Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերվել են այլ մարդկանց սեփականություններ

Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերվել են այլ մարդկանց սեփականություններ

Հայաստանում տասնամյակներ շարունակ կազմակերպվել են կեղծ աճուրդներ, այդ թվում՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, աճուրդներ, որոնք տեղի են ունեցել սահմանված կարգի խախտմամբ, ոչ օրինական։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը՝  անդրադառնալով  բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ապօրինի կերպով  սեփականաշնորհված հողատարածքներն օրինական ճանապարհով  պետությանը վերադարձնելու գործընթացին։

«Հիմա մի շարք մարզերի համայնքներում տասնյակ հեկտարների հողատարածքներ տարբեր մարդկանց են պատկանել, բայց նրանց անունով սեփականության վկայականները հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանի տանը։ Այս հեկտարները գտնվում են էջմիածին, Արշալույս, Գրիբոյեդով, Ակնալիճ, Ծաղկունք և այլ համայնքներում, և այնտեղ այս պահին ուսումնասիրություններ են կատարվում»։ 
Նա նշեց, որ չեն մտնում քննչական գործողությունների մեջ, սակայն գոնե համապատասխան ցուցմունքներ այս մասին կան և նախնական եզրակացություն։

Սուրեն Պապիկյանը հրաժարվեց նշել նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների անուններ, որոնց կողմից իրականացվել են օրենքի խախտմամբ հողի սեփականաշնորհում՝ խորհուրդ տալով սպասել համապատասխան մարմինների կողմից քննվող գործերի ավարտին։

Ի՞նչ կասի նախարար Պապիկյանը ներկա իշխանավորների մասին։ Ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանն ասաց․ «Երևի սկսեմ ականջիս անսովոր մի արտահայտությամբ, որ ներկա պաշտոնյաները տիրապետում են ինչ-որ հանքերի։ Ես խնդրում եմ չորրորդ իշխանությանը լինել գերուշադիր, և եթե Հայաստանի Հանրապետությունում որևէ պաշտոնյա իր պաշտոնեական լիազորությունները շրջանցելով զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, խնդրում եմ բարձրաձայնել, իրազեկել համապատասխան մարմիններին»։