Գրավի նվազագույն շեմը հայտնի է, առավելագույնը՝ ոչ

Hraparak.am-ը ՀՀ դատական դեպարտամնետի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեց, թե տարբեր քրեական գործերի դեպքում, երբ առաջադրվում են տարբեր մեղադրանքներ, ի՞նչ չափանիշներից ելնելով է որոշվում գրավի չափը, որը վճարելուց հետո անձը կարող է ազատ արձակվել։
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում սահմանված է վճարվելիք գումարի նվազագույն չափը։ Սակայն չկա առավելագույն չափի հետ կապված որեւէ կարգավորում եւ սահմանափակում։ Թե որ դեպքում պետք է կիրառվի գրավը, որ դեպքում չպետք է կիրառվի՝ թողնված է բացառապես դատարանի պայմանական հայեցողությանը»,- նշեց Կարեն Փոլադյանը։
Մեր հարցին, թե միջազգային պրակտիկայում ինչպես է կիրառվում գրավի չափը, Կարեն Փոլադյանն արձագանքեց․ «Միջազգային պրակտիկան չենք ուսումնասիրել, հետեւաբար ձեռնպահ կմնամ միջազգային պրակտիկայի վերաբերյալ տեղեկություն տրամադրել»։
Հետաքրքրվեցինք, թե գրավի չափը դատարանը որոշո՞ւմ է՝ կախված անձի կատարած հանցանքի վտանգավորության չափից, սոցիալական վիճակից։
«Կփորձեմ ձեռնպահ մնալ դատարանների որոշումները մեկնաբանելուց։ Եթե սահմանված է գրավի նվազագույն շեմը, դրանից ցածր չեն կարող սահմանել գումար, եւ եթե չկա առավելագույն շեմ, ապա դատարանը գնահատում է միջնորդության մեջ ներկայացված առկա հանգամանքները եւ կայացնում համապատասխան որոշում»,- նշեց մեր զրուցակիցը։
Կարծիքներ