո՞ւ եք, օրինակ, մարդկանց ասում, որ մի պատմություն պատմեն։ «Խնդրում եմ, չասեք թեկնածուներին, բայց դա մի հարց է, որի միջոցով պարզում ենք թեկնածուների արագ կողմնորոշվելու ունակությունը։ Այդ հարցը տալով, չենք ասում՝ մի դեպք պատմեք ձեր կյանքից կամ ձեր աշխատանքային գործունեությունից, ասում ենք՝ պատմություն պատմեք։ Մարդիկ կան, որ ասում են՝ ինչի՞ մասին պատմեմ։ Սա նշանակում է, որ մարդն ինքնուրույն կողմնորոշումից թույլ է։ Եվ կան հոգեբաններ, որոնք մեթոդիկային համապատասխան, սկսում են գնահատումներ անել»։ Նկատի ունենալով այն, որ երկրում պաշտոնապես հայտարարվել է դատարանների ռեֆորմ, ձեր հարցերը փոխե՞լ եք մինչհեղափոխական ժամանակի քննական հարցերի  համեմատ։ Մեր այս հարցին Հայկ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մենք այս տարի Հոլանդիայից հոգեբան ենք հրավիրել՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերից մեկի ֆինանսական օգնությամբ, նա մեզ օգնել է մշակել արժեքները բացահայտող հարցաշարը՝ վարքագծային, մարդու հոգեբանական կերպարը բնորոշող։ Դրա վրա այս անգամ շեշտադրում ենք արել, բայց դա արել ենք մինչեւ այս դեպքերը, որովհետեւ մենք եվրոպական փորձ ուսումնասիրեցինք ու հասկացանք, որ դատավորի թեկնածուների բանավոր զրույցին ավելի շատ տեղ պետք է տանք ու բացահայտենք իր վարքագծային հոգեբանությունը»։ 

«Սրանք ինչ-որ տարերային ինտուիտիվ ու խորը չգնահատված, չըմբռնված ընթացակարգեր են»,- իր տպավորությունը կարճ ամփոփեց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը, որը դիտարկում էր հարցազրույցի ընթացքը։ Սակայն խոստացավ բովանդակային հարցերի պատասխանել դիտարկումն ավարտելուց հետո։