Նոր քաղաքական պլատֆորմ՝ «Քաղաքական լիգա»

Նոր քաղաքական պլատֆորմ՝ «Քաղաքական լիգա»
Քաղաքական լիգա

 2018թ. հայկական թավշյա հեղափոխության դերն ու նշանակությունը Հայաստանի նորագույն պատմության այս շրջանի համար խիստ կարևոր են: Հեղափոխության քաղաքական արդյունքները՝ կոռումպացված նախկին իշխանությունների հեռացումը, արատավոր քաղաքական համակարգի ապամոնտաժումը և օրինական ընտրությունների անցկացումը առանձահատուկ նշանակություն ունեն Հայաստանի ներկայի և ապագայի համար: Հարկ է ընդգծել նաև հեղափոխության բերած նոր հնարավորությունները և հեռանկարը Հայաստանի հասարակության և պետության և  հայ ժողովրդի միասնականության ապահովման գործում:

Միաժամանակ մատնանշելով՝

- հեղափոխության տեղապտույտի առկա վտանգը, կառավարման անարդյունավետությունը, անհասկանալի կադրային քաղաքականությունը, նոր իշխանությունների պրոֆեսիոնալիզմի մեծ պակասն ու քաղաքական անփորձությունը,  

- կեղծիքներով ընդունված գործող Սահմանադրության վտանգները նոր, արդյունավետ և իշխանությունների տարանջատումն ապահովող պետություն կառուցելու ճանապարհին,

- նոր ձևավորված խորհրդարանում պառլամենատարիզմի բացակայությունը,

- դատաիրավական համակարգում փոփոխությունների  դանդաղումը,

Արձանագրելով՝

- բոլոր ոլորտներում համակարգային, հայեցակարգային մոտեցումների բացակայությունը, 

 - քաղաքական դաշտի անկատարությունը, գործող օրենսդրության վտանգները այդ դաշտի կայացման համար, 
Հաշվի առնելով՝

  • գլոբալացող աշխարհի մարտահրավերները ազգային ինքնության և արժեքների համար, 
Տագնապելով՝

- Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքներից, ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ռուսական գործոնի և ուղղության վտանգահարույց ներկայությունից և թելադրանքից, 

- Հայաստանի եվրաինտեգրման դանդաղումից,

- ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ոչ հայանպաստ լուծման հնարավորությունից,
Ես՝ ՀՀ քաղաքացի Նարինե Մկրտչյանս, կարևորելով ազատականությունը, ժողովրդավարությունը, Հայաստանի զարգացման արևմտյան ուղղությունը՝

Հայտարարում եմ՝  

նոր քաղաքական պլատֆորմի՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ ստեղծման նախաձեռնության մասին:
Քաղաքական լիգայի առաջնահերթություններից է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, որի խնդիրներից են՝

   • Հայաստանի ինքնիշխանության վերականգմանը նպաստող ծրագրի և գործողությունների հաջորդականության մշակումը;

• Նոր Սահմանադրության նախագծի մշակման և հանրաքվեի անցկացման պահանջների հետապնդումը, 

 • Նոր Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը ամենամոտ ժամանակներում, 

• Հայաստանի կառավարման արդյունավետության հանրային վերահսկումը: 
     Ազատ, արդար, օրինական, ժողովրդավարական, ինքնիշխան Հայաստանի կայացումը դառնալու է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ ճանապարհի ընտրությունը: 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՅՈՒՄ կարող են միավորվել անհատ քաղաքացիներ, կազմակերպություններ և կուսակցություններ:

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ