Քաղաքացու բնակարանը վաճառել են՝ առանց իր գիտության․ նա հայտնվել է փողոցում

Քաղաքացու բնակարանը վաճառել են՝ առանց իր գիտության․ նա հայտնվել է փողոցում

Դատարանների վճիռների եւ այլ փաստաթղթերի «զինանոցով» խմբագրություն ներկայացած քաղաքացի Արմեն Խալոյանը պատմում է, թե ինչպես է տնից զրկվել ու հայտնվել փողոցում։ Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ 1998թ․ հոկտեմբերի 21-ին  քաղաքացիներ Լիզա Սարգսյանի եւ Դոնարա Դավթյանի միջեւ կնքվել է բնակարանի առուծախի պայմանագիր։ Լիզա Սարգսյանը, ըստ պայմանագրի, մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամով բնակարանը վաճառել է Դոնարա Դավթյանին։ 

«Ես եւ մայրս՝ Լիզա Սարգսյանը, ապրում էինք Երեւանի Չեխովի փողոցի 33 շենքի թիվ 7 հասցեում, որը սեփականաշնորհված էր։ 1995թ․ ես մեկնել եմ Հայաստանից, ապրել Լատվիայում, 2003թ․ վերադարձել եմ, որ լուծեմ իմ խնդիրները, պարզել եմ, որ իմ համասեփականություն համարվող բնակարանն, առանց իմ համաձայնության, վաճառվել է մայրիկիս անունից։ Հետագայում պարզել եմ, որ մայրս ֆիզիկապես չէր կարող մասնակցել առուծախի պայմանագրին, քանի որ նա անկողնային հիվանդ էր, հոգեմետ դեղեր էր ընդունում։ Նա մահացել է 1999թ․»,- պատմում է Արմեն Խալոյանը։ Քաղաքացին փորձել է իր մոր գերեզմանը գտնել Կարմիր բլուրում, սակայն պարզվել է, որ չկա նրա գերեզմանը։ Այս ընթացքում նա դիմել է իրավապահ մարմիններին, որպեսզի կարողանա ապացուցել, որ ինքը տան համասեփականատեր է։ 
2004թ․ ապրիլի 6-ին Երեւանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը դռնբաց դատական նիստում քննել է Արմեն Խալոյանի հայցն՝ ընդդեմ ՀՀ ԱՆ առաջին նոտարական գրասենյակի եւ Դոնարա Դավթյանի բնակարանի նկատմամբ  կնքված առուծախի պայմանագիրը եւ վերջինիս հիմքով տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ 

Ա․ Խալոյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ 10․11․1994թ․ Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի թիվ 24/1 որոշման համաձայն՝ Չեխովի փողոցի 33 շենքի թիվ 7 բնակարանը սեփականաշնորհվել է իր մոր՝ Լիզա Սարգսյանի անվամբ՝ որպես ընտանիքի երկու անձի ընդհանուր համատեղ սեփականություն, մյուս համասեփականատերը համարվել է ինքը։ 1995թ․ Ա․ Խալոյանը դուրս է գրվել բնակարանի հաշվառումից եւ մեկնել է ՀՀ-ից։ Որոշ ժամանակ անց վերադառնալով՝ նա իմացել է, որ բնակարանը վաճառվել է առանց իր գիտության, իսկ վաճառողը՝ մայրը, վախճանվել է։ 

Դատարանը վճռել է հայցը բավարարել, քանի որ խախտվել է հայցվոր Արմեն Խալոյանի սեփականատիրական իրավունքը, հայցվորին սեփականության իրավունքով  պատկանող գույքը նրանից վերցրել են՝  անկախ իր կամքից։ Ուստիեւ՝ դատարանը գտել է, որ նման պայմաններում պետք է վերականգնել մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը եւ անվավեր ճանաչել 21․01․1998թ․ տրված առուծախի պայմանագիրը եւ դրա հիմքով Դ․ Դավթյանի անվամբ տրված թիվ 054314 սեփականության իրավունքի վկայագիրը։ 

Սակայն ամիսներ անց, նույն թվականի հոկտեմբերի 6-ին, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը դռնբաց դատական նիստում պատասխանողի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա քննության է առել քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Խալոյանի ընդդեմ ՀՀ ԱՆ առաջին նոտարական գրասենյակի եւ Դոնարա Դավթյանի՝ բնակարանի նկատմամբ կնքված առուծախի պայմանագիրը եւ վերջինիս հիմքով տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Դատարանը վճռել է մերժել Արմեն Խալոյանի հայցը։ 

Իսկ այս ամենի հետեւանքով Արմեն Խալոյանը պնդում է՝ դարձել եմ անօթեւան, բնակվում եմ՝ որտեղ պատահի, աշխատել չեմ կարող, որովհետեւ փաստաթղթեր չունեմ, իմ տունը՝ հաշվառման վայրը, խլել են։

«Դիմել եմ բոլորին՝ սկսած Նիկոլ Փաշինյանից մինչեւ իրավապահ մարմիններ։ Ակնհայտ է, որ կա կոռուպցիա։ Երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր, մի քանի անգամ եղել եմ իր մոտ,  ինքը տեղյակ էր իմ գործի մասին։ Իսկ վերջերս, կառավարության շենքի դիմաց դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը, հարցրեցի, թե իմ հարցը ինչո՞ւ չի լուծվում, ինքն ասաց՝ դու գիտես։ Ի՞նչ է նշանակում դա»,- հարցրեց Արմեն Խալոյանը։