«Սեդրակ Նազարյանն ասաց, որ ես բեռ եմ դարձել իրենց գլխին»

«Սեդրակ Նազարյանն ասաց, որ ես բեռ եմ դարձել իրենց գլխին»

ՊՊԾ գնդի գրավման գործով շարունակվում է տուժողների հարցաքննության փուլը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հարցաքննվեցին երկու տուժողներ, որից հետո դատարանի որոշմամբ երկրից բացակայող երկու տուժողների և դատական նիստին  չներկայացած ևս երկուսի նախաքննական ցուցմունքները հրապարակվեցին մեղադրողների կողմից։ 

Դատարանում հրապարակվեց տուժող բժիշկ Դավիթ Տոնոյանի հարցաքննության արձանագրությունը։

Նա գրել է, որ գնդի տարածքից ահազանգ են ստացել, որ ներսում վիրավորներ կան, և իրենք տեղափոխվել են գնդի տարածք՝ բժշկական օգնություն ցույց տալու․ «Սկզբում ասացին, որ թույլ չեն տա մեզ լքել գնդի տարածքը, պահանջում էին, որ առողջապահության նախարարը գա և իրենց բժշկական օգնություն ցույց տա։ Հետո մեզ ասացին, որ բաց կթողնեն, եթե փոխարինող բրիգադ ներկայանա։ Արեգ Կյուրեղյանը վերցրել է իմ հեռախոսը, ու սկսել էին տարբեր զանգեր կատարել։ Տարածքում բոլորը զինված էին ատրճանակներով, մի քանիսի մոտ կային նաև նռնակներ»։

Տուժողը նաև նշել է, թե գնդի ներսում գտնվելու ժամանակ սթրեսային վիճակում է եղել, կեղծ խոստում է տվել, որ դուրս գալուց հետո կօգնի գունդը գրաված անձանց․ «Սեդրակ Նազարյանն ինձ ասաց, որ ես բեռ եմ դարձել իրենց գլխին, իրենց իմ օգնությունը պետք չէ, և շուտով ինձ բաց կթողնեն։ Ես դուրս եկա գնդից և ոստիկաններին հայտնեցի, որ հեռախոսի քարտն Արեգ Կյուրեղյանը վերցրել, փոխարենն ինձ տվել է իրենը»։

Տուժողը նաև ցուցմունքում գրել է, որ գնդի ներսում Պավել Մանուկյանին չի տեսել, քանի որ նախքան իրենց մտնելը, նա վիրավորված է եղել և տեղափոխվել է հիվանդանոց։ Փոխարենը տուժողը ներկայացրել է, որ Վարուժան Ավետիսյանին է տեսել՝ բուժկետում շրջելիս։
Անդրադառնալով Արթուր Սարգսյանին՝ Հաց բերողին, տուժողն ասել է, որ գնդի ներսում լսել է, որ մեքենաների մարտկոցներ է լիցքավորել, բայց անձամբ նրան չի տեսել։