Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտը բացահայտվել է

Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտը բացահայտվել է

Դեկտեմբերի 30-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են երկու տղամարդ զրուցելով բարձրանում ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հետևից: Այդ ընթացքում նրանցից մեկը բացահայտ հափշտակում է Ռաֆայել Քոթանջյանի դրամապանակն ու փախնում: Դրամապանակում եղել էր փող, քարտեր և անձը հաստատող փաստաթուղթ: Դեպքը տեղի էր ունեցել մայրաքաղաքի Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկի գետնանցման աստիճանահարթակին:

Դեպքի առթիվ քրգործ էր հարուցվել՝ կողոպուտի հատկանիշներով: Այսօր, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևանի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները, Երևանի Նորագյուղ թաղամասի Ամերիկյան փողոցի տներից մեկում հայտնաբերել ու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի Ա. Շամիլովին: 

Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Շարունակվում են միջոցառումները նրա հանցակցին՝ դարձյալ Վրաստանի քաղաքացի Ա. Անանիկյանին, հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու միջոցառումները: 
Ոստիկանությունը Անանիկյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել ոստիկանության Կենտրոնական կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02: 
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: