Վարազդատ Կարապետյանի՝ տավարաբուծության մասին նախագիծը  

Վարազդատ Կարապետյանի՝ տավարաբուծության մասին նախագիծը  

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը շրջանառության մեջ է դրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է «Ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտը» 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 52-րդ կետով, որով կսահմանվի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների օտարումը Հայաստանի տարածքում ավելացված արժեքի հարկից ազատելու մասին դրույթ: Օրենքի նախագծի հեղինակի գնահատմամբ՝ անասնատերերին ձեռնտու է կենդանիները վաճառել Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ այդ դեպքում իրացումն ազատված է ԱԱՀ-ից: Այս պարագայում առաջանում են տոհմային խոշոր եղջերավոր կենդանիները հարեւան երկիր արտահանելու երկկողմ շահեր, ինչն էլ մեծ վնաս է հասցնում ՀՀ-ին` տոհմային անասնապահությունը զարգացնելու ծրագրի իրագործման բնականոն ընթացքն ապահովելու տեսանկյունից:

Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների վաճառքն ազատվի ԱԱՀ-ից, կնվազի վաճառքի գինն առնվազն 20 տոկոսով, եւ դա շահավետ կլինի ե'ւ վաճառողի, ե'ւ տեղացի գնորդի համար: Վաճառողն այլեւս ստիպված չի լինի հավելյալ ծախսեր կատարել` իր ապրանքը արտահանելու համար, տեղացի գնորդն էլ ստիպված չի լինի կենդանի ձեռք բերել դրսում, քանի որ ԽԵԿ-երի ներմուծումը նույնպես ազատված է ավելացված արժեքի հարկից:

Հիշեցնենք, որ 2007-2015 թթ․ իրականացված տավարաբուծության զարգացման ծրագրով նախատեսվում էր որակապես բարելավել տավարաբուծության ուղղությամբ իրականացվող տոհմասելեկցիոն աշխատանքները, աջակցել տոհմային տնտեսությունների ձեւավորմանը, նպաստել գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացմանը եւ խթանել հայրենական սելեկցիայի արդյունքում ստեղծված կովկասյան գորշ ցեղի գենոֆոնդի պահպանման գործընթացը:

Ծրագրի շրջանակներում, պետական աջակցությամբ, արտերկրից ձեռք են բերվել աշխարհում ամենաբարձր կաթնատվություն ունեցող հոլշտինյան, ինչպես նաեւ շվից, սիմենթալ ցեղի երինջներ եւ լիզինգային եղանակով հատկացվել գյուղական բնակչությանը: Ընդհանուր առմամբ, ծրագրի վրա ծախսվել է շուրջ 3 մլրդ դրամ, ՀՀ են ներկրվել 2.506 գլուխ տոհմային երինջներ: Ըստ գյուղատնտեսության նախարարության տեղեկանքի, ներկայումս ՀՀ-ում առկա են շուրջ 3000 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ: Այսօր էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ծրագրեր է նախապատրաստել տոհմային անասնապահությունը զարգացնելու եւ տոհմային երինջների ներկրումը Հայաստան շարունակելու ուղղությամբ: Ներկրված տոհմային երինջների սերունդներն ունեն մեծ պահանջարկ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս:

Պահանջարկի հիմնական պատճառը ոչ միայն նրանց բարձր մթերատվությունն է, այլ նաեւ այն, որ ներկրվող երինջները խիստ զգայուն են բնակլիմայական փոփոխությունների նկատմամբ, ինչն էլ հանգեցնում է սկզբնական շրջանում երինջների գլխաքանակի անկման, իսկ տեղում ստացված սերունդն արդեն հարմարվել է Հայաստանի բնակլիմայական պայմաններին: Ըստ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ 2018 թվականին հանրապետություն ներկրվել է 853 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 214 գլուխն օգտագործվել է հետագա բուծման նպատակով, իսկ մնացածն իրացվել է որպես միս: Ըստ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության պետական մարմնի տվյալների, 2018 թվականին հանրապետությունից արտահանվել է 3․122 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 83 գլուխը՝ տոհմային: