Դուք՝ «երեք տառ», դուք՝ հասարակ մի դերանուն

Դուք՝ «երեք տառ», դուք՝ հասարակ մի դերանուն

Նրանք, ովքեր մտածում են, որ երեկվա ԱԺ նիստում ԲՀԿ-ական պատգամավորների նյարդերը տեղի տվեցին, այսպես կոչված, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթի պատճառով, չարաչար սխալվում են: Ամեն ինչ սկսվել էր դեռ ԱԺ նիստից առաջ, երբ կրպակներում էր հայտնվել «Ժամանակ» թերթի թարմ համարը:

Հավանաբար, շատերը գիտեն, որ Արման Բաբաջանյանը, պատգամավորական գործունեությանը զուգահեռ, զբաղվում է նաեւ ակտիվ լրագրությամբ: Պատգամավորի՝ լրագրությամբ զբաղվելը, ճիշտ է, չի արգելվում օրենքով, բայց ոչ մի կերպ, նույնիսկ վարչապետի եւ նրա ընտանիքին պատկանող թերթի տեսանկյունից, խրախուսելի չէ այն լրագրությունը, որով զբաղված է մեր իշխանությունների սրտի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Եվ ուրեմն՝ ի՞նչ էր տեղի ունեցել նիստից առաջ․ թերթն այդ օրը լույս էր տեսել առաջին էջի ամենավերեւում Գագիկ Ծառուկյանի լուսանկարով՝ կողքին այսպիսի մակագրությամբ. ««Հաջորդը, որպես թիրախ, լինելու է ԲՀԿ-ն», էջ՝ 3»: Սա անոնս էր այն մասին, որ թերթի 3-րդ էջում բոլոր ԲՀԿ-ականներին (եւ ինչո՞ւ միայն նրանց) հետաքրքիր անակնկալ է սպասվում: Այս օրերին «թիրախ» բառը, ինչպես հասկանում եք, բավականին դյուրազգաց է դարձրել հանրությանը:

Անհամբերությամբ բացում եմ թերթի 3-րդ էջը: «Արամ Ամատունի» եւ «Ա. Ամատունի» ստորագրությամբ երկու հոդված կա՝ երկուսն էլ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան մասին, երկուսն էլ՝ բովանդակային առումով աղտեղություն, բայց երկուսն էլ խիստ հայրենասիրական վերնագրով: Իսկ ո՞ւր է ԲՀԿ-ի մասին նյութը: Այն դրել են 4-րդ էջում: Ոչինչ՝ բոլորի հետ էլ կարող է պատահել: Նայում եմ ստորագրությունը՝ դարձյալ «Արամ Ամատունի»: Ինչպիսի՛ բեղուն գրիչ ունի այս Ամատունին, նույնիսկ նախանձել կարելի է: Բայց Ամատունիով հիանալու պահը չէր, պետք էր տեսնել, թե ինչու է ԲՀԿ-ն «որպես թիրախ» հաջորդը լինելու:

Կարդացի դավադրությունների տեսությունից ծնված այդ շեդեւրը, որն իլյուստրացված էր Գագիկ Ծառուկյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մեծադիր լուսանկարով: Որ Արման Բաբաջանյանը ոչ մի կերպ չի կարողանում մարսել Արթուր Վանեցյանի ապտակները, բոլորը գիտեին, բայց որ Արմանն անցել է Գագիկ Ծառուկյանին Արթուր Վանեցյանով կամ Վանեցյանին Ծառուկյանով վախեցնելու մարտավարությանը, գոնե ինձ համար նորություն էր: Երկու տողով ներկայացնեմ հոդվածի բովանդակությունը: Եվ ուրեմն՝ ըստ Արման Բաբաջանյանի, Վանեցյանը մտել է քաղաքական դաշտ եւ սպառնում է իր հետեւից տանել ԲՀԿ ընտրազանգվածի մի մասը: Գագիկ Ծառուկյանը հենց այդ պատճառով էլ հայտարարել է, որ չի համագործակցելու Վանեցյանի հետ: Դրանով, սակայն, Ծառուկյանի խնդիրները չեն ավարտվում: Նախկինների դաշտում ընթանում են պրոցեսներ՝ գերակա դիրքի հասնելու համար, ու հենց նման դիրքի հասնի որեւէ այլ ուժ, ԲՀԿ-ն դառնալու է նրա թիրախը: Ասել է թե՝ Բաբաջանյանը փորձում է ԲՀԿ-ին տողատակով ասել՝ պարեք Նիկոլի դուդուկի տակ եւ չփորձեք որեւէ համագործակցության գնալ Վանեցյանի ու մյուսների հետ, որովհետեւ նրանք առաջինը ձեզ են «մորթելու»:

Իսկ հիմա հարց՝ ի՞նչ կապ ունի ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Արամ Ամատունի» ստորագրությամբ հոդված հետ։ Ասեմ, որ ընթերցողները վստահ են, որ Արամ Ամատունին Արման Բաբաջանյանի գրական «կեղծանունն» է: ԲՀԿ-ն էլ, բնականաբար, ԱԺ նիստի էր եկել «ոնց թե դու մեզ (Գագիկ Ծառուկյանին) այդպիսի բան ասես, դե ասելը դու հիմի տես» մարտավարությամբ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուշացած հորդորները, թե պատգամավորները կարող են լռվել «բեսեդկայում» եւ այնտեղ մաքրեն իրենց հաշիվները, մեծ ազդեցություն չունեցան ԲՀԿ-ականների հոծ բազմության վրա, որ կենտրոնացել էր դեպի Արման Բաբաջանյանի աթոռը տանող աստիճանների վրա: Նրանք ինչ պետք էր՝ Արմանին ասացին ու դեռ մի բան էլ ավելի:

Առակս զի՞նչ ցուցանե: Նախ՝ անկախ պատգամավորը պետք է անկախ լինի եւ չծառայի իշխող ուժին: Սա նրա հաջողության գլխավոր նախապայմանն է: Եվ ապա՝ եթե պատգամավորը որոշ հանգամանքների բերումով «գործ տվողի» համբավ է ձեռք բերել, նա պարտավոր է ներողություն խնդրել իր ընտրողներից եւ վայր դնել մանդատը, որովհետեւ Հայաստանում գործ տվողների «ինստիտուտի» հանդեպ առկա է համաժողովրդական զզվանքի խիստ մեծ չափաբաժին: 
Եվ վերջում՝ հետգրություն ընդդիմադիր մամուլի դեմ պայքարող Փաշինյանի համար: Պարոն Փաշինյան, դուք հաճախ եք միմյանցից զատում լրատվամիջոցն ու քարոզչամիջոցը: Դա կարող է որոշակի էֆեկտ ունենալ, եթե զերծ մնաք ընդդիմադիր եւ իշխանական լրատվամիջոցների նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելուց: Ահավասիկ, Ձեր աչքի առաջ է կոնկրետ դեպքը: