Խնդիր են սարքել ու գցել պետության գրպանը

Խնդիր են սարքել ու գցել պետության գրպանը

Հարցազրույց «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ

- Պարոն Ալոյան, ի՞նչ եղավ միջազգային փորձաքննության արդյունքը, որը պետք է որոշեր Ամուլսարի ճակատագիրը:

- Նախ ուզում եմ հստակեցնել: Մի իլյուզիա է ստեղծվել, որ անցյալ տարի սկսված եւ մինչ այսօր շարունակվող ապօրինությունը պետք է լուծվի «միջազգային» փորձաքննությամբ: Ուզում եմ տարանջատել այս երկու խնդիրները: Ամուլսարն ունի օրինական բոլոր թույլտվությունները, եւ ծրագրի ու մեծ հաշվով նաեւ երկրի հեղինակության ու տնտեսության ճակատագիրը, նման շրջադարձի դեպքում, որոշվելու է բոլորովին այլ ատյաններում: Այդ ատյաններում դեր է խաղալու միայն մեկ հարց՝ ապօրինի փակ ճանապարհները, «Լիդիանի» խտրական թիրախավորումը, ընկերության կրած ահռելի վնասներն ու պետության անգործությունը՝ արդեն մեկ տարի տիրող ապօրինության հանդեպ:

- Ի՞նչ նկատի ունեք՝ անգործություն ասելով։

- Այն, որ օրինական թույլտվություններ ունեցող ընկերության ճանապարհներն ապօրինի փակ են: Այն, որ դատարանը որոշում է կայացնում ներխուժումը վերացնելու մասին, եւ այդ որոշումն արհամարհվում է: Այն, որ այդ տարածաշրջանում ամենաթողության, ապօրինության մթնոլորտ է: Մտահոգիչ պարբերականությամբ մեզ լուրեր են հասնում, որ Ջերմուկում ծեծկռտուք է եղել, բախումներ: Դուք այդ մասին չեք տեղեկացվում, որովհետեւ դեպքերը, մեր համոզմամբ, կոծկվում են: Այն, որ ընկերությունը դիմում է համապատասխան նախարարություններին՝ այս կամ այն խնդիրը լուծելու, փաստաթուղթը տրամադրելու հարցով, ու օրենքով նախատեսված գործառույթները չեն իրականացվում:

- Այդուհանդերձ, կառավարությունը խոստացել էր մինչեւ մայիսի վերջը որոշում կայացնել՝ հենվելով փորձաքննության արդյունքների վրա: Բացատրությունը բնապահպանական մտահոգություններն էին, որ պետք է փարատեր կամ հաստատեր այդ փորձաքննությունը:

- Կրկնեմ՝ ապօրինի փակ ճանապարհները ոչ մի փորձաքննությամբ արդարացվել չեն կարող: Ու այս հարցում նույնիսկ երկրորդական է, որ ոչ մի պրոֆեսիոնալ փորձաքննություն չէր կարող մեր նախագծում որեւէ լուրջ խնդիր գտնել:

- Այդ դեպքում ինչո՞ւ չեն հրապարակում արդյունքները:

- Նախ տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել «Լիդիանի» հետ վերջին մեկ տարում: Մի խումբ մարդկանց կողմից ապօրինի փակվում են ճանապարհները, կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում եւ սկսում է ստուգումների շարք: Գտնում են թիթեռ, ծաղիկ, հետո պարզվում է, որ թիթեռ ու ծաղիկ չկան: Հետո հայտարարվում է, որ քանի որ տեղի ուժերով գնահատել չենք կարող, հիմա էլ միջազգային փորձաքննություն ենք անելու: Հիշեցնեմ․ խոսքը «Լիդիանի» մասին է, որի բնապահպանական հետազոտությունն ավելի ծավալուն է, քան բոլոր մնացած հանքերինը՝ միասին վերցրած: Խոսքն Ամուլսարի մասին է, որը մի քանի անգամ անցել է միջազգային ներդրողների ամենախիստ փորձաքննությունները: Բայց դա, պարզվում է, բավարար չէ: Պարզվում է՝ բնապահպանության նախարարը, ինչպես ասաց վարչապետը, ասել է, որ չի կարող երաշխավորել Ամուլսարի բնապահպանական հետազոտությունները: Ուրեմն մնացած բոլորինը կարո՞ղ է, իսկ միջազգային վերահսկողության տակ գտնվող Ամուլսարինը չի՞ կարող: Թերեւս այսքանից հետո նախարարությանը հեշտ չէ ընդունել, որ 400 հազարի ծախս են գոյացրել երկրի համար, որովհետեւ համարձակություն չեն ունեցել ասելու, որ «Լիդիանի» շրջակա միջավայրի գնահատականը լավագույնն է:

- Ուզում եք ասել՝ Ձեզ միտումնավո՞ր են հետապնդում։

- Իսկ Ձեզ մոտ ա՞յլ տպավորություն է ստեղծվում: Այն, ինչ տեղի է ունենում այսօր «Լիդիանի» հետ, հենց այդպիսի տպավորություն է թողնում, որ արդեն մեկ տարի երկրի խոշորագույն միջազգային ներդրողին միտումնավոր տանում են սնանկացման ու ոչնչացման:

- Բայց չէ՞ որ պաշտոնական բացատրությունն այն է, որ հարուցվել է քրեական գործ, եւ այդ գործի շրջանակներում է ընթանում փորձաքննությունը:

- Իսկ դա որեւէ կերպ արդարացնո՞ւմ է մեկ տարի փակ ճանապարհները: Ի դեպ, քրեական գործը եւս հետաքրքիր պատմություն է: Ուրեմն, ինչ-որ մեկը հաղորդում է ներկայացնում, որ բնապահպանության նախարարությունն ինչ-որ փաստեր է թաքցրել՝ Ամուլսարի հետ կապված: Նախ՝ քրեական գործը կապ չունի «Լիդիանի» հետ եւ նախարարության դեմ է: Հետեւաբար, ինչո՞ւ այս ընթացքում չեն բացվում ճանապարհները: Երկրորդ․ ի՞նչ փաստեր թաքցնելու մասին է խոսքը: «Լիդիանի» բնապահպանական աննախադեպ՝ ավելի քան 8 հազար էջանոց ռիսկերի գնահատման ու լավագույն կանխարգելիչ միջոցառումների նախագիծը հրապարակային է: Եթե կա մի նախագիծ, որ այդ առումով անթերի է, հենց Ամուլսարն է: Ու հենց Ամուլսարի շուրջ է հարուցված քրեական գործ:

- Ուզում եք ասել՝ շինծո՞ւ է:

- Կարծում եմ, թե՛ այս աբսուրդ քրեական գործը, թե՛ այս ձնագնդի պես գլորված խնդիրն ինչ-ինչ մարդիկ ու խմբեր տարբեր «խորհուրդներով» ու փսփսոցներով «գցել են պետության գրպանը» եւ դրա համար պետք է պատասխանատվություն կրեն: Որովհետեւ պատասխանատվության բեռը ծանր է լինելու:

- Ընկերությունը կգնա՞ միջազգային դատարան։

- Տպավորություն ունեմ, որ նպատակային դրան է տարվում։