Մեկ տարի առաջ ուսանողների այդ քայլը քաջագործություն էր, այսօր՝ խուլիգանությո՞ւն (տեսանյութ)

Մեկ տարի առաջ ուսանողների այդ քայլը քաջագործություն էր, այսօր՝ խուլիգանությո՞ւն (տեսանյութ)

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ռեկտորի ընտրություններն երեկ անցան թեժ մթնոլորտում։ Ուսանողները լսելով քվեարկության արդյունքները բոյկոտեցին այն եւ փակեցին բուհի ելքերն ու մուտքերը՝ պահանջելով ԿԳ նախարարի հետ հանդիպում։ Խորհրդի անդամները, նաեւ նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանը իրենց խոսքում նշեցին, որ գիտեն թե ով է ուսանողությանն ուղղորդում՝ տալով բուհի դասախոս, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի անունը։ 

Արամ Սուքիասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրության օրը եղել է շենքում, հետեւել գործողություններին, միջամտել, որ հանկարծ բախումներ չլինեն ոստիկանների հետ։   
Նրա գնահատմամբ իրավիճակը սրվեց, երբ խորհրդի անդամները մասնակի եւ կողմնակալ վերաբունք հանդես բերեցին ուսանողների հանդեպ եւ տարաբնույթ հարցերով փորձում էին ճնշում գործադրել խորհրդի անդամ ուսանողների հանդեպ․ «Այստեղ կար նաեւ խորհրդի որոշ անդամների ոչ այնքան պատշաճ վարքագիծը, որովհետեւ հիմնավորել ինչու ես դեմ եւ ինչու ես կողմ, նույն հաջողությամբ յուրաքաչյուրը այդ պարագայում պետք է հիմնավորեր իր դիրքորոշումը, ինչո՞ւ միայն ուսանողները։ Ահա այս պայմաններում սրվեց իրավիճակը»,-ասում է ու ափսոսանք հայտնում, որ ուսանողների կողմից բուհի ելքերն ու մուտքերը փակելու քայլին շատ տարբեր գնահատականներ տրվեց․ 

«Ես շատ ափսոսում եմ, որ ոմանք դա որակում են խուլիգանություն եւ այլն։ Անկեղծ ասած այն, ինչ տեսել են, դա էլ անում են․․․Ես նկատի ունեմ դռներ փակելը ․․․,կարծես այդ մեթոդները հաջողություն են արձանագրում եւ այդ մեթոդներով էլ առաջնորդվեցին։ Եվ վերջապես չէ՞ որ այս բուհի ուսանողներն էին, որ գրեթե մեկ տարի առաջ ընդվեզին, ավելին՝ ռեկտորի սենյակից գողացան նկար, տարան Հանրապետության հրապարակ, այդ ժամանակ դա քաջագործություն էր, այսօր խուլիգանությո՞ւն։ Կարծում եմ չի կարելի այսպիսի ծայրահեղ գնահատականներ տալ հատկապես այս բուհի ուսանողությանը, որոնք պարզապես էմոցիոնալ են եւ շատ հաճախ իրենց շարադրանքներում ոչ ճիշտ են արտահայտվում»։ 

Ինչ վերաբերում է նրան, որ ինքն է կազմակերպել եւ ուղղորդել ուսանողներին, ապա «Այդքան հեշտ չէ Թատերական ինստիտուտի ուսանողներին ինչ որ բանում կազմակերպել, նրանք ճիշտ կարծիք չունեն բուհի ուսանողության մասին։ Ավելին, եթե հանկարծ ես ձեռնամուխ լինեի կազմակերպել, կարծում եմ արդյունքները գուցե այլ լիներ․․․Ուղղորդում չի եղել, ուղղորդումը թերեւս այն էր, որ ես կանխավ հայտարարել եմ, որ դեմ եմ այս թեկնածուին եւ պատրաստ եմ առաջադրվելու։ Ու քանի որ ես բարձրաձայնեցի իմ մտադրությունների մասին, տպավորություն ստեղծվեց, որ ահա ես էլ հենց ձեռնամուխ եմ եղել ինչ- ինչ գործողությունների»:

Մանրամասները՝ տեսանյութում։