Հայ մարդը հայ մարդուն մեկ տարուց ավել շարունակում է աննախադեպ ատել

Հայ մարդը հայ մարդուն մեկ տարուց ավել շարունակում է աննախադեպ ատել

Ձեր Ազգային ժողովն էր որակական առումով ավելի լավը, թե՞ ներկայիս՝ 7-րդ գումարման խորհրդարանը, հարցրեցինք նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանին։ Նա միանշանակ պատասխան դժվարացավ տալ՝ «երևի թե այս պահին զերծ մնամ նման գնահատական տալուց»․

«Շատ բարդ խնդիր է նման գնահատական տալը, ժամանակը ցույց կտա, քանի որ դեռևս շատ կարճ ժամանակ է անցել պարլամենտի գործունեությունից, սակայն խնդիրներ տեսնում եմ։ Տեսնում եմ, որ պառլամենտը օրենսդրական գործունեության մասով այսօր շատ լուրջ խնդիրներ ունի, մենք չենք տեսնում բարեփոխումներին միտված լուրջ օրենսդրական աշխատանքներ, որը օրենսդիրի և գործադիրի փոխգործակցության արդյունք է։ Այսինքն՝ իշխանական թիմի գործունեության մասով կա հստակ երևացող խնդիր, մնացածը արդեն ածանցյալ է։ Եթե գործող իշխանությունը հստակ ծրագիր չունի, գաղափար չունի, «իզմեր» չունի, ինչպես իրենք են հայտարարում, պառլամենտական ընդդիմությունը ի՞նչ անի։ Այսինքն՝ պետք է ծրագրերի մասին խոսակցություն գնա, որպեսզի բանավեճ լինի, իրենք էլ կարողանան իրենց տեսակետները փաստարկներով ներկայացնել։ Բախում լինի, առաջ գա ճշմարտությունը։ Ցավոք սրտի, ես դա չեմ տեսնում։ Այդքանը կարող եմ ասել այս պառլամենտի մասին»։

- Հեղափոխության պատճառների մասին խոսելիս Դուք  այդ իրադարձություններին տարբեր բնորոշումներ եք տվել, վերջինը «ատելության հեղափոխություն» ձևակերպումն էր։ Սակայն Սերժ Սարգսյանը իր հրաժարականի տեքստում ասաց, որ Փաշինյանը ճիշտ էր, ինքը սխալ։ Կուսակցության ղեկավարի այս հայտարարությունը չի՞ խանգարում Ձեզ այսօր քննադատել իշխանությանը։

- Ինչպես ասվել է, ժամանակը կգա, նախագահ Սարգսյանը այդ մասին իր կարծիքը կհայտնի և կպարզաբանի, ուղղակի ես տեսնում եմ, որ այսօրվա իրողություններում ոչ թե խոսքը գնում է սիրո, հանդուրժողականության, հեղափոխության մասին, երբ որ մի թիմը, օրինակ, իշխանության համար պայքարող, հաղթել է իշխանության մեջ գտնվող մեկ այլ թիմի, եկել է իշխանության և ինքը բոլորի իշխանությունն է, փորձում է բոլորի շահերից ելնելով, փորձում է բոլորի հետ համագործակցության եզրեր գտնել, այլ դրա փոխարեն ես տեսնում եմ ատելության հեղափոխություն՝ եղբայրը եղբոր դեմ, ազգականը՝ ազգականի, հայ մարդը՝ հայ մարդու դեմ։ Հայ մարդը հայ մարդուն մեկ տարուց ավել շարունակում է աննախադեպ ատել։ Ես 34 տարեկան եմ, և իմ 34 տարվա կյանքի ընթացքում առաջին անգամ եմ առնչվում ատելության այն դրսևորումներին, որ ամեն օր ու ամեն ժամ հանդիպում ես։ Խոսքը իմ մասին չէ, խոսքը այն դրսևորումների մասին է, որ մենք տեսնում ենք մամուլում, փողոցում, քաղաքական և քաղաքականի նման գործընթացներում։ Փոխադարձ անհանդուրժողականության այս մթնոլորտը, անընդհատ գեներացվող ատելության այս զզվելի իրավիճակից մինչև մենք երկիրը չհանենք, չփորձենք մարդկանց բարիշացնել միմյանց հետ, տեղ չենք հասնի, լավ տեղ այս ամենը չի տանելու։

- Ինչպիսի՞ն են Հայաստան-Արցախ հարաբերությունները՝ Ձեր դիտարկմամբ։

- Թուրքիան և Ադրբեջանը, որ իրենց տարիներ շարունակ տարածաշրջանում հայտարարել են մեկ ազգ՝ երկու պետություն, բայց երբեք չեն ունեցել համագործակցության այն մակարդակը, ինչ ունեցել են Երևանն ու Ստեփանակերտը, միևնույն է՝ ես չեմ հիշում, որ հետխորհրդային շրջանում՝ 1992 թվականից սկսած Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև հրապարակային մակարդակով նման հակասություն եղած լինի, ինչը եղավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, երբ որ ինքն իրեն թույլ տվեց հրապարակայնորեն Արցախի ղեկավարության հետ խոսել այդ տոնով։ Սա ես համարում եմ ամենավտանգավոր իրողությունը, որը մենք այսօր ունենք, և ինչ-որ մի ձևով՝ խնդրելով, պարտադրելով, պահանջելով կամ այլ կերպ, բայց այս հարցը լուծել է պետք։ Եթե Երևանի և Ստեփանակերտի միջև կա խնդիր, ապա որպեսզի այն ուղղաթիռն էլ չփչանա, թող ուղղաթիռ նստի, գնա Ստեփանակերտ, այդ հարցը լուծի, կամ Բակո Սահակյանը գա, կամ հեռախոսով խոսել, բայց հրապարակային մակարդակով նման ելույթները կարող են կործանարար հետևանքներ ունենալ։

- Դուք խոսում եք կործանարար հետևանքների մասին, բայց Փաշինյանն ասում է, որ ամեն բան լավ է, 100 փաստ է բերում, որ իր իշխանության ժամանակ տնտեսական աճ կա, Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները փայլուն են, իր ընտանիքը կոռուպցիայով չի զբաղվում, մարդիկ ավելի շատ են գիրք կարդում ու ամուսնանում։

- Դե դա ծիծաղելի է, ես իմ արժանապատվությունից ցածր եմ համարում այդ հայտարարությունները մեկնաբանել։ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի ինչ-որ ցուցանիշից խոսելու՝ խոսում է, ես այդտեղ ողբերգություն չեմ տեսնում։ Նշում է, որ կոռուպցիա չկա, բոլորն էլ ժամանակի ընթացքում ինչ-որ բաներ նշում են, ժամանակը ցույց կտա, թե ով ինչ արեց, ով ինչ չարեց, որը ինչ բացթողում ունեցավ։ Ամեն դեպքում կոռուպցիայի բացակայության մասին խոսելը ծիծաղելի է, կոռուպցիայի դեմ պայքարում են համակարգային եղանակով, օրենսդրական ճանապարհով, սիստեմային մոտեցում են կոռուպցիային ցուցաբերում, և իր հայտարարությունից հետո, որ Հայաստանում կա 0 կոռուպցիա, մենք ձերբակալություններ ենք տեսել՝ այդ թվում նաև քրեական գործեր՝ իր անմիջական շրջապատի մասով։ Սրանք քայլեր են կոռուպցիայի դեմ, բայց սրանք քայլեր են այն հայտարարությունից հետո, թե՝ Հայաստանում կոռուպցիա չկա։ Դա այն դաշտից է, որ Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական երկիրն է։ Հիմա ինչպե՞ս մեկնաբանես, ինչպե՞ս գնահատական տաս։ երևի ճաշակի հարց է, այդպես են ուզում այդպես են ասում։ Համենայնդեպս նույն Հանրապետական կուսակցությունում մարդկանց անուն էի տալիս՝ «օդիոզ», հիմա իրենց ընկերներն են, իրենց շրջապատն են,  դոնորներն ու պարտնյորներն են իրենց հիմնադրամների, թող իրենց հետ հարաբերվեն, որոշեն՝ կոռուպցիա կա՞, թե՞ ոչ։ Ամեն դեպքում գործող իշխանությունն է պատասխանատու արդյունքների, մարդկանց կյանքը լավացնելու համար։ Ես իրենց միայն կարող եմ հաջողություն մաղթել, իմ գործունեությամբ էլ նպաստել, որ սխալները ակնառու դառնան։