Հայկական տրեխը՝ ԵԽԽՎ-ում

Հայկական տրեխը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպացիներին 21-րդ դարում մոլորեցնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Էն որ ասում են` դեմոկրատիա, կոռուպցիա, օլիգարխ, արդարադատություն գենդերային իրավահավասարություն եւ այլն, բաներ են, որոնց գծով Եվրոպան երկար ճանապարհ է անցել: Եվ մենք, ինչքան էլ փորձենք այդ ամենի միջով անցածի տպավորություն թողնել, մեզ «տեսած պահել», միեւնույն է, եվրոպացիներն իսկույն նկատում են թանկանոց կոստյումի տակից ծիկրակող մեր տրեխները: 
Իսկ այժմ առաջարկում եմ` ազգովի հասկանանք, թե ինչ խաղաթղթեր էինք տվել Փաշինյանի ձեռքը` նրան ԵԽԽՎ ճանապարհելուց առաջ, եւ ինչու այդ խաղաթղթերը խփվեցին այդքան անփառունակ ձեւով: Թվում էր` ԵԽԽՎ-ում Փաշինյանի դեմ խաղ չպետք է լիներ:

Նա հեղափոխություն էր արել, իշխանափոխություն իրականացրել, կոռուպցիան փռել ասֆալտին, օլիգարխներին պատերով տվել, ԱԺ շատ արդար եւ շատ թափանցիկ ընտրություններում արժանացել մոտ 80 տոկոս քվեի, Անժելա Մերկելի հանգույն դարձել գաղտնալսումների զոհ, բանտերը լցրել հակահեղափոխականներով, Հայաստանը համարյա դուրս բերել ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, Պուտինին ադապտացրել նոր Հայաստանին, Արցախյան բանակցությունները մտցրել բոլորովին նոր փուլ, կաթողիկոս հալածել, ազատություն տվել մյուս կրոնական ուղղություններին, ոչնչացման եզրին հասցրել ազգային դպրոցն ու մշակույթը, փակել սփյուռքի նախարարությունը, որպեսզի սփյուռքահայերը միայն փող տան եւ այլեւս «չխանգարեն» Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ տրանզիտային տարածք դարձնելուն: Եվ սա դեռ ամենը չէ: Իսկ ինչպիսի՞ հաղթաթղթեր էին, օրինակ` տրանսգենդերին ԱԺ ամբիոն հանելը, իր ազգականին դատի տալը, Թրամփի ոճով մարդկանց գործից ազատելը, հարկեր վճարելուց խուսափողների դեմ ամբողջ աշխարհում ընթացող պայքարն ընդօրինակելն ու խուսափողներին «տեղում» կալանավորելը: Փաշինյանից ավելի մեծ գանձ, նույնիսկ Սահակաշվիլիից ու Պորոշենկոյից ավելի մեծ, Եվրոպան պետք է որ տեսած չլիներ, բայց, ինչպես ասում են, եղավ այն, ինչ եղավ: Սրատես եվրոպացիները մեր տրեխները նկատեցին շատ արագ, ինչքան էլ որ փորձեցինք մեր ձեռքերը վեր պարզելով նրանց համոզել, թե որքան դժվար է եղել թավշյա հեղափոխություն անելը:

Փաշինյանը, կարծում ենք, դա իսկույն հասկացավ իրեն ուղղված հարցերից, որովհետեւ դրանք ամենեւին էլ լրագրողական հոդված հիշեցնող իր ելույթի տրամաբանության մեջ չէին տեղավորվում եւ նույնիսկ չէին բխում այդ ելույթի, այսպես ասենք, առանցքային դրույթներից: Անձամբ ես չկարողացա հաշվել, թե Փաշինյանը քանի անգամ կրկնեց «հեղափոխություն» բառը, բայց երբ որեւէ հարց չհնչեց հեղափոխության մասին, հասկացա, որ վարչապետն իսկապես չարաշահել է այդ բառը` որպես յուր անձի կարեւորությունն ընդգծող քաղաքական իրողության:

Չէ, իսկապես վիրավորոկան է, երբ դու խոսում ես թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության մասին, իսկ հեղափոխական ավանդույթներով ապրող Եվրոպայում ընդամենը հետաքրքրվում են` քո այդ հեղափոխության արդյունքում չե՞ն խախտվել, արդյոք, քաղաքական հակառակորդների իրավունքները:

Պարզվեց, որ եվրոպացիները տեղյակ չէին կամ չէին հավատացել, որ մեր երկրում այլեւս կոռուպցիա չկա: Փաշինյանն այդ մասին է՛ երբ է հայտարարել, իսկ եվրոպայում, հասկանում ես, այսօր են հարցնում այդ մասին եւ այն էլ շատ խորամանկ ձեւով: Պատճառն էլ այն է, որ կոռուպցիան 21-րդ դարում, ըստ էության, համաշխարհային երեւույթ է, եւ, հետեւաբար, Փաշինյանի հայտարարությունը` առանձին վերցրած մեկ երկրում այն վերացնելու մասին, եվրոպացիներն ընկալում են որպես առասպելախոսություն:

Իսկ Փաշինյանը, քանի որ հեշտ հանձնվողներից չէ, իր թափանցիկ լինելը ապացուցելու համար բերում է սեփական ազգականին դատի տալու «փաստը», թե բա նույնիսկ իմ բարեկամներն իրավունք չունեն կոռումպացված լինել: Է՛, բալամ, ո՞ւմ ես այդպիսի բանով զարմացնում, Եվրոպայի՞ն, որտեղ երեխաներն են արդեն դատի տալիս իրենց «կոռումպացված» ծնողներին, իսկ կոռուպցիան կա ու դեռ կլինի` չնայած այն հաղթահարած լինելու մասին ամենախրոխտ հայտարարություններին:

ԵԽԽՎ-ում Փաշինյանի ելույթի նախօրյակին ԱԺ ամբիոնից հայ տրանսգենդերի ելութով թնդացրինք ողջ աշխարհն ու սկսեցինք մենք մեզ լացացնել` լավ, ի՞նչ է պատահել, հիմա տրանսգենդերը մա՞րդ է, թե՞ մարդ չէ: Ահա, այսպիսի «հաղթաթղթով» Փաշինյանը գնում է վեհաժողով, իսկ նրան նենգ հարց են տալիս այն մասին, թե ինչո՞ւ Հայաստանում տեղի չունեցավ սեռական փոքրամասնությունների այնքան չարչրկված «վեհաժողովը»:

Այստեղ Փաշինյանը ոտքերը թաքցնում է աթոռի տակ, որ տրեխները չերեւան, բայց արդեն ուշ է, պետք էր պատասխանել: Եվ ի՞նչ է ասում: Փախանակ շատ հանգիստ ներողություն խնդրի եւ բացատրի, որ նման բաները մեզ մոտ վաղ է կազմակերպելը, դրանք հարիր չեն մեր նկարագրին, ասում է` իյա, իրո՞ք նման բան է եղել, բա ես չեմ իմացել, «Ֆեյսբուքում» մի երկու գրառում է աչքիս ընկել, իսկ թե ինչու տեղի չի ունեցել` խաբար չեմ: Ճիշտն ասած` Փաշինյանի այս պատասխանից հետո նույնիսկ ես նկատեցի նրա տրեխները, որովհետեւ այն օրերին մամուլը թնդում էր այդ լուրերից, հետո Օսիպյանը խոսեց այդ մասին, ասաց` անվտանգ չէ, որոշեցին այդ ֆորումն անցկացնել Գյումրիում, նույնիսկ հրավերներ ուղարկել այսուայնկողմ, իսկ հպարտ գյումրեցիներն սպառնացին ինքնորոշվել եւ անջատվել Հայաստանից: Փաշինյանը չէ՞ր լսել այս պատմությունը, որ իր անշուք պատասխանով հերթական ժպիտը պարգեւեց խորամանկ եվրոպացիներին:

Չեմ հասկանում նաեւ, թե ինչ իմաստ ուներ Ալիեւին ու ադրբեջանցիներին այդքան գովերգելը, երբ նրանք սպառնում են մտնել Շուշի, Ստեփանակերտ եւ Երեւան: Փառք Աստծո, ԵԽԽՎ-ից առաջ արվել էր նորմալ հայտարարություն այն մասին, որ պատերազմի վերսկսման դեպքում այն կտեղափոխվի Ադրբեջանի տարածք: Ամեն ինչ ասվել էր արդեն թե մեր, թե նրանց կողմից եւ Փաշինյանին ոչինչ չէր մնում անելու, քան ցեխը կոխել ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն, վերջինիս Մինսկի խումբը, ՆԱՏՕ-ն եւ ասել` ձեր կարգավորումը ձեր գլխին կպնի, որ պատերազմի ավարտից 30 տարի անց, արհամարհելով հակամարտության էությունը, ձեզ դրել եք շլանգի տեղ եւ ցույց եք տալիս, թե հարց եք կարգավորում: Այ, սա կլիներ պատասխան, թե չէ` Ալիեւ հա Ալիեւ, կարելի է մտածել Ալիեւն է այս հարցը լուծողը:

Մեր ասիական տրեխների մասին շատ բան կարելի է գրել: Բայց ով էլ գրի, կարծում եմ, պետք է հաշվի առնի, որ Փաշինյանը առաջին հայ ղեկավարը չէ, որ տրեխներով է մասնակցել մեծ ֆորումներին: Մեր երեք նախագահներն էլ այս առումով իրենց լիուլի ցուցադրել են միջազգային հանրությանը, այնպես որ` Փաշինյանը ամաչելու խնդիր չունի: Ուզում եմ ասել, որ տրեխներով միջազգային ֆորումներին չմասնակցելը համահայկական հարց է ու պետք է այն լուծել միասնական ջանքերով: Բայց մինչ այդ, մենք կարող ենք նման ֆորումների ներկայանալ ոչ թե կոստյում փողկապով, որոնց ֆոնին տրեխները չափից դուրս խիստ են ընդգծվում, այլ հայկական տարազով` փափախը ծուռ դրած (ըմբոստության նշան է), չուխան լայն գոտու մեջ ագուցած, շալվարի փողքերը` գուլպաների մեջ եւ, իհարկե, շքեղ, նոր կարված տրեխներով: Արաբներից օրինակ վերցնենք: Սպիտակ սավան են գցում վրաները, որ ընդգծվեն, ուրիշներին չխառնվեն, գեղեցիկ երեւան: Մեր տարազն ի՞նչ պակաս է: