Երեկ Ադրբեջանը հերթական հայ զինվորին է գերեվարել` իրենք խաղաղությունից են խոսում

Երեկ Ադրբեջանը հերթական հայ զինվորին է գերեվարել` իրենք խաղաղությունից են խոսում

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ապրիլի 26-ին, ժամը 14-ին Ազնավուրի հրապարակում իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր դրել պատերազմում նահատակված Աբգար Նազարյանի մայրը` Նաիրա Նազարյանը: Զրուցել ենք նրա հետ:

- Դուք եւ էլի շատ զոհված զինծառայողների ծնողներ կոչ եք արել միանալ ձեր՝ Ազնավուրի հրապարակի ակցիային: Այս ակցիայի հիմնական նպատակը ո՞րն է:

- Հիմնական նպատակն այն է, որ զոհված զինծառայողների ծնողների ձայնը նախ լսելի լինի` պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների վերաբերյալ: Այդ հանցագործությունների վերաբերյալ դատախազությունում կան դիմումներ, մենք ցանկանում ենք իմանալ, թե այդ դիմումներն ինչ ընթացքում են, եւ, վերջապես, մեր զավակների կյանքի համար ինչ-որ մեկը պատասխանատվություն կրելո՞ւ է, թե՞ ոչ: Երբ ինչ-որ մեկն ԱԺ-ում ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, ուզում ենք հասկանալ, թե դատախազությունն այդ ցուցմունքն ինչ է անելու, ընդունելո՞ւ է ի գիտություն, թե՞ թղթի վրա գրված՝ ուղղակի ինչ-որ մի տեղ պահելու է: Մենք ուզում ենք հասկանալ՝ սա օրենքի երկի՞ր է, թե՞ ինչ է, երբ ամբողջ աշխարհում մարդը գերագույն արժեք է, փաստորեն, այստեղ մատաղ սերնդին ինչ վերաբերմունքի են արժանացնում:

- Իսկ ի՞նչ եք կարծում` Ձեր խոսքը լսելի կլինի՞, կտա՞ արդյունք:

- Պետք է որ տա: Էլ սպասելու տեղ չկա:

- Ես որքանով հասկացա, Ձեզ վրդովեցրել է վարչապետի վերջին աղմկահարույց հայտարարությունը:

- Կոնկրետ իմ զայրույթը շարժվել է դեռ ընտրություններից հետո: Իրենց ընտրվելն ու իշխանության գալն արդեն բավական է: Ես չէի սպասում, որ ինքը մի նոր բան ասի, որ ես նոր հասկանամ, թե ինչ է կատարվել իրականում: Ես ի սկզբանե իմացել եմ ամեն ինչ: Իմ երկու ամսվա զինծառայող տղան իրավունք չուներ առաջնագծում հայտնվելու:

- Տեղյա՞կ եք՝ քանի՞ զոհվածի ծնող է միանալու Ձեզ:

- Շատ-շատ են, բայց կոնկրետ չեմ կարող նշել:

- Նիկոլ Փաշինյանն անվերջ խոսում է խաղաղության դարաշրջանի մասին:

- Նիկոլ Փաշինյանը թող հիշի ֆոսֆորային ռումբերն ու երեկվա Չավուշօղլուի սատանայական ժեստը եւ դրանից հետո գնա խաղաղության դարաշրջան բացի: Եթե իր խաղաղության դարաշրջանը սա է, ես չեմ պատկերացնում, թե ինչ բան է խաղաղությունը: Ֆոսֆորային ռումբերով խաղաղության դարաշրջան չի լինում: Երեկ Ադրբեջանը հերթական հայ զինծառայողին է գերեվարել: Սա աբսուրդ է ուղղակի: