«Հրապարակ». Վստահ եմ՝ Ավինյանը բարձր վարկանիշ եւ վստահություն չունի

«Հրապարակ». Վստահ եմ՝ Ավինյանը բարձր վարկանիշ եւ վստահություն չունի

«Ապրելու երկիր» կուսակցությունն անպայման մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին, արդեն պատրաստվում են դրան, բայց այս պահին դեռ վերջնական թեկնածու չունեն՝ մեզ հետ զրույցում ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Հիշեցնենք, որ, ըստ տարածված լուրերի, փետրվարի կեսին գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է ներկայացնելու, ապա, եթե ավագանու կազմից երկու շաբաթվա ընթացքում նոր քաղաքապետ չի ընտրվում, գնում են նոր ընտրությունների, այդ դեպքում արտահերթ ընտրությունները կկայանան մայիս ամսին, մինչդեռ հերթականը կայանալու էր սեպտեմբերին:
«Թեկնածու այս պահին չունենք, բայց մեր նպատակը հաղթանակն է, այդ ուղղությամբ թիմային աշխատանք է տարվում, եւ առաջիկայում կհայտարարվի»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։

- Այս պահին ինձ հայտնի հավանական թեկնածուներից մեկը Մանե Թանդիլյանն է, մյուսը՝ Վիկտոր Մնացականյանը։ Նրանք հավանական թեկնածունե՞ր են Ձեզ համար, թե՞ հնարավոր է առաջիկայում այլ անուններ էլ ի հայտ գան։

- Հնարավոր է այլ անուններ էլ լինեն։ Նշված անձանցից Մանե Թանդիլյանը կուսակցության նախագահն է, իսկ Վիկտոր Մնացականյանը մեր համախոհ գործընկերն է ու նաեւ տարբեր համայնքներում տարբեր աշխատանքներում ներգրավված է, հետեւաբար, թիմում քննարկումները շարունակվում են, եւ մենք նաեւ ՏԻՄ-երում բավականին մեծ աշխատանքներից հետո Երեւանում հաջողության հասնելը ե՛ւ օրինաչափ ենք համարում, ե՛ւ շատ կարեւոր։

- Շատ է քննադատվում, որ ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանը պետական ռեսուրսի հաշվին ժամանակից շուտ սկսել է ոչ պաշտոնական քարոզարշավը, եւ հիմա խոսակցություն կա, որ հնարավոր է նաեւ արտահերթ ընտրությունների գնան։ Դուք այս մասով ի՞նչ կասեք։

- Գրեթե բացառում եմ, որովհետեւ այն աշխատանքները եւ դրա արդյունքում այն հեղինակությունը, որ գործող իշխանությունն ունի, արտահերթ ընտրություններն ակնհայտ ձախողման են տանելու եւ փորձելով այս ժամանակահատվածը, այս կես տարին օգտագործել որոշակի աշխատանքների միջոցով գոնե մի փոքր վարկանիշ ունենալ, հետեւաբար դրա շրջանակներում համարում եմ, որ սեպտեմբերին նախանշված հերթական ընտրությունները դրանից շուտ չեն իրականացվի։

- Կարծում եք՝ իշխանության ու անձամբ Ավինյանի վարկանիշը գնալով ընկնո՞ւմ են։

- Կարծում եմ՝ դա ակնհայտ է։ Ես չէ, որ պետք է ասեմ, հասարակությունն իր վերաբերմունքով եւ գործող քաղաքային իշխանությանն ու ընդհանուր իշխանությանը գնահատական տալիս է, ու նաեւ վերջին երկու տարվա ընթացքում ՏԻՄ ընտրությունների պատկերը ցույց է տալիս, որ գործող քաղաքական ուժը չունի այնպիսի վստահություն, որը հնարավորություն տա իրեն՝ իշխանություն ձեւավորել։
- Այդ թվում՝ անձամբ Ավինյանը, կարծում եք, վստահություն ու բարձր վարկանիշ չունի՞։
- Ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ։