Գյուղացի ե՛ք, քթներդ կախ պտի աշխատիք, մենք էլ  պտի ուտենք ու ֆռֆռանք․ գյուղապետը՝ կառավարությունից

Գյուղացի ե՛ք, քթներդ կախ պտի աշխատիք, մենք էլ  պտի ուտենք ու ֆռֆռանք․ գյուղապետը՝ կառավարությունից

Արագածավան խոշորացված համայնքում ջրի վարձի առաջիկա և գրեթե եռակի թանկացման պատճառով երեկ կրկին գյուղացիները փակել էին ճանապարհը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալի գալուց հետո հերթական անգամ բացել, հիմա սպասում են, տեսնեն ինչ կլինի, բայց վստահ են, որ էլի մի քանի օրից փակելու են։ Պատճառը, ինչպես հայտնի է, այն է, որ մեկ հեկտարի համար ոռոգման վարձը 20 հազարից դառնում է 57 հազար դրամ։

Հիշեցնենք, որ Երևան-Արագածավան ավտոմայրուղին նախավերջին անգամ փակելուց հետո եկել էին հայտարարի, որ ոռոգման սեզոնը սկսելու են, ապա անցած երեքշաբթի գյուղից խումբ պետք է գնար կառավարություն՝ ջրի վարձը քննարկեին։

Hraparak.am-ը զրուցել է Արագածավան խոշորացված համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանի հետ, ում խոսքով՝ կառավարությունը  Ջրային կոմիտեի ինչ-որ «20-ական», սպիտակ  «սառոչկով ու գալստուկով» երիտասարդ է ուղարկում իրենց մոտ, որը ոչ մի պատասխան չունի իրենց տալու։

- Պարոն Պապիկյան, եթե փակել էին ճանապարհը, ուրեմն  գյուղից կա՛մ պատվիրակություն չէր գնացել կառավարություն, կա՛մ ընդհանուր հայտարարի չէին եկել։

- Գնացել էր, բայց իրենց ոնց ըսած՝ համոզել, ղրկել էին, երեկ նորից ըմբոստացել էր ժողովուրդը, հենց երեկ ճանապարհը փակ էր, նորից տեղակալին ղրկել էին, ով որ պատասխան չուներ տալու, խոստացավ 3 օրվա ընթացքում զանգի, ասի՝ ինչ են որոշում։ Ամեն անգամ էն մարդը, որ կարող է, իրավասու է, կոմպետենտ է, որ պտի պատասխանի, էն մարդը չի գալում։

- Ո՞վ է այդ մարդը։

- Ես կարծում եմ՝ Ջրային կոմիտեի նախագահը, որը պետք է այս հարցը բարձրացնի համապատասխան ատյաններ՝ Ազգային ժողով, որտեղ էլ ջրի սակագինը պտի, երևի, համապատասխանեցվի։  Համամասնորեն բացատրվի՝ ինչի հետ կապված է մեր մոտ թանկ։  

Հաշվում են 60 հազար դրամ, մի հեկտար ջուրը մի անգամ հաշվել են, էղել է էդքան։ Հիմա մեր գյուղացին որ 60 հազար դրամով 1250 մետր բարձրության վրա հող մշակի, էն դեպքում, որ մեր մոտ ցորենի ամենաբարձր՝ ռեկորդային համարում ենք 2 տոննա բերքը, մեր մոտ՝  1800, 1500․․․ էդ է մեր բերքատվությունը։ Հիմա մեզ բերում-համեմատում են Արարատյան դաշտի հետ։ Արարատյան դաշտում մինչև 9 տոննա ցորեն են ստանում։ Հալալ եղնի իրենց, ես երբեք չեմ համեմատում մեկին մեկի հետ, թե ինչու իրենը շատ, ինչի է մերը քիչ։ Ստեղից եմ խոսում։ Թե ումն ինչքան շատ է, շատ ավելի լավ, որ շատ է․ ով հայերեն խոսում է, իրեն ամեն ինչ հասնում է, եթե մի անգամ թեկուզ խրամատում մի օր անցկացրել է։ Եվ վերին ատյանները պետք է հասկանան, որ մենք հայ ենք։

- Իսկ առաջ ինչպե՞ս էր։

- Առաջ՝ սովետական կարգերի վախտ, ջուրը եղել է անխափան, գյուղացին ջրել է։

- Նախկին իշխանությունների։

- 4000 էր, դարձրին 5-6-8 հազար, 10 հազար, հիմա 30 հազար է, էն էլ՝ լավությունով, պտի լավություն հաշվվի, որ 30 հազար 1 հա-ին վճարենք։ Բերում են, իրենց սարքերով վճարում են, լինում է 60-65 հազար։ Եվ ըմբոստանալը ժողովրդի առաջացավ ըտեղից։ Գիտե՞ս, ոնց որ ասում են՝ լավություն որ էնում ես, ընենց էրա, որ ես հասկնամ, որ լավություն էրիր, բայց մե բան էլ մեր փայից տանում են, ասում են՝ քեզ կիսով չափ լավություն էրինք։ Ես էլ եմ ջուրօգտագործող, ընենց չի, որ ես գյուղապետ եմ․ մենք էլ մեր ընտանիքով ստացել ենք հողակտոր, որը որ ջրի պատճառով ես տասը տարի է՝ չեմ մշակում։ Սա բոլորի բողոքն է։ Ես դեռ ստեղից (գյուղապետարանից) 160 մանեթ փող եմ ստանում՝  գյուղապետությունից, ոչինչ, կերակրվում ենք, էլ բառադի ծախսեր չեմ էնում՝ գիտենալով, որ մշակեմ-չմշակեմ՝ ըտեղից եկամուտ չկա։ 

- Լավ, բա որ բացատրում եք, որ ձեր բերքատվության պայմաններում ջրի վարձ չի կարող թանկանալ, իրենք ի՞նչ են ասում։

- Իրենք ասում են՝ դուք գյուղացի եք, ըտենց էլ քթներդ կախ պտի աշխատիք, մենք էլ վերևը նստած ենք, պտի ուտենք ու ֆռֆռանք։ Քյասար՝ ըտենց են ասում։

- Ոչ մի կերպ ըմբռնումով չեն մոտենում ձեր փաստարկներին։

- Չէ, իհարկե, եթե մենք կանչել էինք Ջուրպետկոմի նախագահին, բացատրինք, ըսինք՝ թանկ է, արեք, տեսեք ինչ եք էնում, հետո ոչ մի բան, մենք ճանապարհ ենք փակում, ինքը ղրկում է իր 20-րդ տեղակալին, որը որ նորանշանակ է, մի հատ ջահել տղա է, ոչ մի խնդրի, ոչ մի հարցի պատասխան չունի։ Գոնե մոտավորապես։ Բայց դե վերևից է եկել՝ գալստուկով, սպիտակ սառոչկով։

- Բա ի՞նչ եք անելու հետո։

- Էսօր անցավ՝ մեկ, էգուց, մյուս օրն էլ ենք սպասելու, պատասխան չեղավ, էս ժողովուրդն էլի պտի հելնի, լցվի ճամփեն, էլ ուրիշ ի՞նչ ճանապարհ կա։ Ես 77 տարեկան եմ, 20 տարվա գյուղապետ եմ, ես ո՞ր մե ցավին դիմանամ, ինչպես կըսե Սայաթ-Նովան։

- Կարծես թե փիլիսոփայորեն եք տրամադրված։

- Փիլիսոփայորեն չէ, անցածները քերթին, կաշիներն էլ հետներն առան, տարան։ Ելանք, պարեցինք, ողջունեցինք, բոլոր հարևան գյուղերը հավաքեցինք մեր կենտրոնում, 3 ժամ ըտեղ նվագեցինք, պարեցինք, որ էս անաստվածները գային, մե ճար էնեին։