Սասուն Միքայելյանին խորհուրդ կտայի արջ պահել

Սասուն Միքայելյանին խորհուրդ կտայի արջ պահել

Մանվել Գրիգորյանին copy, իսկ այնուհետեւ paste արած Սասուն Միքայելյանը կարող է հանգիստ տրվել կյանքի վայելքներին: ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահ ընտրվելուց հետո նա, ի դեպ, նախագահի միակ թեկնածուն էր, Սասուն Միքայելյանն ամբողջացրեց Մանվել Գրիգորյանի կենսագրության մի մեծ հատված: Մինչ այդ նա պատգամավոր էր դարձել, որդուն կարգել Հրազդանի քաղաքապետ, եւ մնացել էր միայն ԵԿՄ նախագահի պաշտոնը: Իսկ հիմա արդեն մնում է, որ իր ֆազենդայում Սասուն Միքայելյանը մի քանի անասուն պահի, մի քանի վիլիս կանգնացնի գարաժում, եւ մենք Մանվել Գրիգորյանի բացակայությունը չենք զգա:
Նշված համագումարին, իսկ հետո՝ նաեւ կերուխումին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, Սերժ Սարգսյանի ներկայությունը խորհրդանշեց, մի տարբերությամբ, որ Սերժ Սարգսյանը գերագույն գլխավոր հրամանատար էր, իսկ Փաշինյանը, քանի դեռ պատերազմ չկա, համարվում է Սասուն Միքայելյանի անմիջական շեֆը: Այսքանից հետո մնում է արձանագրել, որ ԵԿՄ սխրանքն առայժմ մանվելիզմի գոհարակերտ բարձունքներից այն կողմ չի անցել: Իսկ թե դա ում «պասով» կամ ում հրահանգով եղավ, մեկ ուրիշ քննության նյութ է, որովհետեւ Սասուն Միքայելյանը նախապես հայտարարել էր, որ ինքը երբեք չի դառնա ԵԿՄ նախագահ:

Իսկ հիմա` մեկ-երկու խոսք ամենատգեղ երեւույթի` ԵԿՄ-ն քաղաքականացնելու մասին: ԵՊՀ-ն ապաքաղաքականացնող Փաշինյանի օրոք ԵԿՄ-ն այնքան քաղաքականացավ, որ այն ավելի քաղաքականացնելու տեղ այլեւս չմնաց: «Քաղպայմանագիր» կուսակցության առաջնորդին դրեցին ԵԿՄ-ի գլխին` հաշվի չառնելով, թե ինչպիսի թյուր պատկերացում ունի Արցախյան պատերազմում տարած հաղթանակի եւ այդ հաղթանակի մեջ երկրապահ կամավորականների ունեցած մեծ դերակատարության մասին: Սասուն Միքայելյանի մտածողությամբ մարդը (թավշյա հեղափոխությունն ավելի կարեւոր իրադարձություն է, քան արցախյան գոյամարտը) ԵԿՄ-ում ընդամենը նշանակովի ֆունկցիոներ է, ավելին ասեմ` կուսակցական ֆունկցիոներ, որ փորձելու է ամեն ինչ անել` «Երկրապահը» թավշյա կառույց դարձնելու եւ Փաշինյանի քաղաքականության մեջ որպես գործիք օգտագործելու համար: Ասում եք` Սերժի ժամանակ է՞լ «Երկրապահը» գործիք էր: Չեմ վիճում: Իսկ կասե՞ք, թե հիմա ինչ են անում իշխանությունները, երբ Սերժը չկա, եւ, կարծես, Նիկոլի ժամանակն է:

Ցանկություն կա՞ իմանալու, թե «բանակից թռածների» ինչին էր պետք «Երկրապահը», եւ ինչու նրանք այս «որձ» կառույցը, Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, մտցրեցին ՔՊ-ի տակ: Քաղաքական նպատակները (ԵԿՄ-ի ֆոնին PR-վել, ԵԿՄ-ով ազդել քաղաքական գործընթացների վրա, ընտրություններին ստանալ ԵԿՄ-ի ձայները եւ այլն) դեռ դնենք մի կողմ: Իսկ ի՞նչ ասենք այն սպառնալիքների մասին, որոնք կախվում են ԵԿՄ-ի գլխին` «Իմ քայլը» դաշինքի փեշի տակ մտնելուց հետո: Ի՞նչ է տեղի ունենալու ԵԿՄ-ի նման ազգային երեւույթի հետ` կոսմոպոլիտների այդ շրջապատում, որն այսօր լծված է հանրությանն այլասերելու, հայրենիքի, երկրի, ընտանիքի, կրոնի հանդեպ ունեցած մեր ակնածանքն ու ավանդական մոտեցումները ոչնչացնելու գործին: Ես հիմա երկրապահներին իսկապես չեմ նախանձում: Այդ կառույցից նույնիսկ ծպտուն չլսվեց, երբ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ այն էկզոտիկ արարածը, որին, «չգիտես ով», միտումնավոր հրավիրել էր խորհրդարան` հերթական «քաջ կին» եւ միգուցե «քաջ վարչապետ» տիտղոսին արժանանալու նպատակով:

Համաձա՞յն է, արդյոք, ԵԿՄ-ն այն մտքին, թե մենք Արցախյան պատերազմում զոհեր ենք տվել հանուն ոչնչի: Հազիվ թե: Բայց տղերքը Նիկոլի ու Սասունի հետ լավ կերած-խմած` «շնթռած» են դեռ: Ո՞վ պետք է խոսի, ի՞նչ պետք է ասի… Վաղը, մյուս օրն այս իշխանությունները մեզ են մեղադրելու ադրբեջանցիների հետ կոնֆլիկտ հրահրելու մեջ: Ունակ են նաեւ դրան: Ի՞նչ է անելու Սասունի երկրապահն այդ օրը: Դարձյա՞լ չլսելու է տալու, թե՞ բողոքի է դուրս գալու Սասունի կուսակցության դեմ: Մյուս կողմից էլ՝ տակավին անորոշ է, թե ինչպես կդրսեւորի իրեն ԵԿՄ-ն, երբ «վտանգ սպառնա» Սասունի կուսակցության մենիշխանությանը:

2008-ին մի շատ հայտնի պապի այդպես էլ չկարողացավ Մանվել Գրիգորյանին ու ԵԿՄ-ին գցել իր ցանցը: Բայց ես չգիտեմ` Սասունը եւ իր ԵԿՄ-ն ի վիճակի կլինե՞ն կրկնել Մանվել Գրիգորյանի այն օրերի «սխրանքը» եւ հայտարարել, որ միանում են Փաշինյանի կասկածելի հաղթանակի դեմ բողոքող ընդդիմությանը:

Այո, ի՞նչ արած, այսօր դժվար է Հայաստանում անուղղելի լավատես լինել: