Ո՞րն է իրականում «Սանիթեքի»՝ Երևանում ասուլիս չտալու պատճառը

Ո՞րն է իրականում «Սանիթեքի»՝ Երևանում ասուլիս չտալու պատճառը

Երկու օր է՝ համացանցում աղմուկ է բարձրացել, թե ինչու է Երևանի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերության ղեկավարությունը որոշել վաղը՝ հուլիսի 31-ին, ասուլիս հրավիրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, այլ ոչ թե Երևանում։ Իշխանականները կամ իշխանամետ ընդդիմադիրները մեղադրում են «Սանիթեքին», թե սա հակազգային քայլ է, սա կարող է վնասել երկրի հեղինակությանը, ուստի ոմանք իրենց «ընդդիմադիր» դիրքերից ցատկ են կատարել՝ կանգնելու քաղաքապետ Հայկ Մարությանի կողքին, քանզի համարում են, որ այսօր երկրի արժանապատվությունը Հայկ Մարությանն է, իսկ իրենք Մարությանի կողքին կանգնելով՝ իբրև թե կանգնում են արժանապատվության կողքին։ «Սանիթեքից» էլ չեն պարզաբանում, թե ինչու են որոշել ասուլիս հրավիրել հարևան երկրում՝ խոստանալով բոլոր հարցերի պատասխանը տալ վաղը, Թբիլիսիում։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ այսօր կոչ արեց «Սանիթեքի» ղեկավարությանը՝ վերադառնալ Հայաստան ու Երևանում կազմակերպել իրենց ասուլիսը։ Բայց ամբողջ հարցն այն է, թե արդյոք կարո՞ղ են «Սանիթեքի» ղեկավարները գալ Հայաստան։

Hraparak.am-ի տեղեկություններով՝ «Սանիթեքի» ղեկավարների նկատմամբ իշխանությունները որոշել էին քրեական գործ հարուցել և կալանավորել։ Եվ արդեն կալանքի սանկցիան գրեթե պատրաստ էր, որ «Սանիթեքի» լիբանանահայ ղեկավարներն իմացել են այդ մասին ու լքել հանրապետությունը։ Դրա համար էլ նրանք ասուլիս են տալիս հարևան երկրում, քանզի մտավախություն ունեն, որ գալով Հայաստան՝ նրանց կկալանավորեն։ Հուսով ենք՝ Թբիլիսիում ասուլիս հրավիրելու պատճառների մասին առավել մանրամասն և ստույգ կպարզաբանեն «Սանիթեքի» ղեկավարները վաղը Թբիլիսիում։