Չինաստան մեկնած պատվիրակության կազմից ամեն ինչ պարզ է դառնում

Չինաստան մեկնած պատվիրակության կազմից ամեն ինչ պարզ է դառնում

Չինաստան կատարած աշխատանքային այցի վերաբերյալ մեր տպավորությունները ձեւավորվել են Նիկոլ Փաշինյանի՝ Ֆեյսբուքում տեղադրված լուսանկարից եւ գրառումից․ «Մեր գործընկերներն ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություններով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է: Այսօր էլ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստորան՝ «Բադ պեկինյան ձեւով» փորձելու: Եվ ընդհանրապես՝ ցնցված ենք չինական հյուրընկալությունից»:

Հետագայում պաշտոնական հաղորդագրությունների մեջ, մանավանդ երեկ տարածված, նշվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի շարք խոշոր ընկերությունների հետ՝ քննարկելով «Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հեռանկարներն ու հնարավորությունները»:

Իհարկե, հաղորդագրությունը լղոզված է, եւ չի հասկացվում, թե կոնկրետ ինչ ծրագրերի մասին է խոսքը, բայց մեծ սիրով կհավատայինք այդ հաղորդագրություններին, հատկապես վարչապետի խոստումին՝ «Հույս ունեմ՝ բոլոր քննարկված ներդրումային ծրագրերը շուտով կդառնան իրականություն», եւ հուսավառված կսպասեինք, որ աշխարհի գերտերություններից մեկը հանդիսացող Չինաստանը շուտով Հայաստանում գումարներ կներդնի եւ ծրագրեր կիրականացնի, եթե չլիներ մի «բայց»։ Բանն այն է, որ Չինաստան մեկնած կառավարական պատվիրակության կազմը բոլորովին այլ նպատակների մասին է խոսում։ Կոնկրետ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինն իրենց հաճելի, իրենց սպասարկող մեծ թվով անձանց հետ մեկնել են Չինաստանը տեսնելու, զբոսնելու-զվարճանալու։ Ով ասես կա այդ պատվիրակության մեջ, բացի տնտեսական, ներդրումների, զբոսաշրջության, առհասարակ՝ կոնկրետ ոլորտների ներկայացուցիչներից։ Մեկ բացառություն կա՝ տրանսպորտի նախարարը։

Չէ՞ որ նման բանակցություններ եւ պայմանավորվածություններ ոչ թե տնտեսությունից քիչ հասկացող վարչապետն է կայացնում, այլ, ասենք՝ էկոնոմիկայի եւ ներդրումների, ֆինանսների ու գյուղատնտեսության, ներդրումային քաղաքականություն իրականացնող պաշտոնյաները, որոնք չկան պատվիրակության կազմում։ Փոխարենը պետության հաշվին վարչապետի հետ մեկնել են նրա գլխավոր խորհրդականը, օգնականը, աշխատակազմի արարողակարգի բաժնի պետը, նույն բաժնի գլխավոր մասնագետը, արարողակարգային միջոցառումների պատասխանատուն, արարողակարգի բաժնի խորհրդականը, արտաքին գործերի նախարարի պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդը, վարչապետի աշխատակազմի տեղակատվության եւ հասարակայնության հետ վարչության գլխավոր մասնագետը, մամուլի խոսնակը, օպերատորը, 7 անվտանգության աշխատակիցներ, նրանց գումարած՝ 7 ԶԼՄ ներկայացուցիչներ եւ, իհարկե, Աննա Հակոբյանի խորհրդականն ու վարսավիրը։

Առհասարակ՝ պետության ղեկավարների աշխատանքային այցերի պատվիրակությունների մեջ մտնում են հաշվված թվով անձինք՝ ոլորտների մասնագետներ, որոնք այդ ընթացքում ծանրաբեռնված աշխատում են ի շահ իրենց երկրի, այդ ուղեւորություններին անգամ տիկնանց չեն տանում, որովհետեւ աշխատելն ու ընտանեկան շրջագայությունները շատ տարբեր բաներ են։