Անահիտ Թարխանյանն ու Անդրիաս Ղուկասյանը նոր նախաձեռնություն են սկսել

Անահիտ Թարխանյանն ու Անդրիաս Ղուկասյանը նոր նախաձեռնություն են սկսել

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ու Անդրիաս Ղուկասյանը նախաձեռնություն են սկսել, որով պահանջում են նույնությամբ կառուցել և երիտասարդությանը հանձնել 1980-ականներին կառուցված Երիտասարդության պալատը՝ «կուկուռուզնիկը»։ Մենք գրել էինք, որ 2000-ականներին սեփականաշնորհված և հետագայում ավազի հանք դարձած պալատի տարածքում շինարարություն սկսելու մտադրություններ կան։ Տարածքի սեփականատերը գործարար Էդիկ Ավետիսյանն է։ Նա այստեղ մեծ համալիր կառուցելու «գրանդիոզ» պլաններ ուներ, անգամ միջազգային մրցույթներ անցկացրեց, տարբեր նախագծեր քննարկվեցին, որոնցից մեկը՝ հաղթողը, պետք է իրականացվեր։ Սակայն ինչ-ինչ պատճառներով նա հետագայում նեղացավ իշխանություններից, եւ շինարարությունը չիրականացվեց, իսկ բացված հորատանցքից սկսեցին ավազ հանել եւ վաճառել։

 

Դեռեւս հստակ չէ, թե ինչ է կառուցվելու «կուկուռուզնիկի» փոխարեն, սակայն Թարխանյանը պնդում է, որ տարածքը պետք է վերադարձվի համայնքի տնօրինությանը։ 

«2000-ական թվականներին ապօրինի ձևով սեփականաշնորհվեց Երիտասարդության պալատը, որի համար ձևավորված հիմքերն ակնհայտորեն սուտ էին և չէին համապատասխանում իրականությանը։ Իրհարկե, Երիտասարդության պալատը մեր քաղաքի կարևորագույն խորհրդանիշներից էր և նաև Հայաստանի համար։ Այն նախատեսված էր որպես երիտասարդության ակումբ, հարթակ, որտեղ որ հավաքվում է երիտասարդությունը, և 80-ական թվականներին այն դարձավ ժամանակակից տեխնոլոգիաների, ժամանակակից կյանքի, ազատ կյանքի, ազատամտության խորհրդանիշ և հենց այդ պատճառով շատ սիրվեց հայաստանցիների կեղմից։ 2000-ական թվականներին ապօրինաբար քանդվեց, դրա փոխարեն պետք է կառուցվեր 8-րդ հրաշալիքը, սակայն, իհարկե, որևէ բան չկառուցվեց, այն 5 միլիոն ներդրումային ծրագիրը, որ պետք է արվեր, չարվեց։ Դրա փոխարեն քաղաքի կենտրոնում առանց լիցենզիայի ձևավորվեց բաց հանք, որտեղից հանում էին խիճը և աղում էին։ Քաղաքի կենտրոնում առանց լիցենզիայի բաց բազալտե հանքի  շահագործումը մեծ հանցանք էր, որն առայսօր բացահայտված չէ, և որևէ մեկի կողմից գնահատական տրված չէ։ Մեր նախաձեռնությունը որևէ կապ չունի տարածքի սեփականատիրոջ հետ։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է վերականգնել և վերադաձնել Երիտասարդության պալատը՝ որպես երիտասարդության հարթակ հայ երիտասարդներին։ Այսօր ամբողջ աշխարհից երիտասարդները գալիս են Հայաստան և տեղ չունեն»։

Թարխանյանի խոսքով՝ պալատը պետք է կառուցվի նույն տեսքով, ինչ նախկինը։ Բայց չէ՞ որ նախկինում ասում էին, որ առաստաղը ցածր է։ Թարխանյանը պատասխանեց․

«Ամբողջությամբ պետք է վերականգնվի Երիտասարդության պալատն այնպես, ինչպես եղել էր։ Երբ որ ասում են, թե առաստաղը շատ ցածր էր, խոսում էին նրա մասին, որ այն պետք է լինի հինգաստղանի հյուրանոց, բայց այն նախագծված էր որպես երեքաստղանի հյուրանոց։ Ամբողջ աշխարհով մեկ այսօր տենդենց կա, որ այնպիսի հայտնի բրենդները, ինչպիսիք են «Մարիոթն» ու «Ֆորսիզնը», այսօր բիզնեսի նոր մոտեցումներ են ձևավորում և կառուցում են նաև երեքաստղանի հյուրանոցներ»։

Թարխանյանին հարցրինք, թե ով պետք է վերակառուցի պալատը՝ նկատի ունենալով, որ այն, ըստ Թարխանյանի մոտեցումների, ապօրինի է սեփականաշնորհվել և պետք է վերցվի սեփականատիրոջից։ Պատասխանեց, որ բաց բաժնետիրական ընկերություն պետք է ստեղծվի․ «Մենք գտնում ենք, որ հանրությունը պետք է միավորվի, պետք է ձևավորվի բաց բաժնետիրական ընկերություն, որը հասանելի կդառնա բոլորին։ Չպետք է լինի մեկ սեփականատեր, սեփականատերը պետք է լինի քաղաքը, որը սեփականատերն է տարածքի, և պետք է լինեն բազմաթիվ սեփականատերեր։ Մեկը՝ քիչ, մեկը՝ շատ, մինիմալ թվով կկարողանանք գնել այդ ակցիան և սկսենք Երիտասարդության պալատի նոր կյանքը»։


Մանրամասն՝ տեսանյութում։