ԲԴԽ-ն կունենա առանցքային դերակատարում

ԲԴԽ-ն կունենա առանցքային դերակատարում

Հարցազրույց ԲԴԽ նախագահի ԺՊ Գեւորգ Դանիելյանի հետ։

Դատական համակարգի բարեփոխումը, որի շուրջ հրապարակային վեճեր են ընթանում, Բարձրագույն դատական խորհուրդը սկսել է իրականացնել։ Առայժմ մշակվում են բարեփոխումների հայեցակարգն ու իրավական հիմքերը։ Դրանք ներկայացվել են Բարձրագույն դատական խորհրդի եւ Եվրոպայի խորհրդի պաշտոնական պատվիրակության հետ մայիսի 31-ին կայացած հանդիպման ժամանակ։ Այդ օրը ԲԴԽ անդամները եւ Վենետիկի հանձնաժողովի, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO), Արդարադատության եւ իրավական համագործակցության վարչության, մի շարք այլ կառույցների ներկայացուցիչները խոսել են Հայաստանի դատական համակարգում առկա խնդիրների, դրանց լուծման ճանապարհների եւ այդ համատեքստում միջազգային կառույցների աջակցության մասին։ 

- Պարոն Դանիելյան, ԵԽ պատվիրակությանը Դուք ասել եք, որ աջակցում եք արդարադատության համակարգի բարեփոխման նախաձեռնությանը, որ ԲԴԽ-ն արդեն մշակել է բարեփոխումների հայեցակարգ: Ի՞նչ հայեցակարգ է: Ինչպե՞ս եք բարձրացնելու դատավորների հանդեպ վստահությունը:

- Այո, միանշանակ ընդգծել եմ, որ բարեփոխումներին, այդ թվում՝ արմատական լուծում պահանջող նախաձեռնություններին, կողմնակից եմ, ավելին՝ թերեւս, այն դիրքորոշմանը հանգեցինք, որ հենց Բարձրագույն դատական խորհուրդն է լինելու ոչ միայն բարեփոխումների իրավական հիմքերի մշակման, այլեւ դրանց իրագործման հիմնական պատասխանատուն: Դատական իշխանության անկախության երաշխավորման առաքելությունը վերապահված է Բարձրագույն դատական խորհրդին, եւ առնվազն անհասկանալի կլիներ, եթե այլ դիրքորոշում հայտնեի:

Ինչ վերաբերում է հայեցակարգին, ապա այն, լինելով իրապես համընդգրկուն եւ գիտագործնական կարեւոր փաստաթուղթ, այնուամենայնիվ, կարծում եմ, ամբողջությամբ չի արտացոլում վերջին շրջանում ձեւավորված հանրային տրամադրությունները: Իհարկե, այն տալիս է բազում կարեւոր հարցերի (ինչպիսիք են, օրինակ, գերծանրաբեռնվածության հաղթահարումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը եւ այլն) պատասխանները եւ լուծումները, սակայն ներկա փուլում օրակարգում ներառված են մի շարք հրատապ խնդիրներ, որոնց մենք եւս պատրաստվում ենք նույն հրատապությամբ արձագանքել եւ ամենայն պատասխանատվությամբ ստանձնել առանցքային դերակատարումը:

Ինչ վերաբերում է դատավորների նկատմամբ վստահությանը, ապա այն չափազանց նուրբ խնդիր է։ Նախ հարկ է հստակ պատկերացում ունենալ, թե կոնկրետ ինչպիսի վստահության աստիճան գոյություն ունի, իսկ դրա միակ անաչառ ու արհեստավարժ պատասխանը կարող են տալ միջազգային անկախ փորձագետները: Ի դեպ, երկու տարի առաջ այդպիսի ուսումնասիրություն իրականացրել են ԵԽ փորձագետները, իսկ այս տարի նույն հարցադրմամբ հստակ պայմանավորվածություն ունենք Համաշխարհային բանկի հետ: Ավելորդ չեմ համարում նկատել, որ դատարանների նկատմամբ վստահության մասին խոսելիս առնվազն անհրաժեշտ է ղեկավարվել բացառապես հիշյալ փորձագիտական ուսումնասիրության արդյունքներով, ինչը եւս դատական իշխանության անկախության բաղադրիչ է:

- Այսօր դատարանները գերծանրաբեռնված են, իսկ արդարադատության պահանջարկն օր օրի մեծանում է։ Ի՞նչ է արվելու ավելի որակյալ դատաքննություններ իրականացնելու համար։ Կա՞ն կետեր, որոնք կբարձրացնեն դատավարության արդյունավետությունը։

- Առանձնացնեմ սոսկ մի քանի ուղղություններ, որոնք արտացոլված են հիշյալ հայեցակարգում: Նախ լրջագույն քայլեր են նախապատրաստվում էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ, մեծ տեղ է հատկացվելու գրավոր ընթացակարգերին, որոնք կխնայեն կողմերի, այդ թվում՝ փաստաբանների ժամանակը, կբացառվեն մի շարք աշխատատար այնպիսի վարույթներ, որոնք ընդհանուր ոչինչ չունեն արդարադատության գործառույթի հետ եւ զուտ իներցիայի ուժով են հայտնվել դատավարական օրենսգրքերում եւ այլն: Երբ համալիր աշխատանքների արդյունքում կհստակեցվի նաեւ իրական ծանրաբեռնվածությունը, նոր միայն կանդրադառնանք դատավորների թվի հնարավոր ավելացմանը:

- Վեթթինգի պահանջ կա այսօր։ Ի՞նչ պետք է անել, Սահմանադրության փոփոխություններ ու նոր օրենքներ կպահանջվե՞ն:

- Հանրության ինքնագիտակցությունը միտված է հիրավի արդար դատաքննության իրավունք երաշխավորող դատական համակարգ ունենալուն, իսկ թե ինչ ճանապարհով դա կիրականացվի, արդեն իրավասու մարմինների խնդիրն է ու մնում է նրանց պատասխանատվության վրա: Ինչպես նկատեցի, միայն ողջունում եմ բուն բարեփոխումների գործընթացը, սակայն յուրաքանչյուր նոր գաղափար կարող է անվերապահորեն ընդունվել, եթե կմշակվեն համապատասխան չափանիշներ, կանխատեսելի կդառնա բուն գործընթացը եւ չի հանգեցնի անհարկի բացասական ցնցումների: Ես տեղյակ եմ, որ վեթթինգի համատարած կիրառումը դիտարկվում է իբրեւ խտրականության արգելքի երաշխիք, սակայն չպետք է անտեսել, որ առանց բավարար հիմքերի բոլոր դատավորներին միասնական գործընթացի մեջ ներառելը եւս խնդրահարույց է:

Ինչ վերաբերում է Սահմանադրության կամ սահմանադրական օրենքների փոփոխություններին, ապա, կարծում եմ, հարկ կլինի առնվազն վերանայել սահմանադրական օրենքների մի շարք նորմեր, իսկ սահմանադրական փոփոխությունների հրատապություն, այս խնդրի լուծման համատեքստում, չեմ տեսնում, մանավանդ որ հանգեցնելու է անտեղի ձգձգումների:

Կհորդորեի նաեւ, որ իրավագետները ձեռնպահ մնան Սահմանադրության նորմերի, հատկապես անցումային դրույթների խիստ ուրույն ու ակնհայտ հակասական մեկնաբանություններից, վերջին հաշվով՝ կան միջազգային պարտավորություններ, որոնք որեւէ կերպ չենք կարող շրջանցել Սահմանադրության անցումային դրույթների տարածական մեկնաբանությամբ:

- ԲԴԽ-դատավորներ հարաբերություններում ի՞նչ պետք է փոխվի: Կա՞ պատասխան ընդհանուր ժողովի հայտարարությանը, նրանք մեղադրում են ԲԴԽ-ին անգործության, իրենց կողքին չկանգնելու համար։ ԲԴԽ-ն ինքնաբարեփոխման ենթարկվելո՞ւ է:

- Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունն ընկալում եմ որպես հենց այդ կառույցի պաշտոնական դիրքորոշում, սակայն համոզված եմ, որ այն չի արտահայտում բոլոր դատավորների տեսակետը: Միաժամանակ, փորձում եմ համարժեք գնահատել վերջին շրջանի իրադարձությունները եւ ելակետ ընդունել այն, որ սկզբունքորեն կարող էին դատավորների մոտ ձեւավորվել նաեւ այդպիսի տրամադրություններ: Մենք փորձել ենք ծայրահեղ հավասարակշռված մոտեցում դրսեւորել՝ գերազանց հասկանալով, որ պահի տակ ընդունված զգացմունքային որոշումները չեն կարող տեւական ու կայուն ազդեցություն ունենալ: Եվ հետո, երեւույթին տրվել է միանշանակ ու հստակ գնահատական, եւ չեմ կարծում, թե իրավական ուղղվածության խոսքի ծանրակշիռ լինելը պայմանավորված է արտահայտչական հնարքներով: Մենք արդեն Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությանն արձագանքել ենք, սակայն դրանով չի սահմանափակվելու հանգուցալուծումը։ Էապես խթանելու ենք երկխոսությունները, անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձեւավորվի իրական աշխատանքային մթնոլորտ։ Մյուս կողմից՝ մենք տրամադրված ենք մեր լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, անկաշկանդ, եւ որեւէ իմպերատիվ հայտարարություն չի կարող ազդել դրանց արդյունքների վրա: