ԱԺ-ում իրար միս են ուտում

ԱԺ-ում իրար միս են ուտում

ԱԺ-ում «Զինվորականների ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին» ԲՀԿ-ի ներկայացրած օրենքի նախագծի քննարկումը վերածվեց վիճաբանության: Նախագծով առաջարկվում է, որ մարտական հերթապահություն իրականացնեն ոչ թե զինծառայության անցնելուց վեց ամիս, այլ մեկ տարի անց: «Իմ քայլի» պատգամավորները, մինչդեռ, կարծում են, որ ներկայիս պայմաններում հնարավոր չէ կատարել այդ փոփոխությունը: Իշխող ուժի պատգամավորներից շատերը նույնիսկ տեղից էին ռեպլիկներ անում ԲՀԿ-ի հասցեին:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, իր ելույթում դիմելով «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանին, ասաց. «Այստեղ հարց հնչեց, թե ինչ է արել «Բարգավաճ Հայաստանը»: Դուք պետք է տարրական բարոյականություն ունենաք՝ նման հարց չբարձրացնելու: Կներեք, Ձեր անո՞ւնը, Համազասպ: Համազասպ, մի քիչ զուսպ եղեք: Այն, ինչ արել է «Բարգավաճ Հայաստանը», երևի թե ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս հասկանալու: Երկրորդ․ արդեն իսկապես եկել է անկեղծության պահը, ուրեմն մի քիչ համեստ եղեք, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, եթե չլիներ այստեղ նստած Սասուն Միքայելյանը, և եթե չլինեին մեկ-երկուսը, որտե՞ղ կլիներ ձեր գերակշիռ մեծամասնությունը: Հաստատ՝ ո՛չ այս դահլիճում»: Պատգամավորները միմյանց մեղադրեցին պոպուլիստական քայլերի, դեմագոգիայի մեջ:

ԲՀԿ-իշխանություն փոխադարձ կսմիթներին միջամտեցին նաեւ ԼՀԿ-ականները:
Էդմոն Մարուքյանն «Իմ քայլի» պատգամավորներին հիշեցրեց, որ նույն նախագիծը ժամանակին բերել է Նիկոլ Փաշինյանը:

Մխիթար Հայրապետյանի ելույթի ժամանակ միջամտեց Գևորգ Գորգիսյանը, Հայրապետյանը նրան կոշտ տոնով կոչ արեց լռել: Այնուհետև միջամտեց Էդմոն Մարուքյանը՝ դու ո՞վ ես: Դու չի, Դուք է՝ պատասխանեց Հայրապետյանը: Միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով Մարուքյանին, որ Մխիթար Հայրապետյանն ԱԺ կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ու սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահն է:

Մխիթար Հայրապետյանը, ԱԺ ամբիոնից դիմելով «Լուսավոր Հայաստանին», որը տեղից արձագանքում էր «Իմ քայլի» պատգամավորների կողմից հնչող դիտողություններին, ասաց, թե խնդրում է նրանց փոխել ոճը, այլապես իրենք կփոխեն իրենց ոճը: «Իսկ դուխի հետ կապված՝ առնվազն էս հատվածը պրակտիկորեն ցույց է տվել իր դուխը»,- ասաց երիտասարդ պատգամավորն ու հորդորեց «չխաբվել» իրենց տարիքին:

Այնուհետև երիտասարդ Հայրապետյանը սկսեց «հաթաթաներ» տալ ԱԺ ամբիոնից ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանին՝ ասելով. «Ուրեմն լռեք, այ քեզ… մյուս անգամ չեմ թողնի տեղից, ընդհանրապես ձեն հանեք ստեղից, լռեք՝ ասեցի, այ քեզ բան: Դու չի, Դուք ա ձեզ համար»: