Վստրեչի Ապերը վիճեց տուժողի հոր հետ. մեկնարկեց քրեական հեղինակության գործով դատական նիստը

Վստրեչի Ապերը վիճեց տուժողի հոր հետ. մեկնարկեց քրեական հեղինակության գործով դատական նիստը

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով նիստին ներկա էին ամբաստանյալներ Վարդանյանն ու Գարեգին Իսկանդարյանը, տուժող Մամիկոն Բագրատունին։

Մինչ նիստի մեկնարկը, Արամ Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը արգելեց լրատվամիջոցներին իրենց լուսանկարել, դրանից հետո Արամ Վարդանյանը լեզվակռիվ ունեցավ գործով անցնող վկաներից մեկի հետ, որն ավելի ուշ պարզվեց տուժողի հայրն է։ Վեճը տեւեց մի քանի վայրկյան, քանի որ նախագահող դատավորը եկավ նիստերի դահլիճ։

Նախքան գործի դատաքննությանն անցնելը, Արամ Վարդանյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց, որպեսզի գործը քննվի դռնփակ դատական կարգով՝ հաշվի առնելով, որ գործի նյութերում կան տվյալներ, որոնք վերաբերվում են անձանց կյանքին, անձնական անձեռնմխելիության իրավունքին։ Դատարանը միջնորդության քննությունը հետաձգեց։

Այսօրվա դատական նիստին փաստաբան Արայիկ Պապիկյանը ներգրավվեց, որպես գործով տուժող՝ Մամիկոն Բագրատունու ներկայացուցիչ։ 

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Մամիկոն Բագրատունին հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել:Վարդանյանը մեղադրվում է տուժողին առեւանգելու մեջ։