Ֆորմալ դիվանագիտությու՞ն է

Ֆորմալ դիվանագիտությու՞ն է

Մուսուլմանների համար սրբազան Ռամազան ամսվա կապակցությամբ Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն շնորհավորական ուղերձ է հղել ադրբեջանական ժողովրդին. «Այս մեծ տոնական օրով իրանական ժողովուրդը համերաշխություն է հայտնում Ադրբեջանական Հանրապետության մուսուլմաններին եւ ընդգծում, որ միշտ սատարել եւ սատարելու է բարեկամական եւ եղբայրական ադրբեջանական ժողովրդին եւ հպարտ է այդ մշտամնա բարեկամությամբ եւ եղբայրությամբ: Բարձրյալից Ադրբեջանական Հանրապետության պետության եւ ժողովրդի համար հայցում ենք փառք եւ զորություն, երկու երկրների միջեւ բարեկամության ամրապնդում: Հուսով ենք, որ մոտ ապագայում մենք միասին կնշենք տոնական իրադարձություններ, որ ուրախություն կբերեն ադրբեջանական ժողովրդին՝ Ղարաբաղի եւ Ալ-Ղուդսի (Երուսաղեմի) ազատագրումը: Ընդունիր Բարձրյալ, մուսուլմանների պասը եւ աղոթքները, թույլ տուր նշել տոնակատարությունը եւ օգտվել այդ բարեբեր ամսվանից,»- ասված է ուղերձում:Սա ի՞նչ է՝ արեւելյան դիվանագիտական այլասացությու՞ն, երբ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կապվում է Երուսաղեմի «ազատագրման» հետ, մի հեռանկար, որին Իրանը երբեք չի հասնի: Թե գործ ունենք իրական իրանա-ադրբեջանական համերաշխության, այդ թվում՝ ԼՂ հարցում, հե՞տ: Իրանագետներն ու փորձագիտական հանրության որոշ ներկայացուցիչներ, անշուշտ, նախապատվությունը կտան առաջին տարբերակին: Այդուհանդերձ, ուղերձի տոնայնությունը ենթադրել է տալիս, որ ԼՂ հարցում Իրանի դիրքորոշումը, որ մենք ավանդաբար «զուսպ եւ հավասարակշռված» ենք որակում, միայն իրավիճակային է: