Պատմվածքում Դոն Ժուանը սիրահարվում է և ամուսնանում

Պատմվածքում Դոն Ժուանը սիրահարվում է և ամուսնանում

Լույս է տեսել գրող, գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի «Չարիքի զավակները» ժողովածուն, որտեղ ներառված են ժանրային առումով տարբեր գործեր․ կան հոգեբանական վիպակներ, մոնոդրամներ, որոնք կարող են գրական հիմք դառնալ մենաներկայացումների համար, սատիրական եւ այլաբանական պատմվածքներ, արդիական հեքիաթներ։

Ինչպես նկատում է հեղինակը՝ գրքի հիմքում ընկած է 92թ․ գրված իր մի պատմվածքը, որը ստեղծվեց մութ ու ցուրտ տարիներին, երբ անկողին էր մտնում երեկոյան ժամը 5-ին եւ մինչեւ ուշ գիշեր մտքում վեպ էր հորինում, հետո հաջորդ առավոտ արթնանում էր եւ մեքենագրում․ «Այդպես մի պատմվածք ծնվեց, որը հիմք դարձավ այս գրքի համար, բայց մնաց անտիպ, որովհետեւ դրա հիման վրա զարգացրեցի եւ գրեցի «Կիրկե կղզի» վեպը»։

Գրքում ընդգրկված են 1987-ից մինչ այսօր գրված գործեր, որոնց մեծ մասն արդեն մամուլում տպագրվել է․ «Մի ակնարկ կա՝ «Լուլու» վերնագրով, որն աֆրիկյան պատմություն է։ Իրական պատմություն այն մասին, թե ինչպես ուսյալ դիկտատորը, դառնալով նախագահ, ավելի ահավոր է սկսում թալանել երկիրը, քան նախկին գաղութատերերը։ Եվ մի գեղեցիկ օր եվրոպական մայրաքաղաքներից մեկում սրտի կաթվածից նա մահանում է։ Ու երբ կինը գնում է, որ նրա հարստությանը տեր դառնա, նրան ասում են, որ թեպետ սա ձեր փողն է, բայց որպեսզի օգտվեք այդ գումարից, պետք է թղթեր բերեք, թե ինչպես է Ձեր ամուսինը վաստակել այդ միլիարդները։ Իհարկե, այդ միլիարդները մնում են բանկում քնած, ինչպես բազմաթիվ բռնակալների, թալանչի նախագահների կողոպտած գումարները։ Դա իրական պատմություն է, որն ինձ պատմել է մի մարդ, ով անձամբ ծանոթ է եղել այդ նախագահին։ Նման փաստեր կարող ենք բերել նաեւ այսօր եւ ոչ միայն աֆրիկյան երկրներից։ Սա ուղղակիորեն առնչվում է նաեւ մեր իրականությանը։ Մի պատմություն էլ կա, թե ինչպես զրոները գրավում են աշխարհը եւ դա անում են շատ հասարակ ձեւով՝ զրոն գլխի վրա ցատկում է եւ դառնում զրո ամբողջ մեկ տասնորդական, կատարվում է արժեզրկում․ մեկը հարյուր անգամ պակասում է։ Կա նաեւ մի պատմվածք, երբ 49թ․ կատարվեց մի առասպելական գողություն՝ Աբովյանի վրա գտնվող ոսկու խանութը կտրեցին, եւ դա անողը 13 տարեկան տղա էր, որն ապրում էր մեր շենքում, բայց ոչ ոք երկար ժամանակ չկարողացավ պարզել դա»։

Գրքում կան նաեւ համաշխարհային գրականության հանրահայտ սյուժեների նորօրյա մշակումներ, ծանոթ կերպարների յուրատեսակ եւ համարձակ արդիականացումներ։ Անցյալի խորքերից բերված պերսոնաժներն անսպասելիորեն հայտնվում են այսօրվա խնդիրների էպիկենտրոնում, անցումը կատարվում է կտրուկ, բայց՝ բնական, նրանք սկսում են խոսել մեզ հուզող խնդիրների մասին, ասես մեր ժամանակակիցները լինեն․ «Դասական սյուժեներ կան, որ թվում է՝ ավարտված են, օրինակ՝ Դոն Ժուանի կերպարը, որին բոլոր կանայք սիրում էին, բայց նա անկարող էր թեկուզ մեկ կին սիրել, եւ դա նրա դժբախտությունն էր։ Եվ հանկարծ իմ պատմվածքում Դոն Ժուանը սիրահարվում է եւ ամուսնանում։ Դոն Ժուանի 140 մշակում կա համաշխարհային գրականության մեջ, ես էլ իմ մշակումն եմ ներկայացրել։ Կամ՝ Անդերսենի հերոսներից այն երեխան, որ ասեց՝ թագավորը մերկ է, ի՞նչ եղավ այդ երեխայի հետ, չէ՞ որ դա հասարակ երեխա չէր եւ պետք է որ փայլուն ապագա ունենար, որովհետեւ բոլորը կույր էին, մենակ նա տեսավ այդ մերկությունը։ Եվ, ահա, ես փորձել եմ այդ ապագան գուշակել, ու պարզվում է, որ ճիվաղ դարձավ, ավելի ճիշտ՝ ժամանակը, հասարակությունը, մարդասեր աշխարհը դարձրին նրան ճիվաղ»։