Թե տղա եք, եկեք բռնեք

Թե տղա եք, եկեք բռնեք

Երեկ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը մի «գողական» հայտարարություն տարածեց՝ դրանով փորձելով շախ եւ մատ անել իր դեմ գործ հարուցած ՀՔԾ-ին։ Վերջինս, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրել Պողոսյանին մի շարք հոդվածներով եւ դիմել դատարան՝ նրան կալանավորելու միջնորդությամբ։ Բայց Պողոսյանը երկրում չէ, ուստի նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Իրականում Միհրան Պողոսյանը տեւական ժամանակ է, որ գտնվում է Մոսկվայում, նա ազատ շրջում է ՌԴ մայրաքաղաքում, վարում ակտիվ կենսակերպ, նրան հաճախ կարելի է տեսնել տարբեր ժամանցի կենտրոններում ու սրճարաններում, օրինակ՝ Մոսկվայի թանկարժեք «Արարատ հայաթ» հյուրանոցի բարում, թիկնապահների հետ, այնպես որ, նրա տեղն իմանալը բարդ բան չէ։ Բայց Պողոսյանը որոշել է էլ ավելի հեշտացնել իրավապահների գործը՝ ինքն անձամբ նրանց հայտնելով իր հասցեն, անգամ տրամադրելով հեռախոսահամարը։ Սրանով նախկին գլխավոր հարկադիր կատարողը հարկադրված խաղի մեջ է ներքաշում Հայաստանի իրավապահներին՝ նրանց բացահայտ մարտահրավեր նետելով ու ՀՔԾ-ի հետ «մուկն ու կատու» խաղալով։

«Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն․ 139։ Ավելին՝ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաեւ Միհրան Պողոսյանի հեռախոսահամարը։ Կոչ ենք անում պատկան մարմիններին անտեղի չվատնել պետական ռեսուրսներն ու բեմականացված հայտարարություններով չփորձել օրենքի անխոնջ պահապաններ ներկայանալ։ Ձեր առաջնահերթ գործառույթն օրենքի եւ արդարության հաստատումն է»,- ՀՔԾ-ի «պորտը տեղն է դրել» հարկադիրի Միհրանի գրասենյակը։ 

Նշենք, որ Միհրան Պողոսյանը Հայաստանից մեկնել է անցյալ տարվա աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, դրանից հետո՝ Ամանորին, վերադարձել է Հայաստան, ապա դարձյալ մեկնել Մոսկվա։ Բայց միայն Մոսկվայում չէ, որ նա լինում է, իր բիզնեսների աշխարհագրությամբ պայմանավորված՝ նա ամենատարբեր երկրներում է լինում, պարզապես, հիմնական բնակատեղին Մոսկվան է։ Ամենաուշագրավը, սակայն, Պողոսյանի գրասենյակի հայտարարության տակ թաքնված ինքնավստահությունն է։ Փաստորեն, Միհրան Պողոսյանն այնքան վստահ է, որ իրեն չեն կարողանա բռնել, կամ ՌԴ իրավապահներն իրեն չեն արտահանձնի, որ նման հայտարարություն է տարածում՝  հասկացնելով․ «Թե տղա եք, եկեք բռնեք»։ Ի դեպ, օրեր շարունակ լուրեր կային, որ Ռուսաստանը հրաժարվելու է նրան հանձնել, այնպես, ինչպես արվեց Միքայել Հարությունյանի, Վահագն Հարությունյանի դեպքերում։ Եվ եթե Մ․ Հարությունյանի դեպքում պնդում կար, որ նա Ռուսաստանի քաղաքացի է, դա է չհանձնելու պատճառը, ապա արդեն ակնհայտ է, որ քաղաքացիությունը կապ չունի։ Սրա պատճառները պետք է փնտրել հայ-ռուսական լարված հարաբերությունների կոնտեքստում, որքան էլ որ Նիկոլ Փաշինյանը պնդի, թե հարաբերությունները գերազանց են։