Ինչո՞ւ է ՍԴ-ն Քոչարյանի գործով դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով

Ինչո՞ւ է ՍԴ-ն Քոչարյանի գործով դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ տեղեկանալով հենց ՍԴ-ից։

Մասնավորապես ՍԴ-ից հայտնել են, որ «Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»։

Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը Hraparak.am-ին դժվարացավ ասել, թե որը կարող է լինել ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով դիմելու պատճառը։ «Կարող է լինել քաղաքական, կարող է լինել իրավական, կարող է լինել հաշվի առնելով բարդությունը, կախված նրանից, թե ինչ հարցադրումներ է դրվել։ Կարող է լինել նաև էն հանգամանքը, որ էդ օրենսդրության մեջ, օրինակ, նույն Վենետիկը կարծիք է ունեցել։ Վերջիվերջո, կարող է լինել մի պրոցես, որի նպատակն է հետագայի համար պոտենցիալ, շատ խնդրահարույց և վիճելի գործերով նախօրոք կարծիք ունենալ՝ ՄԻԵԴ-ում գործերը չավելացնելու նպատակով»,-ասաց Արամ Օրբելյանը։

Նկատենք, որ Քոչարյանի պաշտպանական կողմը ևս դիմել է ՄԻԵԴ՝ մի շարք խախտումների համար, և Արամ Օրբելյանն ասաց, որ դրանց մեջ 300.1 հոդվածին առնչվող մասեր կան իրենց դիմումում, բայց դա չէ հիմնական դիմումը։

Մեր հարցին՝ կարո՞ղ է ՍԴ-ի կողմցի ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելու այս հանգամանքը նաև գործը ձգձելու նպատակ ունի, պարոն Օրբելյանն ասաց․ «Դե, էսպես ասեմ կդժվարանամ ասել, էլի չեմ տեսնում նման պատճառ, բայց մի քանի ամսից պարզ կլինի՝ դա էր պատճառը, թե ոչ, որովհետև, ամեն դեպքում, դատարանի դիմումով և՛ Վենետիկի հանձնաժողովը, և՛ ՄԻԵԴ-ը էապես արագ որոշումներ են տալու՝ ի տարբերություն անհատական դիմումների, որովհետև ՄԻԵԴ-ը՝ որպես միջպետական դատարան, ավելի արագ է քննում պետությունների դիմումները»։

Ի դեպ, ՍԴ-ն օգոստոսի 20-ին և 29-ին պետք է վերը նշված գործերով որոշում կայացներ, բայց, ըստ Արամ Օրբելյանի, եթե մինչև այդ ՄԻԵԴ-ն ու Վենետիկի հանձնաժողովը կարծիք չուղարկեն, ՍԴ-ն, ըստ էության, կերկարաձգի իր որոշման հրապարակումը։ Թեպետ՝ քիչ հավանական է, որ ՄԻԵԴ-ը մինչև օգոստոսի 20-ը կարծիք ուղարկի։

«Ես չեմ կարծում՝ որևէ շանս կա, որ օգոստոսին ունենանք եվրոպական որևէ մարմնի որոշում, բայց չեմ էլ բացառում, որ մեկ էլ տեսար՝ էս վերջին զարգացումների ֆոնի վրա՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի աղմուկի, ինչ-որ չափով արագացնեն»,-ասաց Արամ Օրբելյանը։